Ի՞նչ դասեր կքաղենք Իսրայել-Պաղեստին պատերազմից. Արցախ, Գրանադա, Զանգեզուր. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Այն վայրկյանից, երբ արաբական սոցցանցերում հայտնվեցին տեսանյութեր 6 անցակետերի գրավման մասին, պարզ դարձավ, որ սա ոչ թե սրացում է, այլ լայնածավալ հարձակում: Բոլոր ինդիկատորները դրա մասին են խոսում:
- Իսրայելական որոշում կայացնող բոլոր մակարդակներում Համմասի այսօրվա հարձակումներն անսպասելի էին:
- Իսրայելն այս վայրկյանին գտնվում է նոկդաունում: Նա ընդհանրապես պատրաստ չէր սրան: Մարտերն ընթանում են արդեն իսրայելական բնակավայրերում:
- Իսրայելական բանակը շատ ուժեղ բանակ է, բայց պետք չէ դրա ուժը գերագնահատել, որքան էլ այն տեխնոլոգիապես հագեցած լինի: Երբ դու շոկի մեջ ես, ամեն բան իջնում է ներքևի մակարդակի: Րաբիններն արդեն ժողովրդին կոչ են անում պաշտպանվել՝ ով ինչպես կարող է: Մարդիկ բողոքում են, որ իրենց կառավարությունը մենակ է թողել:
- Այն, օրենքը, որով կոտորվեց դատական համակարգը Հայաստանում, հիմա տեղի է ունենում Իսրայելում: Հասարակությունն Իսրայելում պառակտված է: Երբ պետությունն աշխատում է այն բանի վրա, որ հասարակությունը պառակտվի, պետությունը թուլանում է: Նեթանյահուն Իսրայելում պայքարում է իշխանության համար, ինչպես Հայաստանում Նիկոլ Փաշինյանը:
- Բոլոր փորձագետների համար Իրանի մասնակցությունն ակնհայտ է: Հնարավոր չէ գնալ նման քայլի, եթե թիկունքումդ չունես արտաքին ուժ: Իրանի համար շատ կարևոր է արաբա-իսրայելական հակամարտության հարցը վերադարձնել տարածաշրջանային օրակարգ:
- Իրանի համար որևէ կարիք չկա ուղղակիորեն ներգրավվել այս պատերազմում: Շատ մեծ խնդիր կլինի Իսրայելի համար, եթե հակամարտությանը միանա Հեզբոլլահը: Իրանը արող է անուղղակիորեն հարվածել Իսրայելին՝ հարվածելով Հյուսիսային Իրաքին:
- Սոցցանցերում այնպիսի տեսանյութեր են տարածվում, որ չես հավատում, որ դա իսրայելական բանակն է: Նրանք իրենց պահում են այնպես, ինչպես հայկական բանակը 44-օրյա պատերազմի օրերին:
- Իսրայելը հիմնականում հիմնվում է իր զինտեխնիկայի և ԱՄՆ-ի հետ համատեղ ստեղծած զինտեխնիկայի վրա:
- Իսրայելում, ի տարբերություն մեզ, էքզիստենցիալ խնդրի առաջ կանգնած չեն: Նրանց պետությանը վտանգ չի սպառնում՝ ի հակադրություն մեզ, եթե հանկարծ Թուրքիան ու Ադրբեջանը մի օր որոշեն հարձակվել մեզ վրա:
- Իսրայելը լինելով տարածաշրջանային պետություն՝ չի կարող լինել լիովին ինքնիշխան: Եթե ԱՄՆ-ը կոկրետ պահանջ է դնում այս կամ այն գործչին չտալ նախարարական պորտֆել, որովհետև կզրկի Իսրայելին որևէ ռազմական օգնությունից, ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը:
- Վերջին պատերազմի ժամանակ Փաշինյանը չզանգեց Ռուսաստան, չզանգեց Իրան, բայց զանգեց Էրդողանին: Դա շատ պարզ ցուցիչ է ինձ համար:
- Այս իշխանության օրոք Հայաստանը չունի այլ տարբերակ, քան դառնալ կա՛մ գուբերնիա, կա՛մ վիլայեթ: Այլ իշխանության պարագայում այլ սցենար կլինի՝ երրորդ ճանապարհ կլինի:
- Իսրայելա-արաբական հակամարտության շուրջ չկա կոնսենսուս: Կան երկրներ, որոնք պաշտպանում են Իսրայելին, կան երկրներ, որոնց համակրանքը Պաղեստինի կողմն է:
- Նկատենք, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվում է զորավարժություններ անցկացնել: Իրանը Հայաստանին առաջարկեց զորավարժություններ, մենք հրաժարվեցինք, փոխարենն Իրանը զորավարժություն արեց Ադրբեջանի հետ:
- Եթե ՔՊ-ականները սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, բնական է, որ Գրանադայի հայտարարությունը պիտի հաղթանակ համարեն:
- Ռուսաստանը չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները Ղարաբաղում, բայց պետք է հիշել, որ բոլոր հակահայկական որոշումները կայացվել են Եվրոպայում:
- Որևէ մեկին հետաքրքիր չէ՝ ինչպես Հայաստանը կարձագանքի արաբա-իսրայելական պատերազմին, բացի Իրանից: Իրանին էլ հետաքրքիր է դա սոսկ արձանագրելու համար: Հայաստանը կարող էր գոնե թե Սփյուռքը օգտագործել, բայց դա էլ չի անի:
- Իրանը 2 տարի, 1 տարի առաջ էլի առաջարկում էր Ադրբեջանին ճանապարհ տալ իր տարածքով, Ադրբեջանը չէր համաձայնում: Հիմա Իրանի ճնշման մեծացմանը զուգահեռ՝ Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են, որ «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար այդքան էլ կարևոր չէ, և, որ Նախիջևանի հետ կապը կապահովվի Իրանի տարածքով: Երբ ես այդ հայտարարությունն ուղարկեցի իմ իրանցի գործընկերներին, նրանք ասացին՝ մենք իդիոտ չենք:
- Փաշինյանի հայտարարությունները Պրահայում և Գրանադայում հակասում են մեր հիմնական օրենսդրությանը՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը և Գերագույն խորհրդի՝ 1992թ. որոշմանը:
- Վաղը եթե մենք հաղթենք, աշխարհը կրկին կկանգնի մեր կողքին, կասի՝ այո՛, հայերն անարդար պատերազմի, էթնիկ զտման արդյունքում են դուրս եկել իրենց բնօրանից, իրավունք ունեն վերադառնալ ու ապրել իրենց հողերում:
- Հիշեցնեմ Փաշինյանի այն արտահայտությունը, երբ ասաց՝ դուք չեք որոշելու՝ թուրքը որտեղ կանգնի… Ո՛չ, մենք ենք որոշելու, թե թուրքը որտեղ պետք է կանգնի:
- Այսօր Թուրքիայի ճնշման տակ Հայաստանը հրաժարվում է իր ազգային ինքնությունից: Մեր թշնամիները նույնն են:
- Եթե նպատակն Արցախը վերադարձնել, Հայաստանը պահելն է, պետք է հրաժարվել այս իշխանությունից:
Մանրամասները՝ տեսանյութում: