Պատվերը՝ Ալիևից, շաբաշը՝ Թրամփից ու Պուտինից. Քեֆ ենք անում

Հայկական իրականության երկակիությունը հերթական անգամ ցցուն արտահայտվեց Երևանի 2807-ամյակի տոնակատարությունների ժամանակ ու հատկապես դրանից:

Հանրապետության հրապարակում Թաթայի համերգն արդարացիորեն տհաճություն էր առաջացրել պետությունը՝ հացատնից, ավանդույթը՝ խասյաթից, մշակույթը՝ մայմունությունից տարբերող մարդկանց շրջանում:

այդ առիթով նույնքան արդարացիորեն արտահայտված զայրույթն ու նողկանքը, հայհոյանքն ու ամոթանքն ամենևին արդարացի չէր արտահայտողների զգալի մասի «արտամշակութային» վարքագծի համապատկերում:

Քննադատողների առաջին շարքերում էին, այսպես կոչված, «քաղաքային բոհեմի» այն ներկայացուցիչները, ովքեր իրենց բարձր են դասում պետության կյանքում տեղի ունեցող գործընթացներից, «քաղաքականությամբ չեն զբաղվում», իբրև թե կապ չունեն իշխանությունների հետ, բայց միևնույն ժամանակ՝ իշխանությունների դեմ ուղղված պայքարին վերաբերվում են այնպիսի քամահրանքով, ինչպես Թաթայի համերգին:

Կարդացեք նաև

Այն դեպքում, երբ Երևանի կենտրոնում պետական միջոցների հաշվին պետության պատվերով Թաթայի համերգի մղձավանջն իրականություն է դարձել, այդ թվում՝ նաև նշված շերտի հարմարվողական, կոնյունկտուրային իբրև թե չեզոքության շնորհիվ, որն իրականում ամբողջությամբ ծառայել է պետությունը մուղամի մակարդակի իջեցրած իշխանությանը:

Թաթայի համերգը Հանրապետության հրապարակում՝ ողջ տհաճությամբ, նույնքան  օրինաչափ ու առավել ևս՝ անխուսափելի իրադարձությունն էր, որ պետք է պատահեր գործող իշխանության ու նրա ապականած արժեհամակարգի պայմաններում: Թաթան ռաբիսի կարկառուն ներկայացուցիչ է երաժշտության ոլորտում ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքականության պարագային:

Պոպուլիզմը քաղաքական ռաբիսն է, որն իշխանության գալու դեպքում այդպիսին է դարձնում նաև պետությունը:

Հետևաբար՝ հրապարակում կամ պետության հետ ասոցացվող միջոցառումներում ռաբիսի մուտքը թույլ չտալու համար, պետք էր նախ թույլ չտալ քաղաքական ռաբիսի  ներխուժումը պետական աշխատասենյակներ, իսկ երբ դա պատահել է, պետք էր ամեն ինչ անել պետությունը ռաբիսից ազատագրելու համար:

Բայց դա տեղի չի ունենում նաև այն պատճառով, որ համերգից՝ համերգ ռաբիսի դեմ կոկորդ պատռող գլամուրային արվեստասերները  դիմացինների կոկորդն են պատռում այն ժամանակ, երբ Թաթայի համերգի պատվիրատու իշխանության որևէ ռաբիս անդամ հերթապահ այցով գտնվում է «բոհեմականներին» հարիր միջոցառմանը:

Թաթային չէր կարելի ու չի կարելի թույլ տալ կլկլացնել պետության գլխավոր հրապարակում: Բայց դրանից առաջ կամ գոնե դրան զուգահեռ՝ չէր կարելի ու չի կարելի հանդուրժել քաղաքական ռաբիսի «սուպերաստղի» մուտքն ու շարունակվող ներկայությունը հանրապետության թիվ մեկ աշխատասենյակում:

Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն այնտեղ է, նրանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բեմում երգելու են ռաբիս երգիչները՝ բարձր ծափահարությունների ներքո թաղելով հոգևոր ու ոգեղեն այն արժեքները, որոնք պետությունը տարբերում են քաբաբարանից:

Նիկոլ Փաշինյանն էլ շարունակելու է Հայաստանը ներկայացնել բոլոր այն աշխարհաքաղաքական դահլիճներում, որտեղ բարձր են վճարում լսարանին հաճո քաղաքական կլկլոցի համար:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս