Ո՞նց է ստացվում, որ Թրամփը հիշում է Ալիևին, բայց Փաշինյանին չի հիշում․ Հայկ Խալաթյան

«Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը նախ՝ նպատակ ունի վախեցնել եկեղեցուն, ապա՝ հասարակությանը։

«Հասկանալով՝ ինչ կարևորություն ունեն մյուս ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի եկեղեցին ակտիվ չմասնակցի գործընթացներին, օրինակ՝ կոչ չանի աջակցել այս կամ այն ուժին, կամ դուրս չգա Փաշինյանի և ՔՊ-ի դեմ։ Ինչպես Փաշինյանն է ասում՝ նա չի հրաժարվել իր ծրագրերից, կաթողիկոսի հրաժարականն է պահանջում և փաստացի իր վերահսկողության տակ վերցնել Հայ Առաքելական եկեղեցին։

Այստեղ չենք կարող բացառել նաև արտաքին գործոնը․ շատ տարօրինակ է, որ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները համընկնում են ադրբեջանական հոգևոր առաջնորդի ելույթների և հարձակումների հետ, որոնք նա պարբերաբար անում է, իսկ այս անգամ, եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ում շատ կոշտ հայտարարություն է արել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ մեղադրելով, որ այն իբր խանգարում է խաղաղության գործընթացին։

Եվ, չգիտես՝ ինչու, դրանից հետո միանգամից իրենց գործողություններն են սկսում ՀՀ իշխանությունները։ Բայց հույս ունենամ, որ եկեղեցին, եկեղեցու սպասավորները չեն ենթարկվի այդ շանտաժին և կշարունակեն իրենց ծառայությունն Աստծուն և հայ ժողովրդին։ Նրանք պետք է ուղղորդեն ժողովրդին, ցույց տան, որ պետք չէ վախենալ, և եթե արժեքներ և համոզմունքներ ունես, պետք է պայքարել դրանց համար»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Կարդացեք նաև

Նա Վրաստանի օրինակը բերեց՝ շեշտելով, որ առանց եկեղեցու աջակցության՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները չէին կարող դիմակայել արտաքին և ներքին ճնշմանը․ «Երևի այսպես կարելի է ասել, որ իրենց «սխալների» վրա որոշ կենտրոններ աշխատանք են տարել և փորձում են թույլ չտալ, որպեսզի կրկնվի Սահակաշվիլու սցենարը․ ժամանակին Սահակաշվիլուն իշխանությունից հեռացնելը որոշ չափով նաև եկեղեցու դիրքորոշման պատճառով եղավ, որովհետև եկեղեցին դեմ էր լիբերալ, հակաազգային մոտեցումներին։

Բայց նույնիսկ Սահակաշվիլին ավելի զգուշավոր էր եկեղեցու հանդեպ, բայց երևի աշխատանք են տարել և գտնում են, որ քո նպատակն ավելի գլոբալիստական իշխանություն լինելն է, ազգային արժեքներից և ինքնությունից հրաժարվելն է, ապա թիրախներից մեկն անպայման պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցին, որովհետև այն մեր ազգային ինքնության սիմվոլներից մեկն է»։

Անդրադառնալով Փաշինյանի նկատմամբ Դոնալդ Թրամփի վերաբերմունքին, որն ըստ էության, արհամարհեց Փաշինյանին և զրույցը շարունակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Ինդոնեզիայի նախագահի հետ, Հայկ Խալաթյանը նկատեց, որ, եթե Թրամփի կողմից նման վերաբերմունք լիներ նաև Իլհամ Ալիևի նկատմամբ, կարելի էր դա գոնե հասկանալ, որ այդքան կարևոր երկրներ չեն իր համար․

«Բայց չգիտես՝ ինչու, տեսնում ենք, որ Իլհամ Ալիևի նկատմամբ կա հատուկ ուշադրություն, անընդհատ կոմպլիմենտներ, նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ Եգիպտոսում դա տեսանք, բայց նույնիսկ Ալիևի հետ զրույցում նա նույնիսկ Փաշինյանի անունը չի հիշում, ասում է՝ այդ մարդը։ Դա է ամենավտանգավորը, որ Ադրբեջանի հանդեպ տեսնում ենք լրիվ այլ մոտեցումներ։

Ցավոք, դա խոսում է տարածաշրջանում Վաշինգտոնի առաջնահերթությունների մասին։ Հայաստանի շահերի հաշվին ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան իրենց հարցերն են լուծելու տարածաշրջանում՝ թիրախավորելով ԱՄՆ-ի երկու գլխավոր հակառակորդներին՝ Ռուսաստան և Իրան»։

Նա հիշեցրեց իշխանությունների հետ սերտ փոխկապակցված քարոզիչների ասածները, թե Փաշինյանը ՀՀ միակ առաջնորդն է, որ ունի ԱՄՆ նախագահի WhatsApp-ի համարը, և հարցադրում կատարեց՝ եթե Փաշինյանն ունի Թրամփի WhatsApp-ի համարը, այդ ո՞նց է գրանցված, որ անընդհատ ստիպված է մոտենալ և հիշեցնել, թե ինքն ով է․

«Ո՞նց է ստացվում, որ Թրամփը հիշում է Ալիևին, բայց Փաշինյանին չի հիշում»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս