«Փախչում էինք կրակից, մահից, ոչինչ չգիտեինք մեր հարազատների մասին»

Անգին Գասպարյանը 70 տարեկան է: Ապրում է Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում`մինուճար որդու, հարսի, թոռան հետ: Միայն ինքը չէ: Այստեղ են նաեւ Հին Կարմիրավանի բնակիչների մի մասը, որոնց բռնագաղթից հետո հավաքեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը:

«Մենակ դժվար կլիներ»,- ասում է յոթանասունամյա կինը, ում կյանքը մասնատել է պատերազմը:

Տիկին Անգինը ծնվել է պատերազմի օրերին` Մեծ Հայրենականի: Ծնվել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղում, բանվորի ընտանիքում, որտեղ ութ երեխաներ էին մեծանում`մեկ տղա եւ յոթ դուստր:

Մայիսին է ծնվել ժպտերես տատիկը: Մայիսը նաեւ հաղթանակների ամիս է, բայց կարմիրավանցիների համար այն նաեւ ողբերգական է:

1991թ. մայիսի 15-ին անձնագրային ռեժիմի պատրվակով ադրբեջանցիները խորհրդային բանակի օգնությամբ մտան Կարմիրավան, կալանավորեցին գյուղի 15 բնակիչներին:

Մեկ տարի գյուղն ապրեց սպասման ու տագնապի մեջ: Պատանդները վերադարձան մեկ-մեկ, վերջինը 1992 թ. ապրիլի 15-ին: Օր-օրի սրվում էր իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Գյուղի ներքեւի մասում հինգ հենակետ էին տեղադրել: Կրակոցների ու ռմբագործության տակ էր կատարվում ամեն մի աշխատանք, սկսած հաց պատրաստելուց մինչեւ հող մշակելը: Կանանց ու երեխաներին հեռացրել էին գյուղից, մնացել էին տղամարդիկ եւ երեք կանայք, ովքեր հոգ էին տանում եւ նրանց մասին, եւ տնտեսության:

«Մայիսի 15–ին հրամանատար Գալստյան Յաշան եկավ ու կանանց ասաց. «Պիտի գյուղը թողնեք դուրս գաք, եթե ազերիները մտնեն գյուղ, ապա մենք ստիպված պիտի ձեզ սպանենք»: Մեր մեջ նաեւ հրամանատարի մայրն էր: Հասկացանք, որ դրությունն իրոք շատ ծանր է»։

Այդպես թողեցին հայրենի եզերքը: Հունիսի 3-ին գյուղն ընկավ: Հետո նորից գրավվեց: Բայց ուժերն անհավասար էին:

«Կներեք, կցկտուր եմ պատմում: Այնքան բան կատարվեց մի քանի ամսվա մեջ. մի ամբողջ կյանք: Հիմա ամեն ինչ հանգիստ է ընթանում, օրերը նման են իրար: Գիտես ինչ կա այսօր, ինչ կլինի վաղը: Իսկ այն ժամանակ… փախչում էինք կրակից, մահից, ոչինչ չգիտեինք մեր հարազատների մասին»:

Բռնատեղահանվածի ոդիսականը Գասպարյաններին տարավ Ավշար: 1994-ին վերադարձան Մարտակերտ: Հին Կարմիրավանի դռներն առայսօր փակ են: Հիմնադրվեց Նոր Կարմիրավանը: Տիկին Անգինը մատների վրա է հաշվում նրանց, ովքեր բույն հյուսեցին նոր գյուղում: Ինչու մյուսները չեկան` չգիտի: Այստեղ կյանքը հեշտ չէ: Նոր տուն , նոր տեղ: Կարոտ:

«Տունն, այո, պետությունը տվեց: Բայց դե միայն տնով չէ: Գյուղում ապրողը պիտի աշխատի»:

«Ավելի լավ կլիներ, եթե մարդկանց ձեռքին փող լիներ: Իսկ փողը քիչ է, քանի որ աշխատանք չկա: Չէ, ցանկացողը գործ կգտնի»:

Իրենք օրինակ խանութով չեն բավարարվում: Անասուն են պահում, այգի, բանջարանոց ունեն: Հիմա ինքն այստեղ է, հաճախորդներին է սպասարկում, բժշկուհի հարսը դաշտ է գնացել՝ անասունների հետեւից: Առանց դրա հնարավոր չէ:

«Երիտասարդների համար է դժվար: Չեն հարմարվում: Գյուղից դուրս լավ կյանք են տեսնում, մտածում են, ամեն ինչ հեշտությամբ է տրվում, աշխատելու փոխարեն` երազելով են ապրում: Գյուղացու գործ անել չեն ուզում:

Բայց աշխատողներ էլ կան: Ուրիշների մոտ են բանում: Ցավոք, անխիղճ գործատուներ կան: Քիչ են վճարում, խաբում են, ուշացնում աշխատանքի վարձը: Գյուղացին էլ խեղճ է, չգիտի ինչ անի: Հետեւանքն այն է, որ պարտքացուցակի տետրն է հաստանում»,-ասում է նա՝ միաժամանակ նաեւ հաճախորդներին սպասարկում:

Մեկը փող է տալիս նախկինում կատարած գնումների դիմաց, մյուսը՝ նորից ապրանք վերցնում: «Առանց վստահության, մեկը մյուսին հավատալու ո՞նց կլինի»,- ասում է կինը:

Պատերազմը վերջացե՞լ է:

«Չէ, բայց կռիվ չի լինի»,- ասում է համոզված: «Գիշերը սահմանից այնկողմ այնքան լույսեր կան: Երեւում է մեծ-մեծ բնակավայրեր է կառուցել Ալիեւի տղան: Նա հո հիմար չէ: Պատերազմ սկսեց` այդ ամենը կկորցնի: Նորից ավերն ում է պետք»:

«Ես սրանց ջանին մեռնեմ»,- գորովանքով դիմավորում է զինվորներին, որ եկել են առեւտրի: Անուն ազգանուն է տալիս. «Կասեք ծանրոց ունի, գա տանի»: Հետո բացատրում է` «Արդեն վեց տարի ծնողները զինվորների համար ծանրոց ուղարկելիս ինձ մոտ են թողնում, վստահում են, ես էլ էս տղաներին եմ վստահում: Երբեմն փող են խնդրում, կամ ծխախոտ են գնում, չեն վճարում: Ծառայությունն ավարտում են` գնում, ամիսներ անց պարտքը վերադարձնում: Կյանք է, ինչքան էլ դժվարություններ լինեն մարդը մնում է մարդ»:

«Պատերազմում էլ այդպես է: Մարդը մարդ է, ազգությունն ինչ կապ ունի: Քրոջս ընտանիքը 1988-ին փախավ Սումգայիթից: Եկան Չայլու: 1992-ին էլ Չայլուից փախան, մարդ ու կին, երեք երեխաներով: Ավագը 15 տարեկան էր: Շուշին անցան, դեպի Հայաստան էին գնում: Ճանպարհով անցնելու համար փող պահանջեցին: Մեր հայերը:

Փախստականներին` փող որտեղից: Փախստականներից մեկն առաջարկեց շրջանցել ճանապարհը: Գնացին, հանդիպեցին մեկ այլ խմբի: Հայերեն էին խոսում, բայց պարզվեց`ադրբեջանցի են: Կրակել են, շատերին սպանել, զոհվեց փեսան, քույրը վիրավորվեց, վիրավորվեց նաեւ փոքր երեխան, կենդանի մնացածները գերվեցին:

Հրա՞շք էր: Ադրբեջանցիներից մեկը Սումգայիթից էր: Ճանաչեց երեխաներին: Բաց թողեցին, երեք տարեց կանանց հետ, որպեսզի իրենց պահանջները փոխանցեն հայերին: Երեխաները ճանապարհը գտան, դուրս եկան հայ զինվորների մոտ:

Հետո մարտ եղավ, ու սումգայիթցի հարեւանը զոհվեց այդ մարտում: Քրոջ դիակը գտան: Ամուսնունը`ոչ: Գորիսի Հարթաշեն գյուղում է թաղված: Իսկ երեխաները հասան Ռուսաստան: Փոքրին այնտեղ սպանեցին՝ մի քանի խնձորի համար: Մի՞թե դրա համար սպանում են»:

Կինը սրբում է արցունքոտ աչքերը: «Բան չեմ ուզում: Միայն խաղաղություն: Դա է կարեւորը: Դժվարությունները կհաղթահարվեն: 1945 թվի պատերազմից հետո ինչպե՞ս էր: Կիսասոված էինք: Տունը տանիք ու հատակ չուներ: Հայրս չարչարվեց:

Երկհարկանի շքեղ տուն կառուցեց: Ամուսինս էլ մեզ համար նոր տուն կառուցեց: Ամեն ինչ թողել ենք այնտեղ, հին Կարմիրավանում: Մեր գյուղը շատ հարուստ գյուղ էր: Համերաշխ: Հիմա նորից ենք կառուցում: Խաղաղություն լինի, ամեն ինչի կհասնենք»:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս