Մոսկվայի առաջարկը Երևանին ու Բաքվին. ի՞նչ է առաջարկում Գալուզինը և ինչո՞ւ

Չնայած Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի առանցքային հանգրվանները և հանդիպումները տևական ժամանակ կազմակերպվում են Արևմուտքում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման նախաձեռնությունն ամբողջությամբ իր «ձեռքն է վերցրել», Ռուսաստանը չի դադարում առաջարկել միջնորդական ռուսական հարթակը հայ-ադրբեջանական հետագա գործընթացների համար:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է մնում:

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,- նշել է Գալուզինը։

Կարդացեք նաև

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։ Իր հերթին, Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նույնպես կարևորել է ռուսական դիվանագիտության ներդրումը կարգավորման գործընթացում՝ այն անվանելով «առանձնահատուկ», – հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի՝ Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագիրը Մոսկվայում ստորագրելու առաջարկը մի քանի շերտ ունի՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ խորհրդանշական և աշխարհաքաղաքական։ Սա ոչ միայն բանակցային նախաձեռնության փորձ է, այլև ռեգիոնալ ազդեցության վերականգնման քայլ, որը նպատակ ունի հակազդել Վաշինգտոնի՝ Հարավային Կովկասում հաստատվելու նախաձեռնությանը։

Խաղաղության նախաձեռնությունների ներքո Թրամփի վարչակազմը փորձում է ձևավորել գլոբալ ազդեցության նոր պատկեր՝ ընդգրկելով նաև Հարավային Կովկասը։ ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական վաշինգտոնյան պայմանավորվածությունները վերածել է ուժեղ արտաքին քաղաքական հաղթաթղթի, այս ֆոնին Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ իրական խաղաղությունը հնարավոր է միայն ՌԴ մասնակցությամբ կամ ռուսական տարածքում։ Մոսկվան, իհարկե, չի ցանկանում, որ Կովկասում խաղաղության խորհրդանիշ դառնա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան միջնորդությունը։

Ռուսաստանը գիտակցում է՝ ռազմական ներկայությունը Հայաստանում նվազում է, քաղաքական ազդեցությունը՝ կրճատվում։ Ուստի Խաղաղության համաձայնագիրը Մոսկվայում ստորագրելու առաջարկը և այդ առաջարկի ընդունումը Մոսկվայի համար միջոց է՝ վերականգնելու դերը՝ որպես միջնորդ Հարավային Կովկասում։

Եթե փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում, նույնիսկ նույն բովանդակությամբ, դա Ռուսաստանին թույլ կտա հայտարարելու, որ հենց ինքն է ապահովել տարածաշրջանի կայունությունը, ոչ թե ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն։ Ի վերջո, ռուսական հարթակում խաղաղության կնքումը գերիշխանության արտահայտություն է։ Ընդունված է համարել, որ ով ապահովում է խաղաղությունը, նա էլ տնօրինում է ազդեցությունը։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում ակտիվությունը և Իրանի հանդեպ ճնշումները, փաստացի, Մոսկվային մղում են նոր հակազդեցության։

Ըստ նրա, Ռուսաստանը կցանկանար Հարավային Կովկասը պահել որպես իր ազդեցության գոտի, սակայն այդ ցանկությունը չի կրում առաջնահերթ բնույթ։ Ուստի, Սիմոնովի խոսքով, օրերս ԱՊՀ ղեկավարների հավաքից հետո, երբ Ռուսաստանին ու Ադրբեջանին հաջողվեց բարձրաստիճան հանդիպում կազմակերպել, ժեստեր ուղղել միմյանց ու մեղմել հարաբերություններում առկա տևական լարվածությունն ու «սուր անկյունները», Մոսկվան ևս մեկ ազդանշան է ուղարկում կողմերին՝ փորձելով ստուգել տրամադրվածությունը:

«Բնականաբար, Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո Մոսկվան վերանայեց իր արտաքին քաղաքականությունը գրեթե բոլոր ուղղություններով՝ կենտրոնանալով ուկրաինական ուղղության, Արևմուտքի հետ բանակցությունների ու տնտեսական ցուցանիշների վրա: Բնականաբար, այս ամենի ֆոնին կցանկանար չկորցնել ազդեցությունը, երբեմնի միջնորդական դերակատարությունը հետսովետական տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, բայց դրա համար չկա համապատասխան ռեսուրս:

Սակայն ակնհայտ է թվում այն, որ այս ստատուս-քվոյի պահպանումը Մոսկվային զրկում է քաղաքական լծակներից ու ռազմավարական պրոյեկտներին հասանելիություն ունենալու հեռանկարից կամ գոնե փոքրացնում այդ հնարավորությունները:

Ուստի Ռուսաստանի առաջարկը ոչ այնքան խաղաղության նախաձեռնություն է, քանի որ կողմերը արդեն բանակցել են թուղթը, որքան ազդեցություն վերագտնելու փորձ»,- ասաց Սիմոնովը՝ շարունակելով, թե Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ Հարավային Կովկասում արևմտյան խաղաղությունը կձևավորի նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն՝ առանց Ռուսաստանի։

Ռուս վերլուծաբանը չի գտնում, թե Երևանն ու Բաքուն այս անգամ կընդունեն Մոսկվայի առաջարկը: Նրա խոսքով, Երևանի դեպքում մոսկովյան տարբերակն ընդունելի չէ, քանի որ Երևանը, խոսելով հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին, հայտարարում է եվրոպական ինտեգրացիայի մտադրության մասին և գտնվում է այդ ուղու վրա, ուստի Մոսկվայի առաջարկի ընդունումն Արևմուտքը չի ընկալի:

Բաքվի համար, ըստ Սիմոնովի, դա հնարավորություն է՝ խաղալ երկու բևեռների միջև՝ ստանալով առավելություններ թե՛ Վաշինգտոնից, թե՛ Մոսկվայից, սակայն Բաքուն ևս ներկայումս աշխատում է Արևմուտքի հետ:

«Ուստի ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով՝ կարելի է ասել, որ առաջարկը կա, սակայն այն ամենայն հավանականությամբ չի ընդունվի, թեև թե Երևանը, թե Բաքուն հասկանում են, որ Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանումը կարևոր է, և Մոսկվան ոչ մի տեղ չի անհետանում՝ որպես աշխարհաքաղաքական գործոն:

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Մոսկվայի առաջարկը վերաբերում է նաև ապագա ամիսներին ու գործընթացներին:

Հարցն այն է, որ համաձայնագիրը չի ստորագրվում ոչ այս ամիս, ոչ հաջորդ ամիս, դեռ երկար ժամանակ կա, դեռ բավականին գործընթացներ պետք է տեղի ունենան ռեգիոնում, հետևաբար՝ նաև աշխարհաքաղաքական մակարդակում, իսկ աշխարհաքաղաքականությունն ու ուժերի դասավորությունն Ուկրաինայում չափազանց էական հանգամանք է, որը կարող է որոշել ապագա գործընթացների ուղղությունը՝ ազդելով որոշումների վրա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս