Բաժիններ՝

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարեցին․ ո՞ւմ ենք վստահելու քաղաքացիների անվտանգությունը, ու ի՞նչ պետք է անեն ՊՈԱԿ-ի աշխատակիցները

Կառավարությունը երեկ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունել է Ներքին գործերի նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշումը։

Հիմնավորման մեջ իբրև ակնկալվող արդյունք է նշվում հանգամանքը, ըստ որի՝ անհրաժեշտություն է առաջացել միմյանցից տարանջատելու տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը՝ այն վերապահելով Ներքին գործերի նախարարությանը, և տեխնիկական անվտանգության փորձաքննության ու տեխնիկական քննության իրականացումը՝ միաժամանակ ոլորտում ապահովելով հավասար մրցակցային պայմաններ։

Նախագծի ընդունումը, ըստ նախագիծը մշակած ինստիտուտի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, կապված է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 ծրագրի՝ Մեգանպատակ 02՝ «Պաշտպանված Հայաստան»-ի հետ։

«Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև՝ բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար։

Կարդացեք նաև

Որպես թիրախային արդյունք՝ ունենալու ենք՝ «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ», ենթակետ՝ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»,- ասվում է հիմնավորման մեջ։

Հավելում են նաև, որ նախագծի ընդունմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեում կառաջանա ծախսերի տնտեսում։

Իսկ մենք հիշեցնենք՝ դեռ հոկտեմբերի սկզբին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 168am-ին ահազանգել էին 2005 թվից գործող ՊՈԱԿ-ը լուծարելու որոշում կա:

«Փաշինյանի կողմից տրվում է հանձնարարական մինչև 2025թ.-ի նոյեմբերի 1-ը ՊՈԱԿ-ը լուծարելու և զուգահեռաբար ԱՎՕ-ների պարտադիր ապահովագրման պատշաճ մոդել ստեղծելու վերաբերյալ: Նշենք, որ ԱՎՕ-ների պարտադիր ապահովագրման գործընթաց իրականացված չի մինչև հիմա,- գրել էին ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց նամակում։

Նրանք նաև հիշեցրել էին, որ 2008թ. կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարի կողմից նույնպես եղել է առաջարկ ՊՈԱԿ-ը լուծարելու մասին, ինչին հաջորդել է «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած խոշոր պայթյունը, զոհերը:

««Նաիրիտի» տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվել էր Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայով աշխատող «ԴԱՄԻ» ՍՊԸ-ի կողմից: ՊՈԱԿ-ի կողմից անցկացվեց տեխնածին վթարի փորձաքննություն, քանի որ տեխնածին վթարների փորձաքննությունը կատարվում է ՊՈԱԿ-ի կողմից, ինչի արդյունքում տրվեց համապատասխան եզրակացություն վթարի պատճառների վերաբերյալ:

Ինչևէ, այդ ժամանակ անցկացված քննարկումների ժամանակ եկան եզրակացության, որ ԱՎՕ-ների փորձաքննությունների ոլորտում պետության ներկայացուցչի գործունեությունն անհրաժեշտություն է, և ՊՈԱԿ-ը չլուծարվեց:

ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են վերելակների, ամբարձիչ սարքավորումների, կարուսելների, բենզինի և գազալցակայանների, լողամիջոցների, հանքարդյունաբերական օբյեկտների, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ԱՎՕ-ների և ստրատեգիական նշանակության արդյունաբերական ձեռնարկությունների փորձաքննությունները՝ ներառյալ վտանգավոր նյութերի արտադրման, տեղափոխման, օգտագործման, ոնչնչացման և այլ բազմաթիվ սարքավորումների փորձաքննությունները (Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ագարակի պղնձամոլիբդենային, Կապանի կոմբինատներ, ՀԱԷԿ, Երևան ՋԷԿ և այլն),- նշել էին ՊՈԱԿ-ից և հավելել, որ սկսած 2006թ.-ից` ՊՈԱԿ-ն իր աշխատակիցների շնորհիվ կարողացավ հասնել նրան, որ տասնյակ-հազարավոր ԱՎՕ-ներ հաշվառվեցին և բերվեցին իրավական դաշտ, իրականացվեցին տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայություններ,- ՊՈԱԿ-ի կողմից մշակվել և ներդրվել են տեխնիկական անվտանգության ոլորտին վերաբերող տարբեր կանոնակարգեր: ՊՈԱԿ-ի աշխատակիցների թիվն աստիճանաբար հասավ 130 աշխատակցի, որոնցից 34-ը հաշմանդամություն ունեցող անձինք էին (ներկա պահին նրանք 13-ն են.- Զ.Դ.): Նշենք նաև, որ բոլոր աշխատակիցները ստանում են արժանավայել աշխատավարձ, վարձատրվել և վարձատրվում են ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում ստեղծվող միջոցների հաշվին՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ դնելու»:

ՆԳՆ-ի՝ ՊՈԱԿ-ի լուծարման նախագիծը չի պատասխանում հարցերին՝ ո՞ր ՍՊԸ-ն պիտի ներկայացնի Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների՝ ամեն տարի անցկացվող միջազգային համաժողովներում, որտեղ քննարկվում են տեխանվտանգության ոլորտի կարևորագույն հարցեր, պետությունն ինչպե՞ս է վերահսկելու ՍՊԸ-ների գնային քաղաքականությունը, աշխատանքների իրականացման որակը, որքանո՞վ է օբյեկտիվ առևտրային կազմակերպություններին վստահել երկրի բնակչության անվտանգությունը:

Հիշեցնենք նաև, որ դեռ հոկտեմբերի 3-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հանդիպել էր արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին․ քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, հնարավոր բացերի և շահագրգիռ կողմերի տեսակետների ուսումնասիրությունն էր։

«Ներկա օրենսդրական կարգավորումներով՝ Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը համարվում է հավատարմագրման ենթակա գործունեություն։

Փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեն ՆԳ նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր։

Գործող մոդելն ունի մի շարք բացեր, որոնց մասով քաղաքականության մշակման, ստանդարտների սահմանման և դրանց վերահսկողության տեսանկյունից հատվածային լուծումներ են նախատեսվել։

Նախատեսվում է նաև լուծարել ՆԳ նախարարության ենթակայության տակ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ գործընթացը դարձնելով ավելի թափանցիկ և մրցակցային»,- ասված էր հանդիպման վերաբերյալ ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս