
ՆԱԽԿԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՆ ԲՌՆԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ՝ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՍԱՐՔԵՆ. ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Այն, ինչ տեղի է ունենում Գյումրիում, արդեն տեղի է ունեցել Ալավերդիում, Վանաձորում։ Մարդկանց ընտրական իրավունքը գողացվում է։ Եթե տեռորով, բռնաճնշումներով չեն կարողանում հասնել նրան, որ ՔՊ-ի թեկնածուն հաղթի, հետո անցնում են այս մեթոդներին։ Գյումրիում տեղի է ունենում այն, ինչի մասին վերջերս զգուշացրել էր Վարդան Ղուկասյանը, տեղի է ունենում այն, ինչ պիտի տեղի ունենար։
- Մարդիկ ակնհայտորեն հասկանում են՝ ինչ է տեղի ունենում, ու Գյումրիի քաղաքապետարանի մոտ տիրող իրավիճակից պարզ է դառնում, որ «բեսպրեդելով» համայնքի ժողովրդին իրենց կամքը թելադրելը ժողովուրդը չի հանդուրժում։
- Նիկոլ Փաշինյանն արյան ծարավ մարդ է, ում ընդհանրապես հետաքրքիր չէ մեր քաղաքացիների անվտանգությունը։ Կա խնդիր, որ պետք է կատարվի, ու դրա համար ոչ մի միջոց նա չի խնայելու։
- Դժվարանում եմ հասկանալ՝ ինչպես ենք մենք հասնելու 2026թ․ ընտրություններին․ իշխանությունը Սահմանադրությունն աղբարկղ ուղարկելու տեսանկյունից խնդիր չունի։ Ո՞վ ունի երաշխիք, որ սրանից 3-4 ամիս հետո ընտրություններին մասնակցող աձինք ու նրանց կողմնակիցները չեն հայտնվելու կալանավայրերում։
- Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ Վատիկանից սրտաճմլիկ կադրեր հրապարակի, ակնհայտ է՝ բոլորն են հասկանում՝ Գյումրիում ու ողջ երկրում տեղի ունեցող այլանդակությունն իրականացվում է ուղիղ մեկ հոգու հրահանգով։
- Իշխանությունը խնդիր կունենա միայն այն դեպքում, երբ ընդդիմությունը կհամախմբվի մեկ օրակարգի շուրջ, ու դա կարելի է անել անվստահության գործընթացի՝ իմպիչմենտի շրջանակում։ Ունե՞նք այլընտրանք… Եթե կա, եկեք դա քննարկենք։ Եթե այլընտրանքը 2026-ի ընտրությունն է, ապա ընթացող պրոցեսները Եկեղեցու, Մայր Աթոռի, Վեհափառ Հայրապետի, Սամվել Կարապետյանի, Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների դեմ դրա վստահությունը չեն տալիս։
- Իշխանությունն ունի թիրախներ, որոնց պետք է մեկուսացնել։ Ժամանակին պլան էին գցում գրպանները․հիմա հոդված են գցում։ Ցանկացածի գրպանը հոդվածը կգցեն, կկալանավորեն։
- Ինձ համար խնդրահարույց է, որ ժամանակից շուտ խոսում են ընտրություններին մասնակցելու մասին․ այդպես իշխանությունը սկսում է հերթով ընկնել նրանց հետևից։
- Պատահական չէ, որ այս իշխանությունը 2018-ից իր առաջին քայլերը սկսեց հենց Պաշտպանության նախարարության դեմ։ Դավիթ Տոնոյանը, ով առանցքային ժամանակաշրջանում եղել է պաշտպանության նախարար, ինքն է իր գրքում գրել դրա մասին։ Ըստ էության իշխանությունը տեղյակ է եղել, որ ռազմական գործողություններ են լինելու, տեղյակ է եղել՝ ինչ է տեղի ունենալու, ու ոչ մի քայլ չի արել։ Իշխանությունը հստակ գիտակցել է, որ պատերազմ լինելու է, և դրան համարժեք չի գործել, ինչը հանգեցրել է մարդկային ու տարածքային կորուստների ու մեր այսօրվա ծնկաչոք վիճակին։ Ինչի պատահակա՞ն է, որ դրանից առաջ բոլոր հրամանատարներին փոխեցին։ Սահմանային կարևոր հատվածներ կային, որտեղ 2-3 անգամ են հրամանատար փոխել։ Այդ մարդիկ նույնիսկ տեղանքին չէին տիրապետում: Այս ամենն ազդել է 44-օրյա պատերազմի արդյունքի վրա։
- Եթե մարդիկ չեն հասկանում, որ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումն առաջին հերթին խնդիր է առաջացնելու նախ՝ իրենց որդիների, ապա՝ երկրի համար, ցավալի է։ Պատահակա՞ն էր, որ Ադրբեջանից մեր Զինված ուժերն ապառազմականացնելու պահանջ էր հնչում։
- Այն կենտրոնները, ովքեր արեցին 2018թ․հեղափոխությունը, հիմա կերտում են Հայաստանի 4-րդ Հանրապետության արարը։
- Հայաստանն իր շահերը ներկայացնելու հնարավորություն չունի։ Արդեն իսկ օգտագործվում է՝ որպես երրորդ երկրների դեմ պայքարի գործիք։ Դարձել է գլոբալ քաղաքականության այն գործիքը, որն իրենից ոչինչ չի ներկայացնում, միայն օգտագործվում է։
- Դիմադրություն ցույց տվող ցանկացած սուբյեկտի դրսում ներկայացնում են՝ որպես իմպերիալիստական ուժերի ներկայացուցիչ։ Երկիրը սարքել են մանրադրամ՝ իրենց իշխանության վերարտադրման համար։
- Իշխանությունն արհեստական կոնֆլիկտ ի ցույց դնելով՝ թաքցրեց իրական պատճառը, թե ինչու չհրապարակվեց քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Դա իրենց խոստումն էր, իրար հերթ չտալով՝ ասում էին՝ հես ա կհրապարակենք, կտեսնեք՝ ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի արդյունքում։ Բա ինչո՞ւ չհրապարակեցին, որովհետև իրենց արդեն պետք չէ։ Մի բան ակնհայտ է՝ պատերազմի արդյունքների համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Անկախ նրանից՝ ում կնշանակեն մեղավոր, այդ բոլոր անձանց նշանակել է իշխանությունը։
- Լելե-Թեփեի օպերացիան, որի մասին պատերազմի օրերին այդքան շեփորահարում էին, և որը խնդիրներ ստեղծեց մեր բանակի համար, ԱԺ այդ հանձնաժողովի զեկույցում գրեթե չի հիշատակվում։ Հակահարվածի այլ օրինակներ էլ կան, որոնց մասին առհասարակ ոչինչ չկա։ Հակահերոսներ կան, որոնք որպես հերոսներ են ներկայացվում դրանում։ Զեկույցի քաղաքական մասը որ կարդում ես, նույն Փաշինյանի բառապաշարն է․ կա՛մ ինքն է գրել այդ մասը, կա՛մ մեկը ողջ խոսույթը հավաքել է ու վերարտադրել այդ զեկույցում։ Այն, ինչ դուք այս 5 տարիների ընթացքում և դրանից առաջ լսել եք Փաշինյանից, ողջ այդ բառակույտը զեկույցում կա։ Ամեն ինչ արել են, որ ցույց տան՝ իբր Փաշինյանը 44-օրյա պատերազմում իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չի ունեցել։ Մենք էինք երևի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին արգելում՝ ՀՀ նախկին նախագահներին թույլ տա մասնակցել Արցախի պաշտպանությանը։
- 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի ավելի քան 200 էջանոց զեկույցում Արցախի հրամանատարական շտաբում Աննա Հակոբյանի լինելու, «Էրատո» ջոկատի մասնակցության մասին առհասարակ ոչինչ չկա։
- Շատ կարևոր եմ համարում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, ով ասաց՝ պատերազմի 3-րդ օրվանից հետո զորքերի մոբիլիզացիա ըստ էության չի եղել։ Նորմալ իշխանության պարագայում այս թեման պետք է հստակ վերլուծության ենթարկվի, ու պատերազմի արդյունքների մեղավորները խստագույն պատասխանատվություն պետք է կրեն։
- Ակնհայտ է, որ քաղաքական իշխանության մասը զեկույցում ամեն ձևով շրջանցվել, քողարկվել է։ Ընտրություններից առաջ միանշանակ նախկին զինվորականների են բռնելու, փորձելու են ընտրություններից առաջ 44-օրյա պատերազմի պարտության ողջ պատասխանատվությունը դնել կոնկրետ մարդկանց վրա, քավության նոխազներ են գտնելու՝ կոնկրետ այլանդակ քարոզչական ուղեկցությամբ։ Մինչ զեկույցը կարդալն էլ էի դրանում համոզված, հիմա՝ առավել ևս։
- 2018-2019 թվականներին 9 պաշտպանական շրջաններից 8-ի հրամանատարները փոխվել էին։ Դիվիզիայի հրամանատարներ էին փոխվել, բանակի հրամանատար։ Ադրբեջանական բանակի հարվածի գլխավոր ուղղության՝ Հարավային ուղղության գրեթե բոլոր հրամանատարները փոխվել էին։ Հարց է՝ ինչո՞ւ:
Մանրամասները՝ տեսանյութում։