Եվրամիությունը արտաքին հարձակումներից պաշտպանություն ապահովելու ծրագիր է հրապարակել

Եվրամիությունը ներկայացրել է ծրագիր, որի նպատակն է մինչև տասնամյակի վերջ ապահովել Եվրոպայի պաշտպանունակությունն արտաքին հարձակումներից. հաղորդում է Associated Press-ը։

Առաջնահերթ խնդիրն է զարգացնել անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, հետևման և չեզոքացման հնարավորությունները՝ Եվրոպայում վերջին ամսվա ընթացքում օդային տարածքի մի շարք տագնապալի խախտումներից հետո, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել Եվրոպայի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների մոտ։

Եվրոպական անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության այս նախաձեռնությունը կլինի «Արևելյան թևի հսկողություն» անվամբ ավելի լայնածավալ ծրագրի հիմնական մասը, որի նպատակն է ամրապնդել պաշտպանությունը Եվրոպայի արևելյան սահմանի երկայնքով՝ ցամաքում, Բալթիկ և Սև ծովերում, օդում, ինչպես նաև հիբրիդային հարձակումներից։

Ծրագրի նպատակն է դրանք գործարկել մինչև հաջորդ տարվա դեկտեմբեր, անօդաչու թռչող սարքերի համակարգը լիովին կգործարկվի մինչև 2027 թվականի վերջը, իսկ Արևելյան թևի հսկողությունը կտեղակայվի մինչև 2028 թվականի վերջը։ Եվրոպայի օդային տարածքում կտեղակայվեն նաև առանձին օդատիեզերական վահաններ։

«Առաջիկա մի քանի տարիների ընթացքում պետք է տեղի ունենա Եվրոպական պաշտպանական կարողությունների զգալի ուժեղացում,- հայտարարել էԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը՝ ներկայացնելով Եվրոպական հանձնաժողովի ծրագիրը: -Ռուսաստանն այսօր չունի Եվրամիության վրա հարձակվելու կարողություն, բայց կարող է պատրաստվել դրան առաջիկա տարիներին: Վտանգը չի վերանա, նույնիսկ եթե Ուկրաինայում պատերազմն ավարտվի»:

Եվրոպական հանձնաժողովն իր «Պաշտպանական պատրաստվածության 2030 թվականի ճանապարհային քարտեզն»՝ ըստ էության, ազգային կառավարությունների կողմից ձեռք բերվելիք սարքավորումների ցանկ է, ընդ որում դրանց պետք է իրականցվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում:

«Եվրոպացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն իրենց պաշտպանական կարողությունների համար,- ճանապարհային քարտեզի հրապարակումից մի քանի ժամ առաջ, հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: -Եվրոպան պետք է ավելի սերտորեն համակարգի իր գործողությունները և ավելի վճռական և արագ գործի»:

Ծրագիրը զգալի ֆինանսավորում կպահանջի, մինչդեռ բյուջեները սահմանափակ են: Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ ԵՄ պաշտպանական ծախսերն այս տարի կկազմեն մոտ 392 միլիարդ եվրո (457 միլիարդ ԱՄՆ դոլար), գրեթե կրկնակի ավելի, քան չորս տարի առաջ էր:

Նրա համոզմամբ՝ հաջորդ տասնամյակում պաշտպանության վրա, հավանաբար, անհրաժեշտ կլինի ծախսել մոտ 3,4 տրիլիոն եվրո (4 տրիլիոն ԱՄՆ դոլար): Օգնելու համար նա մտադիր է առաջարկել ԵՄ երկարաժամկետ պաշտպանության և տիեզերական բյուջեն հասցնել 131 միլիարդ եվրոյի (153 միլիարդ ԱՄՆ դոլար):

Եվրոպայում բանակների սարքավորումները տեղափոխելու արագությունը մեծացնելու համար նախատեսված առանձին բյուջեն կոչված է ապահովելու ճանապարհների և կամուրջների, ինչպես նաև օդային և ծովային նավահանգիստների վրա աշխատանքները, այն ևս տասնապատկվելու է՝ հասնելով 17,6 միլիարդ եվրոյի (20,5 միլիարդ ԱՄՆ դոլար):

Մինչև 2027 թվականի վերջը ռազմական գնումների առնվազն 40 տոկոսը կիրականացվի համատեղ, ինչը կնվազեցնի ծախսերը և երկրներին կխրախուսի համատեղելի սպառազինություն և ստանդարտներ օգտագործել:

Տեսանյութեր

Լրահոս