Տանզանիայում ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել
Տանզանիայում համապետական ընտրություններից հետո երեք օր տևած բողոքի ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
Ընդդիմադիր «Չադեմա» կուսակցության խոսնակը հայտնել է, որ անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ մոտ 700 մարդ է զոհվել։ Զոհերի քանակի հետ կապված գնահատականները տարբեր են, իսկ ամբողջ երկրում ինտերնետի անջատումը դժվարացնում է թվերի ստուգումը։
Կառավարությունը երկարաձգել է պարետային ժամը՝ անկարգությունները ճնշելու համար։ Ցույցերին հիմնականում մասնակցում են երիտասարդները, որոնք դուրս են գալիս Տանզանիայի քաղաքների փողոցներ՝ «բողոքելու անարդար ընտրությունների դեմ»։
Բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրում են կառավարությանը ժողովրդավարությունը խաթարելու մեջ։ Նրանք պնդում են, որ անարդար ընտրությունների արդյունքում մեծացել են գործող նախագահ Սամիա Սուլուհի Հասանի հաղթանակի հնարավորությունները։
Շաբաթ առավոտյան երկրի ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Սամիա Սուլուհի Հասանը հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 98%-ը։ Իշխանությունների տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 32 միլիոն քաղաքացի։

