ԵԹԵ ԴՈՒ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԵՂԱԾ ՔԱՀԱՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԵՍ ՄԿՐՏՎՈՒՄ, ԴՈՒ ՄԿՐՏՎԱԾ ՉԵ՛Ս, ԵԹԵ ՊՍԱԿՎՈՒՄ ԵՍ, ՔՈ ՊՍԱԿԸ ԵԿԵՂԵՑՈՎ ՉԷ՛. Տ. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԶԱՐԳԱՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Կարգալույծ քահանայի կողմից պատարագ անցկացնելը կանոնական ընթացք է, որն արժանի է բանադրանքի, քանի որ դա խախտում է եկեղեցու միասնականությունը, ինչն առաջին հերթին տեղի է ունենում անհնազանդության ճանապարհով եկեղեցու այն կարգերին, որ սահմանել են մեր հոգևոր հայրերը։
- Որտեղ եպիսկոպոսն է, այնտեղ Եկեղեցին է, և ով եպիսկոպոսի հետ չէ, նա եկեղեցում չէ։ Քահանան ինքնին չի կարող որևէ թեմական եկեղեցական միավոր նշանակել, եթե ինքը կապված չէ եպիսկոպոսի հետ։ Սա աքսիոմա է։ Մեր եկեղեցու հայրերն այս առումով շատ խիստ են արտահայտվել։ Առավել ծանր է, երբ լինելով եկեղեցուց հեռացված, ոչ միայն քահանայապետում ես, այլև ներգրավում ես հավատացյալների։ Սա արդեն ուղիղ հերձվածողություն է։
- Կեղծիք է, երբ ասում են՝ մենք եկեղեցու դեմ չենք, այլ Վեհափառ Հայրապետի, եպիսկոպոսի դեմ ենք, և այլն։ Սա բնորոշ է այնպիսի «ժողովրդավարությունների», որը հատել է պոպուլիզմի սահմանները։
- Երբ նախկին Տեր Արամը մուտք է գործել Վազգենյան դպրանոց, որն այսօրվա Հայրապետի հիմնած դպրանոցն է, Ամենայն Հայոց հայրապետն արդեն իր պապիկի տարիքին էր։ 50-ից ավելի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ ունենք, հարյուրավոր վարդապետներ ու աբեղաներ, ամուսնացյալ քահանաներ։ Նրանց միասնությունն է Եկեղեցու միասնականությունը։ Երբ որևէ քահանա նման վարքագիծ է դրսևորում, կասկածի տակ է դնում Եկեղեցու վարդապետական դասը։ Պետական մակարդակով իրեն սատարողն էլ է նույնն անում։ Պողոս Առաքյալն ասում է՝ դրսից դատավոր մի՛ բերեք ներսի հարցերը լուծելու համար։ Իսկ ով նման բան է անում, պետք է պաշտոնազրկվի։

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար մեծ ցավ է բարոյական, հեղինակության կորստի առումով ստեղծված այս իրավիճակը, երբ ստիպված ես կտրել չորացածը, որ չվարակի։
- Եթե Եկեղեցում խնդիրներ կան, իսկ խնդիրներ միշտ եղել են, լինելու են և կան, բայց դրանք լուծվում են ժողովական եղանակով։ Եկեղեցու հարցերը լուծելու տեղը եկեղեցական ժողովներն են։ Եկեղեցին այնքան է թաթախված ազգային հարցերի լուծման մեջ, որովհետև դրված է Հայրենիքի լինելիության, Սփյուռքի ուծացման, հայապահպանության և այլ հարցեր, որ հաճախ եկեղեցական հարցերի լուծման համար շատ ժամանակ չի մնում։ Այո՛, կարող են լինել խնդիրներ, անգամ՝ հալածանքներ, բայց պիտի դիմանաս։
- Այս եղանակով Եկեղեցուց հեռացվածների մտադրությունները, ինչպես ժամանակն է ցույց տալիս, այնքան էլ ազնիվ չեն լինում։
- Եթե աղանդավորությունը ճշմարիտ, ուղղափառ գաղափարից շեղվելն է, ապա այո՛, տեղի ունեցողն աղանդավորություն է։ Պոպուլիզմն ինքը աղանդավորական գործիք է, և իշխող վերնախավը հենց այդ եղանակով էլ գործում է։ Հոգևոր առումով նախկին քահանայի արածը բողոքականություն է։ Բայց ես այստեղ ավելի շատ հերձվածի, պառակտողի գործելակերպ եմ տեսնում։
Ի գիտություն. հերձվածել բառի նշանակությունը – եկեղեցուց պառակտվել՝ անջատվել իր դավանությամբ, հերձվածող դառնալ, որևէ ուսմունքից՝ ուղղությունից շեղվել:
Հերձված է կոչվում Եկեղեցու մեջ տեղի ունեցած խզումն ու բաժանումը, երբ Եկեղեցու որևէ մեկ հատված բաժանվում է մնացյալ հատվածից` մեծ մասամբ վարչական և երբեմն միայն աստվածաբանական տարաձայնությունների պատճառով: Այդ իմաստով յուրաքանչյուր հերձվածի հետևանքը Եկեղեցու մասնատումն է:
Քրիստոսի Եկեղեցին իր պատմության ընթացքում ենթարկվել է երեք խոշոր մասնատումների: Առաջին մեծ բաժանումը տեղի է ունեցել 451 թվականին` Քաղկեդոնի ժողովից հետո, երբ առաջացան Արևմտյան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները: Երկրորդը 1054 թվականին էր, երբ ծնվեցին Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքները, իսկ վերջինը Բողոքականության ծնունդն էր` Կաթոլիկ Եկեղեցու ծոցում, ԺԶ (XVI) դարում: Այդպես առաջացան քրիստոնեության չորս մեծ ընտանիքները` Ուղղափառ (Արևելյան և Արևմտյան), Կաթոլիկ և Բողոքական:
Տիեզերական Եկեղեցում տեղի ունեցած հերձվածների պատճառով վերջին երկու դարերում տուժեց նաև Հայ Եկեղեցին, որը մինչ այդ մեծ զրկանքների գնով կարողացել էր պահպանել իր նախնական պարզությունն ու ամբողջականությունը: Սակայն ԺԸ (XVIII) դարում կաթոլիկ միսիոներների քարոզչության հետևանքով որոշ հավատացյալներ հեռացան Հայ Եկեղեցուց և հաղորդության մեջ մտան Կաթոլիկ Եկեղեցու հետ` ստեղծելով Կաթողիկե Հայերի հարանվանությունը, իսկ ԺԹ (XIX) դարում, այս անգամ արդեն բողոքական քարոզիչների ջանքերով, որոշ հայորդիներ ընկան Բողոքական շարժման ազդեցության տակ, հիմք դնելով մի նոր հարանվանության: Հատկանշական է, որ վերջինս 150 տարվա պատմություն ունի և իր ձևի ու բովանդակության մեջ լինելով մի մասնաճյուղն ընդհանուր բողոքական շարժման` կոչվել է բողոքական, պրոտեստանտ, ավետարանական կամ ավետարանչական և, որն այսօր ինքն իրեն անվանում է Հայ Ավետարանական Եկեղեցի:

- Ես կասկած չունեմ, որ սա եթե անգամ արտաքին պատվեր էլ չէ, ապա ունի մեծագույն արտաքին աջակցություն։ Այս աշխատանքը նոր չի սկսվել։ Տասնամյակ աշխատանք է տարվում Եկեղեցու դեմ։ Իսկ 20 տարի առաջ, երբ հիմնվեց Սորոսի գրասենյակը, այն, ինչ հնչում էր այնտեղ տեղի ունեցող ժողովների ընթացքում, այսօր այս իշխանությունը դրել է կիրառության մեջ։ Ըստ նրանց՝ Հայ Առաքելական եկեղեցին ու, ասենք, ոմն Եղբայր Համլետի 200 հոգանոց խմբակը նույն իրավունքները պիտի ունենային։
- ՔՊ-ի համար գործակալ լինելը միայն ռուսական դաշտին է վերաբերում, բայց եթե տվյալ անձը ծառայում է Թուրքիայի, Մոսադի, CIA-ի շահերին ու ֆինանսավորվում է նրանց կողմից, դա նորմալ է, ասում են՝ ծառայում է «ինքնիշխանության» շահերին։
- Եթե մենք ունենայինք անաչառ ու ազգային պետական կառույցներ, հատկապես՝ ԱԱԾ, Դատախազություն, քննչական մարմիններ ու ոստիկանություն, այս խոսակցությունները չէին լինի։ Չէին լինի նաև այն մարդիկ, ովքեր կան այսօր քաղաքական դաշտում։
- Այս իշխանության շուրթերից, իրենց գալու օրվանից սկսած, միշտ լսել ենք զրպարտություններ, անգամ քրեական տարրեր պարունակող, բայց չենք լսել արձագանք արդարադատության համակարգից։ Թիվ մեկ ամբիոնից ատելության խոսք է հնչել մեր հասարակության հասցեին, թույն է լցվել մեր ականջների ու մեր տների մեջ… Մեր հասարակությանն այս իշխանություններն իրենց այդ քայլերով այսօր տանում են հոգեկան խանգարման, որի գագաթնակետը դիվահարությունն է։
- Իրենց իսկ կողմից տարածվել է ձայնագրություն, որտեղ երկու հոգևորական խոսում են։ Ապօրինի գաղտնալսվել են այդ հոգևորականները և… պարզվում է՝ մինչ օրս գործ չի հարուցվել։ Սա ուղիղ ուղերձ է հասարակությանը՝ գաղտնալսե՛ք իրար։
- Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու ժամանակ քահանաներից մեկն ասել էր՝ արարողության եմ, ավարտեմ, գամ, ասել էին՝ եթե չգաս, կգան, կտանեն։ Սա է ոստիկանության, մեր իրավապահ մարմինների գործելաոճը։
- Ժողովրդի անունից խոսելով՝ լռեցնում են ժողովրդի ձայնը, որովհետև այսօր բազմաթիվ մտավորականներ, իրավապաշտպաններ ձայն են բարձրացնում. դա ժողովրդի ձայնը չէ՞։
- Հոգևորականը ձեռնադրության և օծման միջոցով շնորհներ է ստանում։ Քահանան որոշակի շնորհներ է ստանում, որոնք սահմաններ ունեն։ Ես՝ որպես վարդապետ, օրինակ, չեմ կարող եկեղեցի օծել, որովհետև այդ շնորհը չեմ ստացել։ Հայ Առաքելական եկեղեցին երբեք առաքելական հաջորդականությունից չի կտրվել։ Այդ շնորհներով է քահանան ստանում իշխանություն։ Կարգալուծությամբ նա այլևս իշխանություն չի ունենում, դառնում է անգործուն։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր իմանալով սա, գնում են այդ քահանայի մոտ՝ օգտվելու նրա խորհուրդներից, դրանք անվավեր են։ Եթե դու կարգալույծ եղած քահանայի կողմից մկրտվում ես, դու մկրտված չես, եթե պսակվում ես, քո պսակը եկեղեցով չէ։ Ամեն դեպքում ցավում եմ նախկին Տեր Արամի համար, որ գործիք դարձավ։

- Ինձ համար վիրավորական է, երբ մեր նախկին կարգալույծ հոգևորականները մեզ մեղադրում են վախի մեջ։ Ես վախկոտ չեմ, երբ հարցեր են լինում, ես բարձրացնում եմ։ Այլ հարց է՝ դրանք լուծվո՞ւմ են, թե՞ չէ, և եթե չեն լուծվում, ի՞նչ պատճառով չեն լուծվում։ Մնացե՛ք Եկեղեցում, պայքարե՛ք, փոխե՛ք։ Դուրս գալով ու քար նետելով՝ հա՞րց է լուծվում։
- Տեսե՛ք՝ ի՞նչ արեցին Ուկրաինայում։ Ուղղակի քայքայեցին ուկրաինական եկեղեցին, բաժան-բաժան արեցին։ Նույն երևույթը մենք տեսնում ենք Մոլդովայում, խլրտումներ կան Սերբիայում… Սա գլոբալ խնդիր է՝ գլոբալ ուժերի տնօրինությամբ, հնարավոր է՝ լիբերալ, հակառուսական, հակաօրթոդոքսյան։ Սա մեկ ուժի խնդիր չէ։ Եվ նախկին Տեր Արամը մտել է այս բոլորի արանքը, ուզում է հարց լուծել․ չի հասկանում՝ ինչ է անում։ Ասում է՝ թիկունքիս վարչապետ կա, տեսեք՝ ինչ կանեմ…
- Արագածոտնի թեմում ուրիշ քահանաների ուղղությամբ էլ են իրավապահներն իշխանությունների ցուցումով աշխատել ու չեն հաջողել։ Մեկին շանտաժ են արել, մյուսին նոր տներով, մեքենաներով են շահագրգռել, բայց չի աշխատել, քահանաները հրաժարվել են համագործակցել…
- Եթե կա սադրանք, նախ պետք է դա բացահայտել, հասարակության հետ անկեղծ խոսել, ասել, որ սադրանք է նախապատրաստվում, որ լուծումները կան, բայց այսօր դրա ժամանակը չէ։ Երբ չի լսվում ֆունդամենտալ գիտելիքներ ունեցող մարդկանց ձայնը, լսվում է պոպուլիստների, հայրենիքից, ազգայինից, եկեղեցուց գաղափար չունեցողների ձայնը։ Պետք է կանգնել, չնահանջել, հասարակությանը բացատրել։
- Վերջերս լսում էի քարտեզագիր Ռուբեն Գալչյանին։ Մարդը չի հասկացել, թե Միքայել սրբազանն ինչ է ասել, երբ կուսակրոնության ուխտի դեմ այս պոռոտախոսների բերած փաստարկին պատասխանել է՝ թող այս պոռոտախոսները դե առանց կնոջ մի ամիս ապրեն։ Գալչյանը, փաստորեն, հասկացել է այնպես, ինչպես Փաշինյանը։ Կարծես թե գիտնական է, բայց․․․ Առավել ցավալի է, որ նման մարդկանց կողմից ես լսում այդպիսի բաներ։
- Տապանը կառուցում են ջրհեղեղից առաջ․ մենք տապանը չենք կառուցել։ 35 տարի քաղաքական և հոգևոր դաշտում բազմաթիվ սխալներ են գործվել, ու եկել-հասել ենք նախաջրհեղեղյան աղետին։ Երբ հասարակության մեջ կեղտը շատանում է, և այդ կեղտը չի մաքրվում, մի օր աղետի առաջ ենք կանգնում… Այսօր բանտում են 3 արքեպիսկոպոս ու եպիսկոպոս ու մեկ քահանա։ Սրանք քավ չարած ձերբակալություններ են։
- Արդարը պետք է ձերբակալվի, որ մեղքը մաքրվի։ Մարդկության մեղքը Փրկիչը քավեց, որովհետև մեղքը զոհ է պահանջում։ Արդար պիտի մատնվի, եթե արդարը չմատնվեց, աղետ է լինելու։

- Եթե պոպուլիստը եկել-հասել է երկրի ղեկին, նշանակում է՝ պետությունը քաղաքական ֆիլտր չի ունեցել։
- Մեր ժողովրդին պետք է հիշեցնել ու զգուշացնել՝ դեմագոգները որոշումները կայացնում են ձե՛ր անունից, Հայաստանի Հանրապետության անունի՛ց։
Մանրամասները՝ տեսանյութում։

