
ԵԹԵ ԵՍ ՊԻՏԻ ԱՍԵՄ՝ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԿԱՄ ՉԱՆԻ, ԱՊԱ ԻՆՉՈ՞Վ ԵՄ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՆԻԿՈԼԻՑ, ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՑ. ՊԵՏՔ Է ԼՍԵԼ ՈՒ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ. ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու (ՀԱԵ) հետևորդ լինելն ասելով չէ։ Դա ենթադրում է նաև Եկեղեցու կանոններին, արարողակարգին հետևելը։ Մեր Եկեղեցում աշխարհիկ մարդու կողմից չի՛ կարող պատարագ մատուցվել կամ որևէ արարողակարգ մատուցվել։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկը որոշում է, որ ինքը պետք է «պատարագ» մատուցի, ինչ-որ մեկն էլ դրան մասնակցի, ապա դա դասական աղանդավորական մոտեցում է։ Կարգալույծ ասվածը նույնն է, ինչ եկեղեցական չլինելը։ Դա միջանկյալ կարգավիճակ չէ։
«Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի»,- հայտարարել է Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամ Ասատրյանի հայտարարությանը։
- Ակնհայտ տեսնում ենք, որ պետությունը կամ պետության կողմից հանդես եկող մարդիկ միջամտում են դավանանքի ազատությանը։ Սա ուղղակիորեն իմ՝ որպես ՀՀ քաղաքացու՝ կրոնի ու դավանանքի ազատությանն ուղղակի և չքողարկված միջամտություն է, որն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հատկանիշներ։
- Իրենք իրենց Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ համարող ՔՊ-ական պատգամավորների, այդ թվում՝ իրենց ազգականների համար որքանո՞վ է ընդունելի որևէ դրդապատճառով ուղղակի միջամտությունը Եկեղեցու դավանաբանական և կազմակերպչական հարցերին։
- Չպետք է ՀՀ քաղաքացին ստիպված լինի գնալ Վեհարան՝ պաշտպանելու Կաթողիկոսին։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդունի Եկեղեցու ցանկացած դիրքորոշում ու հետևի դրան։ Պետք է լսել ու հնազանդվել: Եթե ես պիտի ասեմ՝ Եկեղեցին ինչ պետք է անի կամ չանի, ես ինչո՞վ եմ տարբերվում Նիկոլից, ՔՊ-ականներից։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում, և որևէ մեկն իրավունք չունի գնահատական տալ Եկեղեցու այս կամ գործողությանն ու դիրքորոշմանը։ Եկեղեցին պետական կառավարման համակարգ չէ․ չե՞ք հավանում Եկեղեցու դիրքորոշումը, գնացե՛ք, դարձե՛ք կաթոլիկ, ուղղափառ կամ աղանդավորական։
- Նորմալ զարգացող երկրում ամեն հաջորդ տարվա բյուջեն աննախադեպ պետք է լինի, բայց դա նաև աննախադեպ ծախսեր, կենսամակարդակ ու այլ աննախադեպ ատրիբուտներ է ենթադրում. մարդկանց կյանքը դրանից բարելավվե՞լ է: Իհարկե ո՛չ:
- Հայաստանում այս պահին որևէ մարդ չկա, ով որևէ մեկի հետ ինչ-որ կերպ չի աֆիլացվում ու հնարավորություն չունի պաշտոն ստանալ, եթե հաշվի առնենք այս տարիների ընթացքում տարբեր պաշտոնների նշանակված անձանց քանակը։ Հետևաբար՝ փոխանակ կենտրոնանանք երկիրը զարգացնելու վրա, պառակտող թեզեր են առաջ բերվում։ Չպետք է մտնել ՔՊ-ական իշխանությունների լարած ծուղակը՝ նախկին-ներկա բաժանումների: Դա տեխնոլոգիա է, որի միջոցով փորձ է արվում իրենց նպատակահարմար ինչ-որ պրոցես, օրակարգ առաջ մղել։
- Դու չես կարող լինել ՀԱԵ հետևորդ ու պայքարել Եկեղեցու դեմ։ Ես համոզված չեմ, որ էդ «պայքարողները» մկրտված են, ունեն կնքահայր և այլն։
- Տարբեր երկրներում տարբեր ժամանակներում ապրել եմ, երբևէ արտագաղթելու, քաղաքացիություն փոխելու միտք չեմ ունեցել, «գրին քարտի» համար երբևէ չեմ դիմել, որովհետև ուզել եմ ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Բայց հիմա այն, ինչ մենք կառուցում էինք 30 տարի, կործանվում է։
- Վեթինգն այն չէ, որ քո ուզած դատավորներին հանես, մյուսներին դնես։ Մենք ունեցանք Եվրոպական դատարանի ակտ, որի մեջ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի անունը կա, նշված է, որ Հայաստանում նախարարը բերել է դիմում, որը քննել է ԲԴԽ նախագահը, ով իր հետ ունեցել է տնտեսական շահեր։ Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով հստակ դա նշված է։
- Մենք ունենք իրավիճակ, երբ ասֆալտին պառկեցնելով՝ փաստաբան են ձերբակալում։
- Ակնհայտ է, որ 2026թ.-ի ընտրությունները կեղծվելու են, ակնհայտ է, որ դա արվում է արդեն այսօր, ու պետք է պատրաստվել դրա դեմ պայքարի։ Եթե կա գործիք, որը կարելի է օգտագործել մինչ ընտրություններ, օրինակ՝ իմպիչմենտի գործիքը, դա պետք է օգտագործել։ Պատգամավորական մանդատ վայր դնելը լուծում չէ։ Ես ակնկալում եմ, որ ՔՊ այն պատգամավորները, ովքեր ՀԱԵ հետևորդ են, ովքեր հասկանում են, որ Եկեղեցին քայքայելու գործընթաց է տեղի ունենում, ովքեր հասկանում են, որ վտանգված է՝ իրենց ու իրենց ընտանիքների մկրտության, պսակի, հուղարկավորության ծեսերը, պետք է որոշեն՝ հայ լինե՞լն է կարևոր, թե՞ քաղաքական շահերը։
- Իմ կարծիքով՝ ընդդիմությունը կարող է ճնշումն իմպիչմենտի մասով ուժեղացնել, ինչպես նաև պետք է հրաժարվել նախկին-ներկա դիսկուրսից։
- Ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է Հայաստանում լուրջ հաջողության հասնել, պետք է չմտնի նախկին-ներկա դիսկուրսի մեջ առհասարակ։ Այդ բաժանումը ծայրահեղ արհեստական է։
- Երբ ինձ ասում են՝ Նիկոլին պետք է կալանավորել, ես ասում եմ՝ Նիկոլին պետք չի կալանավորել, նրան պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, և եթե դա պահանջում է նաև կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառել՝ քննության արդյունավետությունն ապահովելու համար, դա այլ հարց է, պետք է անել, բայց կալանքը պատժի տեսակ չպետք է լինի, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը:
- Հայաստանին ակնհայտորեն անհրաժեշտ է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք։ Եկեք հասկանանք՝ ով ով է, որտեղից է ֆինանսավորվում։
- Վարդան Ղուկայանը Միութենական պետության մասին քաղաքական դիրքորոշում է հայտնել, որը ես չեմ կիսում, սակայն ի՞նչ է նշանակում՝ դրան արձագանքել վիրավորական տեքստերով։ Դա ընդամենն իր կարծիքն է:
- Սահմանադրությունը պետք է բավական երկար գործի, որպեսզի սկսի գործել։ Չի կարելի անընդհատ փոխել: Այն գնահատելի է ժամանակի մեջ, երբ ինչ-ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, ու հասկանում ես՝ ինչը կարելի էր այլ կերպ անել։
- Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր ԲԴԽ նախագահին SMS-ով գործից ազատելու համար, միայն այն բանի համար, որ նման բան է մտքով անցել։
- Նախկին բոլոր 3 նախագահների ժամանակ եղել է ընկալում, որ որոշակի միջամտություն դատական գործերին եղել է, բայց դրա 2 ապացուցված դեպք արդեն այս իշխանության օրոք միջամտության մասին կա՝ մեկը ՀՀ 2-րդ նախագահի գործով էր, մյուսը Աննա Վարդապետյանի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ կոնկրետ գործերով միջամտությունը։
- Հայաստանում մենք բանկային գաղտնիքի լուրջ խնդիր ունենք։
- «4-րդ Հանրապետություն» ասելը նույնն է, ինչ ասես, որ ուզում ես մտնել Միութենական պետություն․ երկուսի դեպքում էլ պետության կոնցեպտը փոխվում է։
- Մենք 30 տարի անկախ պետություն էինք կառուցում, երբ ունեինք բալանսավորված քաղաքականություն, երբ և՛ ԵՄ-ի հետ էինք կարողանում համագործակցել, և՛ Ռուսաստանի։ Հիմա մենք մեր երկրի հետ կապված որոշումների ընդունման վրա ազդեցություն չունենք։
- Ալիևը միջազգային հանցագործ է, ով կազմակերպել և իրականացրել է ցեղասպանություն։ Խոսքն Արցախի էթնիկ զտման մասին է։ Դա դասական ցեղասպանություն էր։
- Բազմիցս ասել եմ՝ բոլոր հիմքերը կան մտածելու համար, որ ՀՀ իշխանության վերին էշելոնում օտաերկրյա բազմաթիվ գործակալներ կան։ Հայաստանի՝ իր իրավունքների պաշտպանությունից ամբողջովին հրաժարվելն է պատճառը, որ Ալիևն այսքան բաց է խոսում։
- Սամվել Կարապետյանի, ՀԷՑ-ի դեպքը բիզնեսի դասական զավթում է։ Եկան, պետերին հանեցին, ու նրանց փոխարեն նշանակեցին ՔՊ-ականներ, մարդիկ, ովքեր համայնքներում պարտվել են՝ Սարիկ Մինասյան, Լյուդվիգ Կարապետյան, տարան, նշանակեցին պաշտոններում: Սրանք հետո բոլորը դառնալու են միջազգային Արբիտրաժի որոշումներ։ Եթե Արբիտրաժի միջանկյալ որոշումը չկատարեցին, դա հետո վերջնական արդյունքի վրա ազդեցություն է ունենալու։ Այս պահի դրությամբ արդեն պետությունը մեծ վնասներ է կրել․միայն 3 միլիոն դոլար պետք է տան իրավաբաններին պետական բյուջեից, որ գնան իրենց շահը ներկայացնեն Արբիտրաժային դատարանում։ Ավելի ծանր է լինելու վերջնական արբիտրաժի որոշած գումարի վճարումը, որը չես կարող չվճարել, որովհետև որպես պետություն՝ կհայտնվես բացարձակ մեկուսացման մեջ։
- Հայաստանը գնում է դեպի տոտալիտար ռեժիմ, դեպի դիկտատուրայի խորացում: Եվ սա ակնհայտ է: Քաղաքական հետապնդումներ, սեփականության իրավունքի ոտնահարում, բիզնեսի խլում…
- Երկիրն արդեն իսկ կրախի առջև է:
Հիշեցնենք, միջազգային «Վոլնորթ Լիմիթեդ» ընկերությունը Հայաստանից պահանջել է 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար փոխհատուցում՝ ապօրինի միջամտության և կրած վնասի համար։ «Վոլնորթի»՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (ICSID) ներկայացված արբիտրաժային բողոքը, ըստ ներկայացուցիչների, հիմնավորում է, որ Հայաստանը պատասխանատու է ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասի համար։
«Իր ազդեցիկ և համոզիչ դիմումում «Վոլնորթը» հիմնավորել է Հայաստանի Հանրապետության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ՝ նկատառմամբ, որ Հայաստանի նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ վերցնել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ շրջանցելով օտարերկրյա ներդրողներին տրամադրված իրավական պաշտպանությունը։
Ի դեպ, նշվում է, որ ընկերությունը նաև ներկայացրել է անժխտելի ապացույցներ այն մասին, որ Հայաստանը կազմակերպել և իրականացրել է գաղտնի և բռնի արշավ՝ նպատակ ունենալով զավթել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ երկկողմանի ներդրումային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի՝ «ԶՊՄԿ-ն ժողովրդին վերադարձնելու» և դա «մուրճով անելու» մասին հայտարարություններին հաջորդել են ԶՊՄԿ-ի 60 տոկոսի գաղտնի վաճառքն Արդյունաբերական ընկերությանը, ապա նաև՝ 15 տոկոսի նվիրաբերումը Կառավարությանը։
- ԶՊՄԿ-ին վճարվող գումարները քաղաքացին ուղիղ իր գրպանից է վճարում, անկախ նրանից՝ քաղաքացին դա պատկերացնո՞ւմ է, թե՞ ոչ։ 1.5 միլիարդն այն թիվն է, որը Walnort Finance Ltd․-ի իրավաբանական թիմի փորձագետները հաշվել են, ու որը հաստատ հիմնավորվել է։ Բայց այդ թիվն աճելու միտում ունի։ Որպեսզի պատկերացնեք, ասեմ, դա այն թիվն է, որը ծախսերի, աշխատավարձերի, թոշակների՝ 15%-ով պակասեցնելու, հարկերն ավելացնելու գնով է վճարվելու:
- Դեռ հարց է՝ իրականում ինչքան վարկ ու պարտք են վերցրել և իրականում ինչքան ասֆալտ են գցել…
- Միջազգային արբիտրաժային որոշումներ կան և նորերն են լինելու, որոնցով Հայաստանից միլիարդավոր դոլարներ են պահանջելու… Նույնիսկ չենք խոսում այն մասին, թե երկրի ներդրումային միջավայրին, հեղինակությանն ինչ վնասներ են հասցրել:
Մանրամասները՝ տեսանյութում։