
«Հարազատները գնում են հոսպիտալ՝ վիրավոր որդու մասին տեղեկություն ստանալու ու այդտեղ էլ իմանում, որ մյուս որդին զոհվել է». այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հաջիկյան Էրիկի հիշատակի օրն է

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հաջիկյան Էրիկի հիշատակի օրն է:
2020 թվականի հոկտեմբերի 16-ին Իշխանաձորի մատույցներում անօդաչուի հարվածից է զոհվել Էրիկը։ Ճակատագրի հեգնանքով նույն օրը վիրավորվում է նաև Էրիկի՝ 2 ամսվա զինծառայող եղբայրը։
«Հարազատները գնում են Խնձորեսկի հոսպիտալ՝ վիրավոր որդու մասին տեղեկություն ստանալու և հենց այդտեղ էլ իմանում են Էրիկի զոհվելու մասին։
Էրիկի մասին անվերջ կարելի է խոսել. օրինակելի ընտանիքի օրինակելի զավակ, Ամերիկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող, կարատեի Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն։
Այս տղերքի կորուստը միայն իրենց ընտանիքներինը չէ: Այս տղերքը մեր ազգի վաղվա օրն էին, ոսկե ապագան ու իրենց բացակայությունը դեռ շատ ենք զգալու:
Խունկ ու խոնարհում հիշատակիդ, Էրիկ ջան…»,- գրել է նա։