
ԴԵ ԳՆԱՑԵ՛Ք ԹՐԱՄՓԻ ՎՐԱ ԳՈ՛ՐԾ ՏՎԵՔ, ԿԱՐԱ՞Ք. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔՈՎ» ՄԵԶ ԽԵՂԴԵԼՈՒ ԵՆ, ՂԱՐԱԲԱՂԻՑ ԷԼ ՎԱՏ. ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սա 1937 թիվն է, վերադարձել ենք Ստալինյան ժամանակներին, երբ մարդիկ իրար վրա գործ էին տալիս, ու դա խրախուսվում էր։ Գործ ունենք գործակալների խմբի հետ։ Սա տեռոր է։ Բոլորիս փորձում են վախեցնել, կոտրել։ Փորձում են կոտրել դիմադրություն ցույց տվող վերջին ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին։
- Եկեղեցու դեմ տեռորի հրահանգն իշխանությունը ստանում է Ադրբեջանից։ Ցանկացած պետության մեջ էլ կան դավաճաններ, բայց դավաճանների այսպիսի քանակ, որ գրանտների դիմաց դավաճանի Հայրենիքը, չի եղել։ Դեմոկրատական արևմուտքը գործում է Ստալինյան դանոսների ոգով, և հիմա ունենք «Գործ տվողների միության» նախագահ, որը գործում է Արևմուտքի փողերով։
Մենք պայքարում ենք Արևմուտքի արտաքին հետախուզական ծառայության դեմ։ Մայք Բենցը, հիշո՞ւմ եք, ասաց՝ բոլոր այդ գրանտակեր հասարակական կազմակերպությունների (ՀԿ) թիկունքում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայություններն են։ Փողով Հայրենիքը ծախող այս մարդիկ տիկնիկներ են ընդամենը։
Հիշեցնենք, ԱՄՆ Պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցը քաղաքագետ Գլեն Դիզենի հետ ծավալուն հարցազրույցում ներկայացրել էր, թե ինչպես է ԱՄՆ-ի համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող վայրերում Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) (Central Intelligence Agency-CIA), սերտ համագործակցում քաղհասարակության` հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ տարբեր ոլորտներում՝ մեդիա, արհմիություններ, համալսարաններ, իրավական ոլորտ՝ օրենքի գերակայության ծրագրերի միջոցով, կրոնական, արվեստի և մշակույթի գրեթե բոլոր ինստիտուտներ: Նա ներկայացրել է, թե ինչ սխեմաներ են գործի դրվում, որքան ֆինանսներ, ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում ազգային ինստիտուտներն ու արժեքները ոչնչացնելու և հասարակությանը մոլորեցնելու համար:
- Ուկրաինայում արդեն 1.7 միլիոն մարդ է զոհվել։ Բա ինչպե՞ս էր, որ 90-ականներին ռուսներն ու ուկրաինացիները խաղաղ ապրում էին, Ղրիմն էլ ուկրաինական էր։ Այնքան դրդեցին, որ եղավ այս արյունահեղությունը։ Հիմա էլ Զելենսկուն թույլ չեն տալիս ավարտել պատերազմը։
- Փաշինյանը բառացի ասում է՝ ես հանձնեցի Ղարաբաղը, զոհեցի 5000 տղա, որ Ռուսաստանին հանեմ տարածաշրջանից, ինչը և արտաքին այդ ուժերի կողմից իրենից պահանջվում էր։
- Շուտով կիմանանք՝ ինչ էր առաջարկվել Փաշինյանին Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Հիշենք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մի երկիր կար, որ թույլ չտվեց ՄԱԿ-ին կանգնեցնել 44-օրյա պատերազմը, և դա Մեծ Բրիտանիան էր։
Հիշեցնենք, 2020թ. նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամներից մեկը տապալել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումը՝ առանց կոնկրետացնելու, թե որ երկրի մասին է խոսքը:
Նա, մասնավորապես, նշել էր.
«Ոչ մի իրավական կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, Ղարաբաղում իրավիճակին խառնվելու ուղիղ լիազորություն չունի: Ցանկացած երկրի նկատմամբ ուժի կամ պատժամիջոցների կիրառման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ գումարել: Այդ նիստում Անվտանգության խորհրդի մշտական անդամները պետք է միաձայն ընդունեն համապատասխան բանաձևը: Համենայնդեպս, նրանցից ոչ մեկը չպետք է վետո դնի: Բացի այդ, կան ևս 9 ոչ մշտական անդամներ, որոնք նույնպես պետք է միաձայն պաշտպանեն այս բանաձևը: Միայն այդ դեպքում որոշում կկայացվի:
Հենց սկսվեց Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղում, համանախագահ երկրները, որոնք նույնպես ընդգրկված են Անվտանգության խորհրդի մշտական անդամների ցուցակում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ներկայացրեցին շատ հավասարակշռված լուծում, որը պետք է հնչեցներ նախագահը: Այս դեպքում խոսքը կրակի անհապաղ դադարեցման, երրորդ կողմի չմիջամտելու, այս հակամարտության մեջ ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիության մասին էր: Եվ պարզապես պատկերացրեք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ մի երկիր կա, որը տապալեց ամեն ինչ»,- ասել էր Շավարշ Քոչարյանը՝ չնշելով երկիրը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներն ընդամենը 5-ն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն այդ օրերին գրեց.
«Դատելով առկա տեղեկատվությունից, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան։ Դե, տարօրինակ ոչինչ չկա․ անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող, իսկ այդ երկրի ամենահայտնի հատուկ ծառայության ղեկավարը կարող է լինել Էրդողանի մտերիմ բարեկամը, սակայն այս «խանդավառ» պատկերը կարող է մթագնել մոլորյալ հայկական հրթիռը, որը կարող է խողովակից հորդող նավթից խիստ պատահաբար լիճ առաջացնել մեր լեռների հարևանությամբ»։
- Արևմտյան մամուլում կան տեղեկություններ, որ Եվրոպայից ստացվել է 125 միլիոն գումար, և մարդիկ են գալու, որ մեզ «սովորեցնեն»՝ ինչպես դեմոկրատական ընտրություններ անցկացվեն Հայաստանում։ Կգան, որ մեր ժողովրդի ուղեղը լվան, ինչպես լվացին ու հանձնեցին Արցախը։ Հիմա չեն ասելու՝ Մեղրին հանձնեք՝ խաղաղ կապրեք, բայց ամեն ինչ տանելու են դրան։ Ադրբեջանը հետևողականորեն ասում է՝ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, Թրամփի ուղին՝ «Զանգեզուրի միջանցք»։
- Գազայում հաստատվածը խաղաղություն չէ, այլ զինադադադար․ վերջին 30 տարում նման բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ու խախտվել։ Ամենակարևոր հարցերը չեն ստուգվել՝ Երուսաղեմի ստատուս, պաղեստինցիների վերադարձ, Արևմտյան ափի խնդիրը։ Այսինքն՝ սա ժամանակավոր զինադադար է։ Իսրայելը դուրս է գալիս Գազայի 47%-ից, Համմասն էլ պիտի զինաթափվի։ Եվ մի կարևոր բան՝ Թրամփը Գազայի այս գործընթացում երաշխավոր է․ նա ասաց՝ եթե խախտեք պայմանագիրը, ես կստիպեմ, որ դուք այն հարգեք, իսկ մեր դեպքում՝ ԱՄՆ-ը՝ ի դեմս Թրամփի, որն ուղղակի վկա էր, և որևէ երաշխիք չստացանք։ Ես ուրախ եմ, որ Գազայի արյունահեղությունը դադարեցվեց փոխադարձության սկզբունքով, բա մենք ի՞նչ ստացանք՝ գնալով 3-րդ կապիտուլյացիային։ Մանտրայի պես կրկնում են՝ «փոխադարձ է», բայց Ադրբեջանի կողմից ոչ մի փոխադարձություն չկա։ Ինչո՞ւ գոնե գերիների վերադարձի հարցը չբարձրացվեց, ինչպես դա արվեց Գազայի դեպքում։
- Ղարաբաղը հանձնեց, Մեղրին հանձնեց, անկլավները կհանձնի, Արարատից ու Ցեղասպանությունից հրաժարվեց, ամեն ինչ հանձնեց ու մնաց էլի The other guy. Թրամփը բիզնեսմեն է, թույլ մարդկանց չի սիրում։ Դրա համար Փաշինյանն իր համար ուրիշ տղա է, որն իր մասին Թրամփին պիտի հիշեցներ, որ իրեն հիշեին, իսկ Ալիևի մասին խոսելիս ասում է՝ «ուժեղ տղա է»։ Դե գնացեք Թրամփի վրա գործ տվեք, կարա՞ք։
- Ալիևն այնքան չի հարգում Փաշինյանին, որ շարունակում է ասել՝ «Զանգեզուրի միջանցք», չի սպասում, մի 6 ամիս չի լռում, որ գոնե սա ընտրվի։
- Եթե դուք չունեք սահմանապահ ու մաքսատուն, ուրեմն դուք չունեք սահման։ Եթե դուք առանց մաքսատան անցնում եք Հայաստանի տարածքով, նշանակում է՝ այդտեղ Հայաստան չկա։ Դուք տեսե՞լ եք մի երկիր, որ իր տարածքում սահմանապահ ու մաքսատուն չունենա…
- Եթե Իրանի սահմանը փակվի, մենք կընկնենք Ղարաբաղի օրը։ Ավելի վատ վիճակում ենք հայտնվելու: Ես դեմ չեմ, որ ԱՄՆ-ը մեզ օգներ, բայց թող երաշխավոր լիներ ԱՄՆ-ը, ինչպես Գազայում, թող ասեր՝ եթե Հայաստանի վրա հարձակում լինի, ԱՄՆ-ը կզբաղվի այդ հարցով։
- Տեսա՞ք, որ Արցախը բեռ չէր, մեզ էր պաշտպանում․ հիմա վտանգը եկավ Հայաստան։
- Փաշինյանը ցանկացած բան կզիջի, միայն թե իրեն թողնեն՝ մնա իշխանության։ Ադրբեջանից արդեն մեզ հրահանգներ են տալիս, ու ինքնիշխանության մասին արդեն խոսք լինել չի կարող։ Արդյունքը լինելու է այն, որ փոխվելու է մեր դեմոգրաֆիան․ ադրբեջանցիները կգան, ու դու արդեն չես կարող նրանց հանել, որովհետև կլինի պատերազմ։
- Երևանն անվանում են՝ Իրէվան․ մեզ արդեն ղեկավարում է Ադրբեջանի դեսպանատունը։ Եթե եկան-ասացին՝ ձեր եկեղեցիներն ադրբեջանական են, պիտի փոխենք, ու մենք դիմադրեցինք, մեզ ասելու են՝ ռևանշիստ, ու դատապարտեն…
- Իրանի վրա հարձակում է լինելու, ստեղծվելու է Իսրայել-Թուրքիա հեգեմոնիա ու կառուցեն Ռուսաստանի դեմ հզոր պատվար։ «Զանգեզուրի միջանցքն» այն պարանն է, որ գցեցին մեր վզին․ այդ պարանը կամաց-կամաց սեղմելու են ու մեզ խեղդեն։
- Մեզ ֆաշիստ ու օկուպանտ անվանելով՝ Ալիևը հիմք է դնում Հայաստանի հետագա օկուպացիայի համար։
- Մենք ունենք ազգային դավաճանության կառավարություն, ինչի արդյունքում մեր հաշվին բոլորն իրար հետ պայմանավորվել են։ Այս մարդիկ ատում են մեր ժողովրդին, վրեժ են լուծում։ Ես չգիտեմ՝ մեր ժողովուրդն իրենց ի՞նչ է արել։
- Երբ ռուսներին փորձում եմ ինչ-որ բան ասել, որ մեզ չօգնեցին, ինձ ասում են՝ մի րոպե, դուք գնացիք, Ղարաբաղը հանձնողին 2-րդ անգամ ընտրեցիք, հիմա մեզնից ի՞նչ եք ուզում։
- Ժողովրդին այսպես ղեկավարելը գյադայություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։