
Թուրքիայի ոչ մի նահանգ չի համախատասխանում ՄԱԿ-ի «Մաքուր օդ» չափանիշին

«Մաքուր օդի իրավունք» հարթակի 2025-ի «Սև զեկույցի» համաձայն՝ 2024-ին Թուրքիայի ոչ մի նահանգ չի համախատասխանել ՄԱԿ-ի «Համաշխարհային առողջապահության կազմակերպության» (ԱՀԿ) կողմից սահմանված «Մաքուր օդ» չափանիշին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավելին, նշվում է, որ օդի PM2.5-ով աղտոտված լինելու պատճառով Թուրքիայում 62․000 մարդ է վաղաժամ մահացել։
PM2.5 – Oդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկներ, որոնք շատ վտանգավոր են։ PM2.5-ը այնքան փոքր է, որ կարող է անցնել մարմնի պաշտպանական շերտերով, խորը ներթափանցել թոքեր և նույնիսկ մտնել արյան հոսքի մեջ։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ամենակեղտոտ օդն ունեցող նահանգներն են Իգդիրը, Էրզինջանը և Քյութահյան։ Այս համատեքստում օդի աղտոտվածության տեսանկյունից Անկարան և Ստամբուլը դասակարգվում են ԱՀԿ-ի կողմից սահմանված «Զգայուն» չափանիշում։
Նշվում է նաև, թե Թուրքիայի տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն է ունենում օդի աղտոտվածության այդօրինակ մակարդակը։ Ըստ այդմ՝ տնտեսությանը հասցված տարեկան վնասը կազմում է մոտ 138 մլրդ դոլար։