«Եթե մենք գնում ենք վեթինգի, որ Ալեքսանդր Ազարյանին դատարանից հեռացնենք ու Աննա Դանիբեկյանին տանենք, սա քաղաքական նպատակահարմարություն է». Ալեքսանդր Կոչուբաև

«Տպավորություն է, որ տուգանքների համար է մնացել արտակարգ դրությունը, քանի որ բազմաթիվ են իրականում դրանք՝ կապված արտակարգ դրության իրավական ռեժիմի ենթադրյալ խախտումների հետ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Ինչ վերաբերում է այսօրվա միջադեպին, երբ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին աջակցելու համար ոստիկանության շենքի մոտ հավաքված երիտասարդներին բերման էին ենթարկել, Ալեքսանդր Կոչուբաևն ասաց. «Եթե մենք գնանք այսպիսի ռեպրեսիվ գործիքակազմով, պետք է ձերբակալենք ամբողջ ՀՀ-ին»:

Փաստաբանը վստահ է, որ արտակարգ դրությունը չափավոր և համաչափ գործիք չէ այս պահին:

Անդրադառնալով խոստացված վեթինգի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշման մեղմացմանը՝ Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ իր կարծիքով՝ վեթինգի գնալու կարիք ի սկզբանե չկար:

«Կան վատ դատավորներ, բայց մենք ապահովագրված չենք, որ վաղվա դատավորներն ավելի լավն են լինելու»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ վեթինգի մասին խոսում են միայն իշխող քաղաքական շրջանակները, իսկ փորձագիտական հատվածը, ով դատարանի հետ ունի ամենօրյա շփում, վեթինգի հետ կապված անհրաժեշտություն չի տեսնում:

«Եթե մենք գնում ենք վեթինգի, որ Ալեքսանդր Ազարյանին դատարանից հեռացնենք ու Աննա Դանիբեկյանին տանենք Վերաքննիչ կամ Վճռաբեկ, սա վեթինգ չէ, սա քաղաքական նպատակահարմարություն է»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը՝ հավելելով, որ վեթինգն իրականում գործընթաց է՝ Ալ. Ազարյանի նման դատավորներին մեկուսացնելու և կախյալ դատական համակարգ ունենալու համար:

Փաստաբանը նշում է, որ կապված իրավական գործընթացների հետ՝ վարչապետն ունի անկայուն, անհավասարակշիռ խոսք, և վերջին ասուլիսը դրա ցայտուն դրսևորումն էր, և այս վեթինգի օրակարգ բերելը կամ օրակարգից հանելն ընդամենը քաղաքական հարցեր է լուծում:

Խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին՝ Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ ՍԴ դատարանի կազմը փոխելու՝ իշխանությունների՝ այս անգամ արդեն դա Խորհրդարանի միջոցով անելու մղումը, ոչ իրավաչափ ճանապարհ է:

«Եթե Խորհրդարանը որոշի, որ պիտի արձակի ՍԴ կազմը, դա կնշանակի, որ ՀՀ-ում իշխանությունների տարանջատման սկզբունքը կդադարի գործել: Կրկնում եմ, եթե մեր Խորհրդարանը չդրսևորի այնպիսի բարձր իրավագիտակցության շեմ, որ գնա նման հակաիրավական որոշման, մի օր այդ գործընթացին տրվող գնահատականը պետք է լինի քրեաիրավական»,- նկատեց փաստաբանը՝ շեշտելով, որ, եթե հարկադիր որոշման միջոցով դա արվի, սա կվկայի սահմանադրական կարգի տապալման մասին:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու՝ դատավորի որոշմանն անդրադարձ կատարելով՝ Ալ. Կոչուբաևն ասաց, որ այն պահից, երբ երկրորդ նախագահը հարցաքննության հրավիրվեց՝ որպես վկա, ՀՔԾ ու ցուցմունք տալուց հետո դատավարական այլ կարգավիճակ ստացավ ու մտավ քրեական վարույթի մեջ, այստեղ չկա իրավական գործընթաց:

Ալեքսանդր Կոչուբաևի կարծիքով՝ նաև ներկայումս առկա հռետորաբանության պատճառով է, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում Հայաստանը ներկայացվում է՝ որպես կիսակոնսոլիդացված, ավտորիտար ռեժիմ:

Դիտարկմանը, որ իշխանություններն այլ պատկեր են ներկայացնում՝ նշելով, որ մենք բարձունքներ ենք նվաճել խոսքի ազատության բնագավառում, փաստաբանը պատասխանեց, որ մեր երկրում հիմա ոչ թե խոսքի, այլ ատելության խոսքի ազատություն է:

«Նույն այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչներ ոչ վաղ պատմական անցյալում ընդդիմադիրներ էին, և երբ «Freedom House»-ը զեկույց էր հրապարակում նախորդ իշխանությունների սուր քննադատությամբ, դա նրանց համար մեթոդական ուղեցույց էր դառնում: Եվ այսօր այդ հեղինակավոր կազմակերպությունը մեր երկիրը որակում է՝ որպես ավտորիտար, և դա գալիս է մեր երկրի ղեկավարի անհավասարակշիռ տեքստերից, երբ հանդես է գալիս, օրինակ, դատարանների շրջափակման կոչով, ՍԴ վերաբերյալ ելույթները… Այնպես չէ, որ մենք աշխարհից կտրված ենք, և աշխարհը տեսնում և իր գնահատականը տալիս է»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով վերջին օրերին Անժելա Էլիբեգովայի և Տաթևիկ Ռևազյանի հասցեին հնչեցված ատելության խոսքին՝ Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ սրանք այն պտուղներն են, որ ցանել է իշխանությունը, և պատահական չէ, որ, օրինակ, Անժելա Էլիբեգովայի դեպքում իշխանական շրջանակներից որևէ քննադատություն չլսվեց:

Ըստ փաստաբանի՝ քաղաքականապես չեզոք մարդը, ինչպիսին Ստյոպա Սաֆարյանն իրեն ներկայացնում է, բացահայտ հասարակության ինչ-որ մի շերտի չի պիտակավորի:

«Քաղաքականապես չեզոք Հանրային խորհրդի նախագահը պարտավոր է ներկայացնել հանրության բոլոր շերտերի շահերը, այդ թվում՝ նաև այն անձանց շահերը, ում նա հոգու խորքում դեմ է: Իսկ Ստյոպա Սաֆարյանը չի խորշում ամեն պատեհ-անպատեհ առիթներով վիրավորել նախկիններին, ներկաներին, հներին: Ընդ որում, նա իր այսպիսի վարքագծով հայտնի է դեռևս 2008 թվականից, և քրեական գործով դեռևս չհերքված տեղեկություններ կան, որ նա եղել է Մարտի 1-ին բախումներ հրահրած անձանցից մեկը»,- ասաց Ալ. Կոչուբաևը՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող, քանի որ նախաքննական գաղտնիքի խնդիր կա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս