
«Պատկերացրեք, որ մեկը Նիկոլ Փաշինյանի լրագրողներից մեկի հետ այդպես վարվեր, ի՞նչ աղմուկ կբարձրացներ նա». Ավետիք Իշխանյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումից հետո հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին, իսկ հանդիպման մասին ընդամենն ասել էր՝ «Սուրճ էինք խմում»:
Այնուհետև, շրջվելով դեպի իր անվտանգության աշխատակիցները, հրահանգել է նրանց իր ճանապարհն ազատել լրագրողներից:
«Մի հատ ազատեք»,- ասել էր նախկին լրագրող ու խմբագիր Փաշինյանը:
Միջադեպի մասին 168.am-ը զրուցեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Մեր երկու զրուցակիցներն էլ կարծում են, որ պարտադիր չէ՝ պետական-քաղաքական գործիչները պատասխանեն իրենց ուղղված բոլոր հարցերին: Արդարության համար պետք է նշել, որ վարչապետի հանդիպումն ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հետ այնքան էլ սովորական երևույթ չէ:
«Արդյոք պետական-քաղաքական գործիչը պարտավո՞ր է ամեն քայլափոխի, երբ նրան պատահում են լրագրողներ, պատասխանի հարցերին, կարծում եմ, որ ոչ: Այլ խնդիր է, որ խտրական վերաբերմունք չցուցաբերեն տարբեր լրատվամիջոցների նկատմամբ՝ հարցազրույց կամ ասուլիս կազմակերպելիս: Տվյալ պարագայում հարցն այն է, թե դու ինչպե՞ս կարող ես լրագրողների արդարացի, պրոֆեսիոնալ լուր ստանալու ցանկությունը մերժել: Մոտեցումների խնդիր է, ինքը, լինելով նախկին լրագրող, պետք է հատուկ վերաբերմունք ունենար լրագրողների նկատմամբ, կարող էր ուղղակի ասել, որ, օրինակ՝ «Շատ կներեք, հարգելի լրագրողներ, հիմա զբաղված եմ, այդ խոսակցության մասին հետագայում տեղյակ կպահեմ», և խնդրել, որ ճանապարհ տան»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝«Քաղաքականությունը ենթադրում է, որ ընդդիմադիր կամ նույնիսկ համակիր քաղաքական գործիչների հետ կարող են խորհրդապահական զրույցներ լինել, դա երկկողմանի համաձայնեցված է լինում, սովորաբար մասնակիցներից մեկը չի կարող իր վրա վերցնել ամբողջ բովանդակությունը ներկայացնելու պատասխանատվությունը: Այդ առումով լրիվ նորմալ եմ համարում, որ չցանկացավ ներկայացնել»:
Անդրադառնալով բուն միջադեպին, այն է՝ վարչապետի հրահանգին՝ ազատել ճանապարհը՝ մեր զրուցակիցները նկատեցին, որ սա անհարգալից վերաբերմունք է լրագրողների նկատմամբ:
«Սա արդեն ցույց է տալիս վարչապետի՝ իշխանության դիրքերից խոսելու բնույթը: Սա բոլորովին քաղաքակիրթ երկրի ղեկավարին բնորոշ չէ, ի վերջո, թիկանապահներին հանձնարարել ճանապարհ բացել, դա կարելի է հասկանալ՝ որպես ուժ կիրառելու հրահանգ: Դրան գումարենք մեկ այլ խնդիր: Նիկոլ Փաշինյանը նախկինում թերթի խմբագիր էր, պատկերացրեք, որ մեկն իր լրագրողներից մեկի հետ այդպես վարվեր, ի՞նչ աղմուկ կբարձրացներ Նիկոլ Փաշինյանը: Բայց, ինչպես ասում են, քաղաքականություն է, իշխանության հասնելուց հետո մարդիկ ամեն ինչ մոռանում են և արդեն վայելում են իշխանությունը, իրենց շուրջ ոչինչ չեն տեսնում»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
«Չեմ տեսել այդ միջադեպը, բայց եթե ոչ պարկեշտ վերաբերմունք կար լրագրողների նկատմամբ, դա միշտ դատապարտելի է: Եթե այդ ձևակերպմամբ է հրահանգը եղել, ապա դա գեղեցիկ չէ»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Նշենք, որ հանդիպումից հետո դրա բովանդակության մասին խոսել է Էդմոն Մարուքյանը:
Նա ասել է, որ խոսակցության թեման եղել են Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություններն ու շահարկումները: Մարուքյանը վարչապետի հետ ներքաղաքական խնդիրներ չի քննարկել: