 
                        ՀԱՇՎԵԼ ԵՄ՝ 13-Ն ԷԼ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆ, ՄԵԿՆ ԷԼ ՍՊԱՆՎԵՑ… ՆԻԿՈԼՆ ԻՐ ՍԱՐՔԱԾ ՓՈՑԽԻ ՎՐԱ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ. ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է պետական ու ազգային բոլոր համակարգերը՝ երկիրը տանելով դեպի դիկտատուրայի հաստատում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է մինչև ընտրությունները չեզոքացնել ընդդիմության բոլոր օջախները։
Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ կազմակերպված արշավն այլանդակություն է, սակայն Փաշինյանի հովանավորությամբ կարգալույծ քահանայի կողմից Հովհաննավանքում անցկացված և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված «պատարագին» նրա աջակիցների փոքր թիվը և մյուս բոլոր եկեղեցիներում նույն օրը մատուցված պատարագների մարդաշատությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը հավատարիմ է իր Եկեղեցուն և չի ընդունում այսօրվա իշխանությունների արկածախնդրությունը։
Ըստ Արամ Մանուկյանի՝ այս ամենը ոչ թե Ամենայն Հայոց կաթողիկոսի, այլ ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպես հաստատության և համակարգի դեմ է։ ՀԱԿ կուսակցության փոխնախագահն առանձնացրել է 15 տարբեր համակարգեր, որոնց դեմ այսօր արշավ է իրականացվում, այդ թվում՝ Եկեղեցին, կրթական համակարգը, դատաիրավական համակարգը, պաշտպանական համակարգը, ընտրական համակարգը, մշակույթը, տրանսպորտը, էներգետիկան և այլն։

«Գիտեք, եթե անգամ կաթողիկոսը չունենար այդ թերությունները, եթե լիներ իսկապես մաքրագույն գործիչ և հոգևոր դասի ղեկավար, ապա, միևնույն է, Նիկոլ Փաշինյանը փորձելու էր վերացնել այդ համակարգը։ Նիկոլ Փաշինյանն անձերը, դեպքերը, անցքերը վերագրում է համակարգին և պայքարում համակարգի դեմ։ Այստեղ խնդիրը ո՛չ կաթողիկոսն է, ո՛չ կուսակրոնությունը խախտելու հարցը։ Դրանք պատրվակներ են։ Դա պատվեր է։ Նույն ծրագիրը հիմա իրականացվում է Մոլդովայում և Ուկրաինայում։
Այս մարդկանց ռազմավարությունն ամբողջապես այդ համակարգերը քանդելն է։ Իսկ այդ համակարգերն են՝ կրթությունը, մշակույթը, մամուլը, տրանսպորտը, էներգետիկան։ Էներգետիկայի հետ կապված անընդհատ նույն բանն ասում եմ՝ եթե հանկարծ այս մարդկանց ծրագիրն իրականացվեց, իսկ դա բոլորս գիտենք, որ ատոմակայանը փակելը Թուրքիայի պահանջն է, մեր անվտանգության համակարգի կարևորագույն հիմնասյուն, որը կոչվում է ատոմակայան, դա, այսպես ասեմ, ատոմային զենքի քաշ ունի, եթե ունես ատոմային կայան, և որևէ մեկը ռիսկ չի անի, Հայաստանի վրա հարձակվելու ժամանակ բոլորը պետք է մի պահ մտածեն՝ այդ ատոմակայանի վնասելն ի՞նչ հետևանքներ կարող է բերել»,- մեկնաբանեց 168 TV-ի զրուցակիցը։
Այս համատեքստում ՀԱԿ փոխնախագահը կարևորում է պետության մեջ իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը Սահմանադրությամբ ամրագրված է, բայց գործնականում գոյություն չունի․
«Իշխանությունների տարանջատման սկզբունք՝ կոնցեպտուալ, առանցքային համակարգ է։ Իշխանությունները՝ Ազգային ժողովը, պետք է անկախ լինի, նախագահը պետք է անկախ լինի, կառավարությունը պետք է անկախ լինի, էլ չեմ ասում՝ «չորրորդ իշխանությունը»՝ մամուլը, պետք է անկախ լինի։ Կարո՞ղ եք ասել մի դեպք, որ նախագահն ընդդիմացել է վարչապետին, Ազգային ժողովն ընդդիմացել է վարչապետին և մի օրենք հետ է ուղարկել։ Այդ հակակշիռները գոյություն չունեն։ Իսկ եթե չկա հակակշիռների ազդեցություն, այդ մեխանիզմը, այդ զսպանակը չի գործում, դա նշանակում է՝ չունես պետություն, համակա՛րգ չունես։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի պայքարը համակարգի դեմ է, ոչ թե անձի»։
«Ռեվյու» հաղորդաշարի հյուրն անդրադարձավ նաև ընդդիմադիր համայնքապետերի ձերբակալություններին․
«Երեկ հաշվել եմ՝ 13 համայնքապետ, որոնք ընտրվել են որպես ընդդիմություն, այսօր այլևս չկան, և 13-ի գործերն էլ եթե նայեք, որևէ մեկը չի կազմում 1/10-ը այն լուրջ հանցագործությունների, որ մինչև հիմա տեղի է ունեցել Հայաստանում, այն միլիարդատերերի, հարյուրավոր միլիոն դոլար կերածների, պետությունը մսխածների, բանակը ոչնչացրածների գործերի նկատմամբ, որքան սրանք են։ Գյումրին այդպես էր, Գորիսը, Սիսիանը, Վանաձորը, Ալավերդին, Բյուրեղավանը, Մասիսը, Փարաքարի սպանված համայնքապետի՝ բոլորի գործերը երբ բերում և ամբողջացնում ես համայնապատկերը, տեսնում ես, որ այդ մարդկանց առաջադրված մեղադրանքները պատրվակներ են։ Ինչպես Եկեղեցու համար օրինակը բերեցի, դրանք պատրվակ են՝ համակարգը ոչնչացնելու համար։ Հիմա յուրաքանչյուր մարդ պետք է արդեն զգուշանա՝ եթե ինքն ընդդիմադիր է և ընտրվում է գյուղապետ կամ համայնքապետ, կարո՞ղ է շարունակել»։
Այս ամենից քաղաքական գործիչն անում է հստակ հետևություն՝ Փաշինյանի պայքարը համակարգի դեմ է, ոչ թե անձերի․
«Գիտեք, գյուղի ժողովուրդը, շարքային քաղաքացիները պարտավոր էլ չեն այս ասածներս իմանալ, որ նրա պայքարը համակարգի դեմ է, ոչ թե անձի։ Իրենք մտածում են, որ «հա, Արշակ սրբազանն այսպիսի բան է արել», այդտեղ էլ կիքս տվեցին, իրենց սարքած փոցխի վրա կանգնեցին։ Այս ամբողջ գործընթացը, որ ամբողջ համակարգը, հատկապես՝ մամուլը, արդարադատության համակարգը, դատական համակարգը ներգրավվել է այդ մարդկանց ոչնչացնելու վրա, սա նշանակում է, որ ոչ թե այդ մարդիկ են թիրախը, այլ համակարգն է թիրախը։
Մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանին հարկավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որ ընդդիմության օջախներ, կղզյակներ չլինեն։ Կարող է՝ Նիկոլին շատերը համարեն գիժ, անհավասարակշիռ, հոգեկան, ինչ ասես՝ կարող են ասել։ Ես ո՛չ հերքում եմ դա, ո՛չ ապացուցում եմ, ո՛չ մերժում։ Դա չէ խնդիրը, սիրելի՛ ժողովուրդ, խնդիրն այն է, որ նա, այդպես ձևացնելով, ոչնչացնում է համակարգերը, ոչ թե այդ մարդկանց, ոչ թե մեղք գործածներին, ոչ թե զանցանք ունեցողներին։ Գիտեք, ո՛չ կաթողիկոսին կարելի է ամբողջապես մաքրագործել, ո՛չ Վարդանիկին, ո՛չ Սամվել Կարապետյանին։ Բայց այդ համակարգը ոչնչացնելը կործանարար հետևանքներ է ունենալու»։
Արամ Մանուկյանը նաև հիշատակեց ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, մասնավորապես՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող այն փոփոխությունը, ըստ որի՝ երեք-չորս կուսակցությունների միավորվելու և դաշինք ստեղծելու դեպքում նրանք պետք է ստանան ձայների 10 տոկոսից ավելին՝ ընտրական շեմը հաղթահարելու համար։ Մյուս փոփոխությամբ՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո կարող են դրանք չեղյալ հայտարարել։ Արամ Մանուկյանի խոսքով՝ սրանք էլ ընտրական համակարգի ոչնչացմանն ուղղված քայլեր են։

«Ինձ համար շատ տհաճ է ուղղակի արձանագրել, որ միջազգային կառույցները, որոնք հետևում են Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներին, ձայն չեն հանում։ Դա ակնհայտ նշանակում է, որ «մենք աչք ենք փակում բոլոր այս ահաբեկչական գործողությունների, դեպի դիկտատուրա տանող գործընթացի վրա, քանի որ Նիկոլ Փաշինյանը պետք է Արևմուտքին, քանի որ Նիկոլ Փաշինյանն իրականացնելու է Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Միացյալ Նահանգների ծրագրերը»։
Ակնհայտ է, և նույնիսկ չեն էլ թաքցնում, որ աջակցելու են նրան ընտրությունների ժամանակ։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում հենց այս նպատակն ունի։ Դա նախընտրական աջակցություն է լինելու Նիկոլ Փաշինյանին»,– կարծում է Արամ Մանուկյանը։
Այնուամենայնիվ, փորձառու քաղաքական գործիչը համոզված է, որ Փաշինյանի իշխանությունը ձախողելու է իր ծրագրերում․ «Հավատացնում եմ Ձեզ՝ դա չի աշխատելու։ Հովհաննավանքի եկեղեցու պատմությունը դա ցույց տվեց։ Առաջիկա կիրակին էլ, վստահ եղեք, մարդ չի գնալու, նորից բոլոր եկեղեցիները պատարագ կանեն, և ավելի է ակտիվացել Եկեղեցին, Եկեղեցու դերն ավելի է բարձրացել»։
«Ես կարծում եմ՝ եթե Հովհաննավանքում շատ մարդ լիներ, նա երթ էր անելու դեպի Էջմիածին։ Սիրելի՛ ժողովուրդ, նա որքան էլ անհավասարակշիռ, անլուրջ, այնուամենայնիվ, ժողովրդական ճնշումների հետ հաշվի նստում է։ Չի՛ կարող։ Վախը լուրջ բան է։ Երկու վախը մի մահ է։ Եվ եթե առաջիկա կիրակի էլ բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվի, և ժողովուրդը գնա պատարագի, հաստատ իրեն կզեկուցեն, որ մեկը հազարի դեմ՝ ժողովուրդը գնում է իսկական պատարագ անելու։ Եվ խնդիրը ոչ թե եկեղեցին է, ոչ թե վարչապետն է։ Խնդիրը երկիրն է»,- հավելեց Արամ Մանուկյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        