«Հայկական պատվիրակությունը պետք է ցանկացած առիթ նույնպես օգտագործի հայ փախստականների խնդիրները բարձրաձայնելու համար». Անժելա Էլիբեգովա
2018 թվականին ԼՂ «Ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն ընտրվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար: Նա Միլի-մեջլիսի պատգամավոր էր ընտրվել փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Չնայած ապրիլի 27-ից լրատվամիջոցները գրում են, որ Գյանջալիևը ընտրվել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, սակայն 168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Գյանջալիևը պարզապես ընտրվել է պատվիրակության անդամ, իսկ ղեկավարը շարունակում է մնալ Սամեդ Սեյիդովը:
«Սեյիդովն Ադրբեջանի ամենափորձառու ԵԽԽՎ-ի լոբբիստներից մեկն է, ադրբեջանական խավիարային դիվանագիտության ողջ կիզակետում էր նա: Իսկ Գյանջալիևն ուղղակի պատվիրակության անդամ է, և ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլև Եվրանեսթի, այսինքն՝ այս պահի դրությամբ նա ներկայացված է լինելու առնվազն երկու միջազգային կազմակերպությունում: Սրա մասին մեր փորձագետները զգուշացնում էին դեռ կես տարի առաջ»,- ասաց Ա. Էլիբեգովան:
Նրա խոսքով՝ այս ամենից կարելի է սպասել, որ դիվանագիտական և քարոզչական դաշտում ԼՂ «ադրբեջանական համայնքը» հնարավորինս ենթարկվելու է լոբբինգի, հնարավորինս բարձրացնելու է իր և իր ղեկավարի բրենդինգը, լայնանալու է Գյանջալիևի հետ կոմունիկացիայի մեջ մտնող արտերկրի ներկայացուցիչների շրջանակը, նա բոլոր հնարավոր առիթները, հատուկ հանձնաժողովների նիստերն օգտագործելու է իր թեզերը, հակահայկական քարոզչությունն առաջ տանելու համար:
«Գյանջալիևը հնարավորինս կմեծացնի իր շփումների շրջանակը, խավիարային դիվանագիտությունը նորից գործի կդրվի, և բոլոր հնարավոր նիստերին և հանձնաժողովներին կփորձի Ադրբեջանի պաշտոնական թեզերն առաջ տանել, ընդհանուր առմամբ՝ «ադրբեջանական համայնքի» վերաբերյալ զոհի կերպար կերտել միջազգային հանրության աչքերում»,- շեշտեց ադրբեջանագետը:
Հարցին՝ ո՞րը պետք է լինի հայկական կողմի քայլը, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում, Անժելա Էլիբեգովան պատասխանեց, որ նախ և առաջ պետք է կանխվի Թուրալ Գյանջալիևի ակտիվությունը:
«Հայկական պատվիրակությունը նույնպես պետք է ցանկացած առիթ օգտագործի հայ փախստականների խնդիրները բարձրաձայնելու համար և հնարավորինս կարողանա մեկ մակարդակի վրա բերել Գյանջալիևին և մեր փախստականներին ներկայացնող համայնքի ղեկավարին: Բայց այս պահին դեռևս չունենք նման կոորդինացված որևէ կառույց, որը պատրաստված և ներկայանալի կլինի միջազգային հանրության համար: Փորձագետներն արդեն ամիսներ շարունակ ասում են, որ ծայրահեղ անհրաժեշտ է դա անելը, բայց այս պահին միջազգային հարթակներում ներկայացնելու համար մեզ անհրաժեշտ են նույնատիպ ֆակտորներ»,-եզրափակեց Անժելա Էլիբեգովան: