Նիկոլ Փաշինյանը «հրաժարվում է» փորձաքննության ենթարկել անորակ հռչակված հրթիռները. Ովքե՞ր մտածելու բան ունեն
2022 թվականի հունվարից դատարանում քննվող «հրթիռների գործը» լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու մասին միջնորդությունների փուլ է մտել:
Նշենք, որ այս գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք: Սակայն կալանքի տակ է միայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ինչի իրավական և քաղաքական պատճառներին անդրադառնալու առիթներ ունեցել ենք և դեռ կլինեն, ուստի կոնկրետ դեպքում շեշտը կդնենք խնդրի ռազմական բաղադրիչի վրա:
2021 թվականին՝ քրեական գործը հարուցելուց հետո, դրանով անցնող ռազմական նախկին ղեկավարությունը, բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանն առաջարկել են փորձաքննություն իրականացնել, բայց այդ ժամանակ նախաքննության մարմինն առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության՝ հրաժարվել է։ Այս առումով հիմա էլ ոչ մի փոփոխություն չկա:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում միայն հրթիռների արտաքին զննում կամ ստուգում է իրականացվել:
«Սակայն գեթ մեկ հրթիռ չի կրակվել՝ պարզելու, թե դրանք պիտանի՞ են, թե՞ ոչ: Նման փորձաքննություն չի իրականացվել»,- շեշտեց նա՝ նշելով, որ հայտնի չէ պատճառը:
Իսկ մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Ավելին, ապրիլին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշում է.
«Զննության ընթացքում դատավորի կողմից անտեսվել է իմ կողմից հայտնված մեղադրական եզրակացության մեջ նշված հրթիռների ամբողջ քանակը զննելու վերաբերյալ դիրքորոշումը: Դատավորի կողմից անտեսվել է նաև իմ կողմից ներկայացված միջնորդությունը` տեղում զննել նաև նույն խմբաքանակով ներմուծված և ԶՈՒ հաշվեկշռում լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով օգտագործման ժամկետները երկարաձգված հրթիռները և դրանք համեմատել սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված հրթիռների հետ:
Իսկ զննության արդյունքներով հօդս ցնդեցին հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները, իսկ դատավորի վերոնշյալ վերաբերմունքից կարելի է մեկ հետևություն անել. հրթիռների միայն մի մասի զննությունն էլ վերջինիս համար բավարար էր դրանց իրական վիճակի վերաբերյալ ներքին համոզմունք ձևավորելու համար»:
Տոնոյանը նաև հայտնել էր, որ դատարանի կողմից չի ապահովվել նաև փորձագետի մասնակցությունը զննության գործընթացին:
Եվ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն հետապնդելու համոզմունքը, մասնագետներին վստահելու Փաշինյանի խնդիրները, Տոնոյանն առաջարկել էր նրան հետևյալը.
«Խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ»:
Եվ քանի որ մինչ այս պահն անորակ համարվող հրթիռները պահանջված փորձաքննությունը չեն անցել, հրթիռները «չեն կրակվել», կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանն ինքն է հրաժարվում հրթիռների փորձաքննությունից, ինչով, ըստ էության, վատ դրության մեջ է դնում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որ խախտելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջը, շտապել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտության մեջ «տեղ հատկացնել» անորակ հռչակված հրթիռներին և այս գործով անցնողների ուղղությամբ մեղադրանքի սլաքն ուղղել:
Գուցե ոմանք կասեն, որ Նիկոլ Փաշինյանը չընդունելով Տոնոյանի կեսկատակ-կեսլուրջ այս առաջարկը՝ առաջին հերթին ինքն իրեն է դնում վատ դրության մեջ՝ չցանկանալով լեգիտիմացնել իր պարտությունն այս հարցում: Բայց Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ ձևով շատ հանգիստ կարող է ասել, որ մասնագետ չէ, և ինքն ի գիտություն է ընդունել այն, ինչ իրեն ասել են: Այսինքն, նրան խորհուրդ տվողները պետք է մտածեն: Նաև: Ի վերջո, այստեղ զուտ անձի խնդիր չէ, այլ բանակի հեղինակության:
Հիշեցնենք, որ 168.am-ն անդրադարձել էր Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության ռազմական հետևանքներին՝ հրթիռների գործից մինչև պլատաների գործ: Միաժամանակ, մենք ներկայացրել էինք, թե ինչպես են Փաշինյանի ռազմական մեղադրանքները հօդս ցնդում, տվյալ դեպքում՝ հրանոթի արկերի գործով անցնողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու տեղեկության համատեքստում: