Բաժիններ՝

Իսկ ո՞վ գիտի, թե ինչ է տնտեսական միությունը

Սոցիալական ցանցերում և մամուլում շարունակում է քննարկվել Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարությունը։

Հիշեցնենք` Նուրսուլթան Նազարբաևը տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախագահներին նամակ է գրել և նշել, որ Հայաստանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանն այնպես, ինչպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանն է անդամակցել, այսինքն` ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, առանց Լեռնային Ղարաբաղի:

Դա նշանակում է, որ այդ դեպքում պետք է մաքսակետ լինի Հայաստանի և ԼՂ-ի միջև։ Հիշեցնենք նաև, որ Նազարբաևն առաջարկեց «Ադրբեջանում իրենց ընկերոջը չնեղացնելու» համար քննարկել այդ հարցը մինչև հուլիսի 1-ը և հարցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` պայմանավորվեցի՞նք։ Սոցցանցերում քննարկվում է նաև ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի ռեակցիան այդ հայտարարությանը, նրա զարմանքը, հետո` նաև լռությունը կամ լուռ համաձայնությունը` Նազարբաևի առաջարկին։ Սակայն ամենազարմանալին այն զուգահեռներն են, որոնք անցկացվում են Մաքսային միության և, ասենք, Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև։

Օրինակ, տեսակետներ են հնչում, որ Նազարբաևի հայտարարությանը հետևած աժիոտաժն անհասկանալի է, և ինչո՞ւ նման աժիոտաժ չէր առաջանում այն ժամանակ, երբ ՀՀ-ն առանց ԼՂ-ի անդամակցում էր ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին կամ նույն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։

Հետևելով նման տեսակետներին` տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ քննարկում ու կարծիքներ են հայտնում` առանց պատկերացնելու` ի՞նչ է մաքսային միությունը և ի՞նչ է տնտեսական միությունը։ Խոսքը ոչ միայն Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության (արդեն` տնտեսական միության) մասին է, այլ ընդհանրապես` մաքսային/տնտեսական միություն գաղափարի։

Ընդհանրապես, տնտեսական ինտեգրացիայի առաջին մակարդակն ազատ առևտրի գոտին է։ Այն ենթադրում է փոխադարձ պայմանավորվածություն, որ երկրների միջև չեն լինելու տարիֆային և քանակական սահմանափակումներ։ ՌԴ-ի հետ Հայաստանն աշխատում է այդ ռեժիմով` չկան մաքսատուրքեր և սահմանափակումներ։ Մնացած բոլոր հարցերում` մաքսային օրենսդրության, վարչարարության, երրորդ կողմի հետ հարաբերությունների առումով երկիրը սահմանափակումներ չունի։ Այն ինքնուրույն է` իր արտաքին տնտեսական քաղաքականությունը որոշելու հարցում։

Երկրորդ փուլը մաքսային միությունն է։ Այն իրենից ներկայացնում է երկու կամ ավելի երկրների համաձայնություն` մաքսատուրքերն ու մաքսային վերահսկողությունը վերացնելու մասին։ Այն հանդիսանում է, այսպես ասած, երրորդ երկրների նկատմամբ պրոտեկցիոնիզմի ձև։ Գործում են ընդհանուր օրենքներ և վարչարարություն երրորդ երկրների հետ առևտրային հարաբերություններում։

Այսինքն` մաքսային միությունը երկրին զրկում է տնտեսական ինքնուրույնությունից արտաքին առևտրի կարգավորման հարցերում։ Ստեղծվում են միջպետական մարմիններ, որոնք համակարգում են արտաքին առևտրային ընդհանուր քաղաքականությունը։

Կարճ ասած` մաքսային միությունը նշանակում է` տնտեսական ինքնուրույնության մասնակի կորուստ։ Եվ կա տնտեսական համագործակցության հաջորդ` ավելի խորը փուլը` տնտեսական միություն։ Դա միջպետական համաձայնություն է երկրների միջև, որը թույլատրում է կապիտալի, աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ շրջանառություն։ Տնտեսական միությունը ենթադրում է նաև սոցիալական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցում։ Ավելի պարզ ասած` տնտեսական միությունը նշանակում է, որ երկիրը տնտեսական առումով գրեթե կորցնում է իր անկախությունը։

Հիմա ամենակարևորը։ Հայաստանը ցանկանում է անդամակցել ոչ թե մաքսային միության, այլ տնտեսական միության, թեպետ շատերս իներցիայով շարունակում ենք օգտագործել «մաքսային միություն» արտահայտությունը։ Մաքսային և տնտեսական միության նպատակը, ինչպես նշվեց, պրոտեկցիոնիզմն է։ Այսինքն` կոլեկտիվ պաշտպանությունը երրորդ երկրների ներմուծողներից։ Այդ իսկ պատճառով, համաձայնությունից բացի, ստեղծվում են վերահսկողության մեխանիզմներ։ Մասնավորապես` մաքսակետեր երրորդ երկրների հետ սահմանին։

Կարծում ենք` այսքանը բավարար է` հասկանալու համար, որ Մաքսային միությունը կամ Տնտեսական միությունը չի կարելի համեմատել Առևտրի համաշխարհային կազմակերպության կամ, առավելևս, ՄԱԿ-ի ու այլ կառույցների հետ։ Դա նույն բանն է, եթե կուսակցության անդամությունը համեմատենք, ասենք, սիրողական էլեկտրիկների խմբակ հաճախելու հետ։ Կոնկրետ ԱՀԿ-ին անդամակցում են շուրջ 160 երկրներ, և այս կազմակերպության նպատակը ոչ թե պրոտեկցիոնիզմն է, այլ հակառակը` ազատ առևտրի տարածումը։

ԱՀԿ-ին անդամակցելու դեպքում, մեծ հաշվով, էական չէր, թե Հայաստանն ինչ սահմաններով է անդամակցել։ Եթե խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ԼՂ արտադրության ապրանքները ԱՀԿ անդամ երկրներ դուրս գալու հարցում խնդիր չունեն։ Պարզապես պիտակի վրա գրվում է` Made in Armenia: ԱՀԿ-ն մաքսակետ դնելու և այդ հարցը վերահսկողության տակ պահելու խնդիր չունի։

Փաստն այն է, որ Հայաստանն ԱՀԿ անդամ է, և մաքսակետ` Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև գոյություն չունի։

Իսկ ի՞նչ կլինի Եվրասիական միության դեպքում, եթե ֆիքսվեն միայն Հայաստանի սահմանները` առանց ԼՂՀ-ի։ Այդ դեպքում պարտադիր կլինի մաքսակետի առկայությունը։ Իսկ դա արդեն լուրջ հարված է` ոչ միայն տնտեսական, այլ առաջին հերթին` քաղաքական իմաստով։ Այս վտանգը գիտակցում են մեր պաշտոնյաներն ու հայտարարում, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ լինել չի կարող։ Երեկ «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մաքսային սահմանի վերաբերյալ, անփոփոխ է (թե ինչո՞ւ այդ մասին Աստանայում հրապարակային չհայտարարվեց, այլ հարց է): Որոշ մարդիկ տեսակետ են հայտնում, որ նեղսրտել պետք չէ։

Նրանք համոզված են. եթե անգամ Հայաստանի սահմանները Եվրասիական տնտեսական միություն մտնելիս ֆիքսվեն առանց Լեռնային Ղարաբաղի` մաքսակետ չի լինի։ Հնչում է տիպիկ հայկական այս հիմնավորումը` ո՞վ է ստուգելու։ Իրականում այդ տնավարի, անզգույշ մոտեցումը կարող է թանկ արժենալ։ Իսկ ո՞վ կարող է բացառել, որ Ալիևը նույնատիպ նամակ չի գրի Նազարբաևին, Նազարբաևն էլ այն չի ընթերցի նախագահների և լրագրողների ներկայությամբ ու չի պահանջի ստուգել մաքսակետի առկայությունը։ Անգամ չի բացառվում, որ մաքսակետում աշխատեն նաև ազգությամբ բելառուս, ռուս ու ղազախ մաքսավորներ։

Սա ընդամենը ենթադրություն է, որը, հույս ունենք, երբեք իրականություն չի դառնա։ Սակայն Նազարբաևն այդ մասին խոսում էր, խոսում էր հրապարակային, և այդ խոսքերին չանդրադառնալն ու չնկատելու տալը, չարձագանքելն ավելի սխալ է, քան անգամ ամենահոռետեսական սցենարներ առաջ քաշելը։

Ի վերջո, թշնամուց և թշնամու բարեկամից պետք է սպասել ամեն տեսակի անակնկալների։ Ինչը հերթական անգամ ապացուցվեց Աստանայում, երբ անակնկալի եկավ անգամ երկրի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս