ՔԿ-ն հայտնում է Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության մասին, պաշտպանը տեղեկացնում՝ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է. Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Նշենք, որ այսօր տեղի ունեցած  «18 արդարների» գործով դատական նիստից հետո դիմակավորված անձիք առևանգել էին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Ինչպես հաղորդել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, դիմակավորված ԱԱԾ-ականները Կոչուբաևին իր իսկ մեքենայից բռնի կերպով հանել և տարել էին։

Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. այս մասին էլ լրագրողների հետ զրույցում ասել է Կոչուբաևի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

«Ալեքսանդր Կոչուբաևը 24 ժամով ձերբակալվել է, այդ ընթացքում դատարանը կքննի խափանման միջոցի հարցը։ Կոչուբաևի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաևը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,– ասաց պաշտպանը։

Տեսանյութեր

Լրահոս