
«Ալենների և մյուսների կողմից թիրախավորումները ցեղասպանության մի տեսակ են». Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ի երեկոյան ներկայացրեց իր «փտած գաղափարախոսական կետերը», որպեսզի ցույց տա, թե արցախյան շարժման մեկնարկի 37-ամյակին մեռնում է հին գաղափարախոսությունը և թևակոխում ենք նոր դարաշրջան:
«Սա մեսիջ էր թե՛ ադրբեջանական կողմին, թե՛ մեր հասարակության այն հատվածին, որ հակված է մտածել, թե՝ այո, Հայաստանը կարող է խաղաղություն ունենալ թղթի կտորով, կամ Հայաստանն ասի՝ ես չեմ եղել և սկսում եմ կառուցվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մետաքսե Հակոբյանը մեսիջ է համարում նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքի 60 տոկոսն Ադրբեջանն անվանում է Արևմտյան Ադրբեջան. «Այո, ինչ-որ գործարքներ են տեղի ունենում, և, որ դա տարածքների շուրջ է: Մենք անընդհատ խոսում ենք Ադրբեջանի մասին և մոռանում Թուրքիայի դերակատարությունը, որովհետև «Զանգեզուրի միջանցք» ասվածն այսօր Թուրքիային ավելի հետաքրքիր է, Թուրքիան ավելի շահագրգռված է, քան Ադրբեջանը, և այստեղ Ադրբեջանը՝ որպես շանտաժի գործիքակազմ ունեցող կողմ, օգտագործվում է: Ես կարծում եմ, որ այդ գործարքը շատ երկար ժամանակ քննարկվում է իրենց մոտ: Սահմանադրության փոփոխությամբ կարծես լուծվելու է նաև միջանցքի հարցը, որովհետև մենք չգիտենք՝ նոր Սահմանադրությունն ինչպիսին է լինելու, արդյո՞ք այնտեղ երկրի վարչապետը տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու համար է լինելու, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ մեկը մյուսի հետ կապ ունի, և կարգավորումները լինելու են Սահմանադրությամբ»:
Դեռ նախորդ տարվա օգոստոսին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն իրենց հետ քննարկել է: Ավելին, Ամիրբեկովը հստակ նշել էր, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնելը պետք է ձևակերպվի այսպես. «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել»: Էլչին Ամիրբեկովը նշել էր, որ եթե նրանք հարցն այդպես դնեն, հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի, «քանի որ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց»։ Ադրբեջանցի պաշտոնյան նկատել էր, որ սովորաբար ցանկացած առաջնորդ պատերազմը նման կերպ տանուլ տալուց հետո ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց Փաշինյանը հաղթեց»:
Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ հիմա վերոնշյալ սցենարի իրագործման ականատե՞սն ենք:
«Դրանում բազմիցս ենք համոզվել, և այդ սցենարը չի գրվում այսօր, դա վաղուց մշակված սցենար է, որն առանց մեծ խոչընդոտների՝ առաջ է գնում: Իսկ 2021-ին ժողովուրդը վերընտրեց Փաշինյանին, որովհետև հավատաց Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի վերաբերյալ հայտարարություններին: Հայ ժողովուրդն ամենախաղաղասեր ժողովուրդներից է և շատ լավ գիտի խաղաղության գինը, բայց հասկանում է՝ ով է իր թշնամին: Նման խաղաղության պայմանագրի օրինակ էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը հաջորդ վայրկյանից արդեն իսկ չաշխատեց: Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա նրա հայտարարությունները հիշեցնում են 2019-ին Արցախում արված հայտարարությունները, այսինքն՝ այն, ինչ բերեցին Արցախի գլխին, բերում են Հայաստանի գլխին, իրենք դա սկսել են:
Նիկոլ Փաշինյանի խոսքը ես հասկացել եմ այսպես, որ 30 տարի շարունակ Հայաստանն իրեն որպես ագրեսոր է դրսևորել, իսկ մասնագետներն ավելի խորը դրա պատասխաններն ունեն: Հայաստանի իշխանությունները ոչ թե անում են որևէ բան, որպեսզի կանգնեցնեն Բաքվին կամ ինչ-որ ձևով խոչընդոտեն այս կեղծ դատավարություններին, այլ համահունչ գնում են: Եվ Բաքվում այդ կեղծ դատավարությունների ժամանակ հնչող հայտարարությունները, որոնք Հայաստանին քայլ առ քայլ փորձում են ներկայացնել՝ որպես ագրեսոր պետություն, այստեղից նույն բանը զուգահեռ տանում են ՀՀ իշխանությունները»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մետաքսե Հակոբյանն անդադարձավ նաև արցախցիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների հայտարարություններին՝ շեշտելով, որ այն «թիրախավորումները, ստորացումները, որ ալեններն ու մյուսներն են անում», ուղղված են մեկ նպատակի՝ որպես հասարակության մի հատված՝ ոչնչացնել, չարացնել, վերացնել, քշել Հայաստանից. «Ես այն կարծիքին եմ, որ սա ցեղասպանության մի տեսակ է, որ իշխանություններն անում են ժողովրդի մի հատվածի նկատմամբ, և դրանով իրենց պարտավորությունների ցուցադրությունն են անում իրենց գործընկերներին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում