
Թբիլիսիի օդանավակայանում հայտնաբերվել է չհայտարարագրված ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ Թբիլիսիի օդանավակայանում երկու ուղևորի ձեռքի ուղեբեռում հայտնաբերվել է ավելի քան 1 կգ ոսկե ձուլակտոր և մետաղադրամ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 431 հազար 65 լարի։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, Ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչության ավիացիոն անվտանգության բաժնի աշխատակիցների հետ համատեղ անցկացված գործողության արդյունքում, «Թբիլիսիի օդանավակայան» մաքսային անցակետում կանխել են առանձնապես մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկե իրերի 2 դեպք։
Օտարերկրյա քաղաքացիների ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում մաքսային ծառայողները նրանց ձեռքի ուղեբեռի ստուգման արդյունքում ճանապարհորդական պայուսակներում հայտնաբերել են ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր և տարբեր չափերի մետաղադրամ։
Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 431 հազար 65 լարի։
Գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար», — ասված է հայտարարության մեջ։