Նազարբաևը պարզապես փորձեց երկիմաստ ձևով հասկացնել, որ չի ուզում տխրեցնել Ալիևին

Հարցազրույց Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ

– Պարոն Կալաչով, ինչպե՞ս եք գնահատում Աստանայում տեղի ունեցածը` Հայաստանը չդարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ, թեև ներկա բոլոր նախագահները նշեցին, որ համաձայնեցման ենթակա հարցերը միայն տեխնիկական են, և էական խնդիրներ չկան: Անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ Հայաստանն ամբողջովին իրականացրել է Ճանապարհային քարտեզը:

– Ամբողջ խնդիրն այն էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բարձրացրեց Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարցը, իսկ ինտեգրացիոն կառույցին անդամակցելու դեպքում բաց է մնում Ղարաբաղի խնդիրը: Լեռնային Ղարաբաղի հարցով ռուսական փորձագետներն արդեն կարծիքներ են արտահայտել, որ հայկական միասնական տնտեսական տարածքը չի կարող խնդիրներ հարուցել, եթե որոշ հարցերի վրա աչք փակենք:

Օրինակ, պայմանականորեն ասած, եթե Ղարաբաղի ապրանքները ներկայացվեն` որպես ՀՀ արտադրանք, և ոչ թե ապրանքներ, որոնք արտադրվել են չճանաչված անկախ պետությունում: Ես կարծում եմ, որ Նազարբաևը պարզապես փորձեց երկիմաստ ձևով հասկացնել, որ չի ուզում տխրեցնել Ալիևին և Ադրբեջանին ու միայն տեխնիկական հարց է ծագում, որը կապված է Հայաստանի ու Ղարաբաղի միասնական տնտեսական տարածքի հետ: Ես կարծում եմ, որ դա լուծելի հարց է, եթե, իհարկե, արհեստական խնդիրներ չհրահրվեն և վեր չհանվեն բոլոր այն հարցերը, որոնք կարող են մտահոգել ադրբեջանական կողմին: Օրինակ՝ Մոսկվայում վաճառվում է գինի «Արցախ», և ընդհանրապես կան «Արցախ» անվանումը կրող տարբեր ապրանքներ, որոնք, իհարկե, Ադրբեջանին շատ լուրջ անհանգստացնում են:

Կասկած չկա, որ միության բոլոր անդամները ցանկանում են Հայաստանին տեսնել նոր կառույցի կազմում, բայց ոչ բոլորովին Ադրբեջանի հետ հարաբերությունների վատացման գնով: Եվ այդ առումով այժմ հարցն այն է, թե ինչ կառաջարկի, ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանը` խնդիրը շրջանցելու համար: Եթե Հայաստանը գտնի նորմալ բացատրություն, հիմնավորում, որ «և՛ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլերը կուշտ լինեն», ապա խնդիրներ չեն առաջանա:

Իսկ եթե փորձեր արվեն Ադրբեջանին «բզբզելու», ապա կարող են խնդիրներ ծագել: Իհարկե, այդ խնդիրները չեն վերաբերի Ռուսաստանին, դրանք կվերաբերեն Ղազախստանին, մասամբ` Բելառուսին: Իրականում ամեն ինչ շատ պարզ է` պետք է որոշակի խորամանկություն դրսևորել և Ղարաբաղում արտադրված ապրանքները մակնիշել Հայաստանում և այդպես լուծել խնդիրը: Չէ՞ որ ոչ մեկը չի գալու և ստուգելու: Խնդիրը մի քիչ ավելի բարդ է և խորը: Հայ հասարակական հանրության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Հայաստանն ու Ղարաբաղը միասնական տնտեսական գոտի են, բայց անհրաժեշտ է գտնել այն ձևակերպումները, որոնք կբավարարեն բոլոր երեք երկրներին` Ղազախստանին, Ռուսաստանին և Բելառուսին: Մեծ հաշվով, Ռուսաստանն այդպես էլ է պատրաստ, մնում է Ղազախստանի ու Բելառուսի հարցը լուծել: Այստեղ խորամանկության ինչ-որ տարրերի կիրառումը կողջունվի, քանի որ ակնհայտ է լիովին, որ Ռուսաստանի համար, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են մի շարք պատճառներով: Եվ Ռուսաստանի համար կարևոր է չփչացնել հարաբերությունները: Այնպես որ, ես կարծում եմ, որ Հայաստանը ցանկալի անդամ է միության կազմում, բայց կարելի է այդ գործն այնպես գլուխ բերել, որպեսզի ավելորդ անգամ չսրվեն Ղարաբաղի հարցի հետ կապված խնդիրները:

– Նշեցիք, որ Նազարբաևի կողմից պայմանների առաջքաշումը որոշակի ընկերական քայլ էր Ալիևի հանդեպ: Ի՞նչ եք կարծում, Նազարբաևն առաջիկայում կշարունակի՞ պնդել իր դիրքորոշումը և պաշտպանել Ադրբեջանի շահը:

– Նազարբաևի համար, իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան Ադրբեջանի հետ հարաբերությունները, բայց պետք է հասկանալ, որ խոսքը գնում է որոշակի ազգայնական կապի մասին, և ղազախների համար ադրբեջանցիներն ավելի մոտ են, կրոնական գործոնը կա, որոշակի էթնիկական պահեր կան: Սա բարդ խաղ է, որում, ամեն դեպքում, կան գերակա շահեր, դոմինանտ գործոններ՝ Ղազախստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց միաժամանակ Նազարբաևը պետք է պահպանի իր դեմքը «եղբայրների» մոտ, և նա պատրաստ չէ ամբողջովին ենթարկվել ու շարժվել Ռուսաստանի որդեգրած քաղաքականությանը համահունչ, ինչպես պատրաստ չէ այդ կերպ վարվել նաև Լուկաշենկոն:

Ամեն դեպքում, ինքնավար պետություններ են: Ինչևէ, կարծում եմ, կարիք չկա առաջին պլան մղել հայկական ընդհանուր տնտեսական գոտու գործոնը: Հարկավոր է դուրս գալ պրովոկացիաներից: Միաժամանակ, երբ որոշ մեկնաբաններ հայտարարում են, թե դա հեշտ լուծելի հարց է, ուղղակի պետք է գրել՝ «Արտադրված է Հայաստանում», բայց ադրբեջանցիներն էլ են դա կարդում, իսկ կրակի վրա հավելյալ յուղ լցնելու կարիք չկա: Կարծում եմ` թեման պարզ է` Հայաստանը սպասելի և ողջունելի գործընկեր է, բայց Հայաստանը պետք է Ղարաբաղի թեմայով բոլոր հարցերի պատասխաններն ունենա, այդ թվում` ոչ միայն կոմպլեմենտար բնույթի հարցերի, այլ նաև պատասխաններ ունենա ոչ շատ հաճելի հարցերի համար:

– Մինչ այժմ ինտեգրացիոն հարցերով վերջին խոսքը, կարծես, պատկանում է Վլադիմիր Պուտինին:

– Այո, ես կարծում եմ, որ հասկանալի է, որ ո՛չ Նազարբաևը, ո՛չ Լուկաշենկոն չեն ցանկանում վիճել Պուտինի հետ, և վերջին խոսքը Ռուսաստանինն է, բայց ավելի լավ է թույլ չտալ որևէ բացթողում և չհարուցել հակասություններ: Բայց եթե ստիպված լինեն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կկարողանա անհրաժեշտ որոշումները պարտադրել միության մյուս անդամներին:

– Դուք նախկինում տեսակետ էիք հայտնել, որ այժմ Ռուսաստանին դժվար կլինի հակադրվել, եթե Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ, քանի որ Ղրիմի նախադեպը կա: Ինչո՞ւ Նազարբաևի մտքով չանցավ բարձրացնել Ղրիմի հարցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Խնդիրն այն է, որ բոլորը համաձայնել են, որ Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մաս է: Փաստացի, Բելառուսն ու Ղազախստանը, ստորագրելով այս պայմանագիրը, ընդունում են, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է: Բայց Ռուսաստան-Ղրիմ և Հայաստան-Ղարաբաղ լրիվ տարբեր պատմություններ են, քանի որ դե յուրե գոյություն ունի անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ Ղրիմն անկախ պետություն չէ և ներկայումս Ռուսաստանի տարածք է: Դրա համար այդ հարցերն այնքան էլ համեմատելի չեն: Հայաստանի դեպքում միասնական հայկական պետություն դեռ չի ստեղծվել:

Իրականում, դա հիմք է և իրավունք է տալիս Նազարբաևին հարցեր տալ չճանաչված պետության վերաբերյալ: Ես չեմ խոսում, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու որոշմամբ Ղարաբաղի հետ ֆորմալ բաժանումը կճանաչվի, բայց Ռուսաստանն ավելի հեռուն է գնացել, քան Հայաստանը, և Ռուսաստանը կարևոր քայլ է արել: Այս պարագայում Ռուսաստանը հանում է Ղրիմի հարցը: Բոլոր խնդիրները քննարկվում են այն տեսանկյունից, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է: Իսկ Բելառուսի և Ղազախստանի համար կորցնել այնպիսի գործընկեր, ինչպիսին Ռուսաստանն է, հասկանալի է, դա շատ բացասական հետևանքներ կունենա: Դրա համար նրանք դե ֆակտո ընդունել են, որ վիճելի հարցեր չկան: Պարզապես Ղրիմում արտադրված ապրանքները մակնշվելու են՝ «Արտադրված է Ռուսաստանում», և կվաճառվեն և՛ Բելառուսում, և՛ Ղազախստանում, և ոչ մեկն այդ հարցով չի ընդվզի:

– Եվ կարևոր չէ՞, որ Արևմուտքը, այնուամենայնիվ, չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք, ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկությունը ևս ամենևին չէր վկայում այդ ճանաչման մասին:

– Չէ, Բելառուսը փորձում է մանևրել, Լուկաշենկոն շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հայտարարել է, որ ինքը միասնական Ուկրաինայի կողմնակից է, բայց միանգամից երկու աթոռի նստել չի կարելի և չի կարելի ամեն տեղ միայն շահ ունենալ: Իհարկե, Բելառուսի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն անհամեմատ կարևոր են: Ղազախստանի նախագահը ևս փորձում է մանևրել, Նազարբաևի համար կարևոր են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, և այլն, բայց նրա համար ավելի կարևոր են Ռուսաստանն ու Չինաստանը: Բելառուսում և Ղազախստանում կա նաև հասարակական կարծիք, որ հանրության մեծ մասը կասի, որ, այո, Ղրիմը Ռուսաստանի մաս է:

Միաժամանակ, Ղազախստանը խնդիր ունի Ռուսաստանի հետ, չէ՞ որ կա Հյուսիսային Ղազախստանի տարածքը, որտեղ մեծամասնությունը ռուսախոս բնակչություն է, և Ղազախստանի համար ավելի կարևոր է իր տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: Ղազախստանը չունի այնպիսի զինուժ, որ պաշտպանի այդ տարածքները: Ղազախստանն իր սահմանները պաշտպանում է միջազգային համաձայնագրերի հիման վրա, այդ թվում` Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերի:

Տեսանյութեր

Լրահոս