ԽՈԶ, ԱՆՊԱՏԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՄԻ՛ ԵՂԵՔ, ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ. #ԴԱՍԵՐ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը ճարտարապետ Միքայել Մկրտչյանը և երաժիշտ, դիրիժոր Վահե Բեգոյանն են:

Հարցազրույցի որոշ թեզեր՝ ստորև.

Վահե Բեգոյան.- Եկեղեցին ունի կառավարման կանոնական ձև, և Եկեղեցու միայն դավանաբանական կանոններից շեղումը չէ, որ աղանդ է։ Նույնիսկ Վազգեն կաթողիկոսն իր վարդապետական թեզում, մեր պատարագում շատ հետաքրքիր տողեր ունի, ասում է՝ Հայ եկեղեցին չի ընդունում առանձնաշնորհյալ կաստայական որևէ խումբ իր ներսում. դրանք հերձվածներն են:

Կարդացեք նաև

Երբ մեկը նվիրապետական կառուցվածքին հակառակ բան է փորձում պրոյեկտել եկեղեցու վրա, այն էլ՝ աղանդավորական շրջանակներին բնորոշ խոսելաձևով, արդեն իսկ պարզ է՝ դա աղանդավորական գործելակերպ է։ Օրինակ, ամենապարզ ձևով ասեմ՝ Հայ Առաքելական եկեղեցում Աստված, Հիսուս, Քրիստոս բառերը «ը» որոշյալ առումով երբեք չեն օգտագործվում։ Հայ Առաքելական եկեղեցում մեզանից ոչ ոք չի ասում՝ Աստվածը ասաց, Հիսուսը ասաց, այլ ասում ենք՝ Հիսուս ասաց, Քրիստոս խոսեց, առանց որոշյալ առումների։ Սրանք բաներ են, որը մենք գիտենք, սակայն սովորական ժողովուրդը չգիտի: Դա աղանդավորական խոսույթ է: Եվ ամենակարևորը, միայն այն, որ Փաշինյանն ասում է՝ ամուսնացյալ մի քահանա կնշանակենք կաթողիկոսական տեղապահ… էնքան աբսուրդ է, այդ մտքի գոյանալն ինքնին աբսուրդ է:

Եվ հիմա մենք տեսնում ենք այդ աղանդի գոյանալը՝ գրավել, զավթել է մի եկեղեցի, ու հայտնի չէ` ինչո՞ւ Հովհաննավանքը, և փորձում է ստեղծել կաստայական եկեղեցի։ Եթե ընդունում եք, որ դա քահանա է, թող գնա, որտեղ ուզում է՝ քահանայագործի։ Եթե կարող է, թող գա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այնտեղ քահանայագործի…

Նույն բանն անում էր ԽՍՀՄ-ը՝ իր ստեղծման տարիներին։ Կանոնական եկեղեցու դեմ գնալը հո թատերական ներկայացում անել չէ՞։ Դա առաքյալներին հոգևոր, Քրիստոսից տրված իշխանությունն է, և առաքյալների ձեռնադրությամբ եպիսկոպոսներին մինչև այսօր տրված այդ առաքելական հաջորդականությունն է, որը տալիս է այդ իշխանությունը:

Միքայել Մկրտչյան.- Երբ անսրբությունը սկսում է հաղթել, և անքննելի սրբությունները սկսում են ոտնահարվել, դրանից հետո հասարակության մեջ այլևս ամեն ինչ դառնում է կարելի, թույլատրելի` այլասերվածության ամենաայլանդակ դրսևորումներից սկսած…  Երբ չունես սրբություն, վերածվում ես հոտի, և այլևս ամեն ինչ կարելի է, մեղավորներ էլ չկան, ամենաթողություն է…

Այլևս ո՞վ քննադատի, եթե էն մարդիկ, որ պիտի քննադատեն, իրենք արդեն դարձել են հոտ, վատ իմաստով՝ կենդանիների հոտ, չունեն սրբություն, զրկվել են սրբություններից, և այլևս ամեն ինչ կարելի է՝ ինցեստներից մինչև չգիտեմ՝ ինչ մտքներով կարող է անցնել։ Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ կարելի է:

Ժամանակին կար հոգևոր ճիշտ վիճակ։ Եվ էդ հոգևոր ճիշտ վիճակի վրա գոյանում էին տաճարները, չէին կարող չգոյանալ։ Երբ որ խաթարվում, քանդվում է այդ հոգևոր դաշտը, ի՞նչ կարող է դրա մեջ առաջանալ:

Վահե Բեգոյան.- 10 պատվիրաններն աստվածահաստատ են, մարդու գրածը չի, մարդկային օրենքներ չեն: Ինչն է լավ, ինչն է վատ, որոշվում են՝ ըստ այդ աստվածահաստատ կարգերի։ Հիմա, երբ դու մի կողմ ես դնում աստվածահաստատ այդ կարգերը, ուրեմն կարելի է ամեն ինչ, և ոչինչ արգելված չէ։ Եվ կարելի է ամեն հանցագործություն։ Ինչո՞վ ենք մենք իմանում, որ դա հանցագործություն է։ Չափորոշիչը ո՞վ է սահմանել, որ չի կարելի նախանձել, որ չի կարելի հարևանի ունեցվածքի վրա աչք դնել, սպանել և այլն։ Ինչի՞ վրա է աշխարհը կառուցված. Մենք, ուզենք թե չուզենք, աշխարհը քրիստոնեական հենքի վրա է կառուցված:

Միքայել Մկրտչյան.- Սրբության կորուստը, իսկապես, վերջին կորուստն է, սրբության կորստից հետո էլ ոչինչ չկա, էլ հետադարձի որևէ ճանապարհ չկա: Սրբություն չունեցող ազգայնական ազգը զզվելի մի բան է: Հայաստանում կատարվում է եռանդուն սրբապղծություն։

Վահե Բեգոյան.- Ուկրաինայում եկեղեցին խայտառակագույն վիճակում է այսօր… Կանոնական եկեղեցին հարաբերությունները խզեց Ռուս ՈՒղղափառ եկեղեցու հետ, ինչն անխուսափելի էր պատրիարք Կիրիլի խոսքերից հետո։ Ջարդում, քանդում էին եկեղեցիները։

Միքայել Մկրտչյան.- Զանգեզուրի միջանցքից տուժելու են ռուսներն ու պարսիկները, շահելու է Փաշինյանը` իր իշխանությունը վերարտադրելու հույսով։

Վահե Բեգոյան.- Բոլորը գնում են իրենց շահի հետևից, և միայն մենք այնքան խոհեմություն չունեցանք, որ սուպեր դեմոկրատ չխաղանք։ Մենք մեր մեծ շահը չտեսնող և մանր շահերի հետևից գնացող ժողովուրդ ենք։ Այսօր դրա հետևանքով մենք մեր հողի վրա ապրելու, մեր գերեզմաններին այցելելու հնարավորություն չունենք ու գնում ենք դեպի անպետություն՝ առանց պետություն ժամանակներ:

Միքայել Մկրտչյան.- Մեծ կռիվ է գնում, իրականում, շատ ավելի մեծ կռիվ, քան տեսանելի է, ուղղակի դիմացիններին ներկայացնող ուժը փորձում է ապացուցել, որ իրենից ավելի կաթոլիկ չկա աշխարհում, որ ինքը բոլոր կաթոլիկներից, Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ է։ Մարդու տեսակն ուզում են փոխել, մարդուն ուզում են դարձնել կառավարելի կենդանի

Հիմա մենք դարձել ենք մի երկիր, որն ապրում է «Ну погоди» մուլտֆիլմի «Ջու, ջու, ջուջալարըմ..» ադրբեջանական երգի տրամաբանության ներքո։ Մեզ ուզում են դարձնել հավ, ուրախ ու երջանիկ մեզ վերածում են հավի, որ կտուցով գետնի վրա քուջուջ անենք ու երջանիկ լինենք։ Մենք պիտի պինդ լինեինք, բայց չդիմացանք… Մենք առաջինն էինք պետություն ստեղծել, առաջինն էլ կործանում ենք: Միշտ ցանկացել եմ հասկանալ՝ ո՞րն է այն մարդկանց տարբերությունը, ովքեր ամենասկզբից հասկացան՝ այս իշխանափոխությունը մեզ ուր է բերելու, և այն մարդիկ, ովքեր գլուխները կախ՝ ամեն ինչ հավանում են, նրանց միջև:

Մենք պիտի պինդ լինեինք, քամիները գային, գնային: Մեզ կենդանացրին, անասնացրին… Տաք գոմն ու կերը կա, էլ ի՞նչ է պետք։ Սա՛ է սրանց տրամաբանությունը։

Ընկերներիցս մեկը շատ լավ ձևակերպում է տվել ներկայիս ժամանակաշրջանին, ասում է՝ ունիտազի քաղաքակրթություն, երբ ընտրում են ոչ թե արժեքավորը, որակյալը, գեղեցիկը կամ կատարյալը, այլ ընտրում են հեշտը, անորակը: Էդ հեշտացումը մեր տունը քանդում է. դա տեխնոլոգիական ժամանակաշրջանի, ցանցային դարաշրջանին բնորոշ բան է։

Վահե Բեգոյան.- 1990-ականներին Նիկոլի գոյություն հնարավոր չէր։ Այդ սերունդը թույլ չէր տա։ Մենք չունեինք Արցախ, բայց գիտեինք նրա նշանակությունը. Ունեցանք՝ չհասկացանք դրա արժեքը։ Ու աճեց սերունդ, որի օրոք հնարավոր եղավ Նիկոլի գոյությունը։

2 միլիոնին փշի-փշի ես անում, թե՝ դուք բոլորդ վարչապետ եք, հետո զոհաբերում ես… Լավ խոսք կա, ասում են՝ խոզին քորելով են մորթում։ Հիմա, այդպես քորելով՝ տարան մորթեցին. դրա համար պետք է խոզ չլինել, պետք է լինել համեստ, հասկանալ, որ դու շատ բաներ չգիտես, շատ տգետ ես շատ բաներից, և կան քեզնից ավելի գրագետ մարդիկ, որոնք ուղղություն են տալիս, ու երբ որ չեն ասում էն, ինչ որ դու ուզում ես լսել, դա չի նշանակում, որ ինքը քո թշնամին է, դա չի նշանակում, որ դու պիտի մտնես ֆեյսբուքյան իմ գրառման տակ, մի նախադասության մեջ 100 տառասխալ անելով՝ ինձ հայհոյանքներ գրես մենակ նրա համար, որ ես չեմ ասում էն, ինչ որ դու ուզում ես լսել։ Եվ չհասկանաս, որ իմ ասածը քո կյանքը փրկելու համար է…

Մեր ընդդիմությունը դարձել է քաղաքական վերլուծաբան, ոչ թե գործողություն անող: Այն դեպքում, երբ քաղաքական գործիչը գործողություն անողն է, ոչ թե վերլուծողը… Մի հոգի քաղաքական գործիչ կա՝ Նիկոլն է, որ մինչ մյուսները մտածում են, ծանր ու թեթև են անում, հետո սաղով լցվում են, նրա արածներին գնահատական են տալիս, ինքը գործ է անում: Ընդդիմությունը, ցավոք, չունի տեսլական, թե գալով իշխանության՝ ի՞նչ պիտի անեն: Նախ և առաջ պետք է ունենան ծրագիր, տեսլական, բարդ, ծանր որոշումների տեսլական հասկանալի լեզվով, ասելով, որ այո, շատ բարդ, սարսափելի իրավիճակ է, բայց եթե պետք է գնալ պատերազմի, ուրեմն մենք պիտի գնանք էդ պատերազմին կամ պատրաստ լինենք: Խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստ լինել պատերազմի, և դա պետք է ասել ժողովրդին: Պետք է դա անկեղծ ասել, և մարդիկ կհասկանան ձեզ: Սարդարապատից առաջ տենց չէի՞ն գնացել, նստել, ծվարել եսիմ որտեղ, մինչև ինչ որ մի հոգի ասաց՝ չէ, եթե պետք է կռիվ, ուրեմն պետք է կռիվ, և դա ո՞վ էր՝ Գևորգ կաթողիկոսը: Այսինքն՝ պետք է ձայն, որը ժողովրդին, ի վերջո, կհասկացնի՝ ժողովուրդ ջան, մի՛ վախեցեք էդ պատերազմից, որով ձեզ սպառնում են, կեղծ խաղաղության, այդ պատրանքի հետևից մի՛ գնացեք՝ մտածելով, որ դա կա: Դա չկա, դա պատրանք է, որը չի կարող լինել։

Ես ասում եմ՝ նորից ընդդիմության ցույցերի չեմ գնա, եթե չտեսնեմ ծրագիր և ռեսուրս՝ էդ ծրագիրն իրականացնելու համար։ Մաղով ջուր խմել չի լինում. սա ես հասկացել եմ դեռևս Սրբազան պայքարի ժամանակներից: Եվ ժողովուրդն էլ ոտքի չի կանգնում, որովհետև տեսնում է, որ սրանք դուրս են եկել մաղով ջուր խմելու:

Միքայել Մկրտչյան.Մենք ուղղակի դժվար խոսք լսող ժողովուրդ ենք, ի տարբերություն հարևան ժողովուրդների, որոնց շատ ավելի հեշտ կարելի է մանիպուլացնել: Մենք չենք լսում, ամեն մեկը պերսոն ա, ուզում է վերլուծել, հասկանալ, ի տարբերություն նրանց, ովքեր կարող են լսել մի անգրագետ մոլլայի ու արդեն պատրաստ են մարդու արյուն խմել: Բայց ես հավատում եմ, որ երբ հնչի խոսք, որը չի կարող չլսվել, այդ խոսքը կլսեն, ինչպես Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ Ղարաբաղ կոմիտեի խոսքը կպչում էր մարդկանց: Դա պարտադիր լինելու է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս