Երևանը Բաքվին նոր առաջա՞րկ է անում. Ի՞նչ կապ ունի Բայդենի վարչակարգը Երևանի դիրքորոշման փոփոխության հետ

ՀՀ իշխանություններն ամիսներ շարունակ հայտարարելով, թե պատրաստ են արդեն իսկ համաձայնեցված բովանդակությամբ ստորագրել Երևան-Բաքու համաձայնագիրը, այսօր հայտարարում են, թե մնացած կետերը համաձայնեցնելու հնարավորություն են տեսնում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն է տեսնում։

Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավորություն կա՞ ամբողջությամբ համաձայնեցնել չհամաձայնեցված կետերը՝ փաստաթուղթը ստորագրելու համար, նա պատասխանել է. «Մենք նման հնարավորություններ տեսնում ենք»։

Հարությունյանը մանրամասներ չի հայտնել Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումից, սակայն նշել է, որ բոլոր նման հանդիպումները դրական են գնահատում երկխոսության առումով։ «Վստահաբար միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացները, որոնք նախաձեռնվել են, և խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դառնա։ Կարծում եմ՝ նման շփումներն օգուտ տալիս են»,- հավելել է նա։

Հոկտեմբերի 24-ին Կազանում մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ Որևէ առաջընթացի մասին կողմերը չեն հաղորդել։

Կարդացեք նաև

Երևանն ու Բաքուն, տևական ժամանակ է՝ հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները՝ 16 կետ, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ։ Փաշինյանի այս առաջարկը, սակայն, Բաքուն մերժում է՝ նշելով, որ համաձայնագիր կստորագրի միայն բոլոր հարցերը համաձայնեցնելուց հետո։

Փաստորեն Փաշինյանի իշխանությունը փոխում է, այսպես ասած՝ մարտավարությունը՝ հրաժարվելով իր առաջարկից, որը համաձայնեցված էր Արևմուտքի հետ, և ընդունում է Ադրբեջանի առաջարկը։ Սա, թերևս, կապ ունի հոկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերի՝ Երևան կատարած այցի հետ, որի ընթացքում Փաշինյանին փոխանցվեց Բայդենի նամակ-առաջարկը՝ նպաստել բանակցություններին և վերջնականացնել Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրը։ «Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»,- Փաշինյանին գրել էր Ջո Բայդենը։

Ի տարբերություն ռուսական միջնորդական առաջարկների, որոնք Փաշինյանի իշխանությունը մերժում է, ամերիկյան բոլոր առաջարկների նկատմամբ Փաշինյանի իշխանությունը շատ ընկալունակ և արձագանքող է։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս կովկասագետ, արևելագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ամենայն հավանականությամբ դա Երևանի կողմից դիրքորոշման փոփոխություն է, հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն ուներ Ադրբեջանը, ինչի հետևանքով գործընթացը փակուղի էր մտել։ Սակայն նա շեշտեց, որ իրավիճակը ստեղծվել էր Արևմուտքում բանակցությունների ընթացքում, երբ Երևանը, ըստ ամենայնի, իր բոլոր քայլերն ու առաջարկները համաձայնեցնում էր Արևմուտքի հետ կամ գոնե անում էր այնպես, ինչը չէր հակասում Արևմուտքի շահերին ու դիրքորոշումներին։

«Բայց ստացվեց այնպես, որ Արրևմուտքի հետ համաձայնեցված գործընթացը չհաջողվեց մոտեցնել տրամաբանական ավարտին, ինչը նաև Արևմուտքի պատասխանատվությունն է, որն իրեն դիրքավորում է՝ որպես միջնորդ։ Եվ հիմա, նկատելով, որ գործընթացը չի հաջողվում, Ադրբեջանը կարծր հետապնդում է իր դիրքորոշումները, Ադրբեջանի ու Հայաստանի միջև իրավիճակը ոչ թե բալանսավորվում է, այլ Երևանը հրաժարվում է իր առաջարկից ու ընդունում է Ադրբեջանի պայմանը։ Սա տեղի է ունենում ԱՄՆ նախագահի հրապարակային առաջարկից հետո՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը 2-3 ամիս առաջ լրիվությամբ այլ բան էր առաջարկում, ըստ էությամբ, սխալ գնահատելով ռեգիոնալ իրավիճակը»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, ԱՄՆ Պետքարտուղարությունը շատ լավ տեղյակ է, թե կողմերը որ կետերի շուրջ համաձայնության չեն եկել, և Բայդենի նամակ-առաջարկը վստահաբար պարունակում է այլ նրբություններ ու առաջարկներ ևս, որոնք, ելնելով գործընթացի գաղտնիությունից, հրապարակային չեն։

«Երևանը փոխում է իր դիրքորոշումը, սակայն ամեն բան այստեղ միանշանակ չէ, քանի որ վերջին շրջանում իրենց քաղաքականությունն Անդրկովկասում փոխել են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, ինչը, ինչպես տեսնում ենք, Երևանին այլ ելք չի թողնում, քան համագործակցել ռեգիոնալ հարթությունում, քանի որ, բացի այս ամենը, Արևմուտքին չի հաջողվում արդյունքներ ապահովել, չնայած Երևանի ակնկալիքներին։ Նախ՝ Ռուսաստանն է սկսել օգոստոսից իր առաջարկներն անել, Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են հեռավորություն պահպանել Արևմուտքից և անդամակցության խնդրանքով դիմել են ԲՐԻԿՍ-ին։

Ադրբեջանն ընդհանրապես լուրջ խնդիրներ է տեսնում Արևմուտքում բանակցությունները շարունակելու հարցում, ուստի բարդ իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ ԱՄՆ-ը վճառական է իր առաջարկներով, Երևանը կցանկանար ընթանալ այդ օրակարգով, սակայն Ադրբեջանն ու ռեգիոնալ մյուս երկրներն ընդդիմանում են սրան։ Այս փուլում աշխարհաքաղաքական մրցակցության կետը սա է, որը բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ է գցել հենց Երևանին, որը չի կողմնորոշվում, թե որ կողմում փնտրի իրավիճակի հանգուցալուծումն այսքան զարգացումներից հետո»,- պարզաբանեց Տարասովը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ բարդ աշխարհաքաղաքական դասավորություն է առկա Երևանի շուրջ, պայմանավորված ռեգիոնի նկատմամբ Արևմուտք-Արևելք աճող հետաքրքրությամբ ու ազդեցություն հաստատելու ցանկությամբ։

Նրա խոսքով, պատահական չէ, որ հենց այս փուլում է ստեղծվել նման իրավիճակ, երբ կողմերը պատրաստվում էին համաձայնագիր ստորագրել։

«Այս համաձայնագիրը ստորագրելը և ռեգիոնալ կարևոր որոշումների հովանավորը դառնալու ցանկություն ունեն թե Արևմուտքում, թե Ռուսաստանում, քանի որ այդ ցանկության իրագործումը նրանց կապահովի հետագայում ռեգիոնալ ազդեցությամբ բացվելիք տարածաշրջանային կոմունիկացիաների և փոխադրումների նկատմամբ։ Սա, ըստ էության, բոլորին ամենաշատ հետաքրքրող հարցն է, սակայն մինչ դա, իհարկե, հարկավոր է, որ կողմերը կարողանան համաձայնության գալ վերջին մի քանի ամենաբարդ հարցերի շուրջ»,- ասաց Սիմոնովը։

Նա արձանագրեց, որ միջնորդները ցանկանում են, որ համաձայնագիր կնքվի, սակայն բուն բանակցության առարկային կարծես չեն միջամտում։ «Եվ այստեղ խնդիրն այն է, որ միջնորդության նախկին գործառույթն այլևս չկա, միջնորդները սովորաբար ունեցել են հավասարակշռող դերակատարություն, սակայն նույնիսկ դա այսօր չի աշխատում ռեգիոնալ բալանսի խորը խախտման հետևանքով, երբ նույնիսկ միջնորդի առկայությունը բալանսի թեկուզ որոշակի վերականգնում չի ապահովում։ Սա, իհարկե, մարտահրավեր է, որը լուծվում է ռազմաքաղաքական բալանսի վերականգնմամբ հակամարտող երկրներում»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս