«Քարոզչության առումով մենք կրկին հետ ենք մնում, որովհետև ԵԽԽՎ ամբիոնից Գյանջալիևը փորձելու է խոսել  ադրբեջանական կոչվող այդ համայնքի մասին». Մարիամ Ավագյան

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևին ընդգրկելն Ադրբեջանի նախագահի ծրագիրն է, երբ վերջինը նախկին երկու անհաջող կադրերին փոխարինեց լավ թե վատ կրթված դիվանագետով:

«Ես հետևում եմ Թուրալ Գյանջալիևի գործունեությանը և տեսնում եմ, որ նա՝ Ալիևի հետ միասին, կրկնում է բոլոր այն քայլերը, որոնք մեր՝ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար»-ը 2010  թվականից այս կողմ կատարել է: Իրենք տեսել են, որ մենք տարբեր հանդիպումներ ենք անցկացնում դեսպանատներում, այցելել ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Իրանի, ՌԴ-ի, Լեհաստանի և այլ երկրների դեսպանատներ, որին մեր իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին: Նկատի ունեմ, որ այդ ճանապարհը մենք անցել ենք, որն այսօր նույնությամբ կրկնում է Գյանջալիևը:

Նա և Ալիևը կարողանում են այնպես անել, որ յուրաքանչյուր դեսպանատուն մտնել-դուրս գալուց հետո դրա մասին պաշտոնական գրվի, նույն Մեծ Բրիտանիայի դեսպանն ադրբեջաներենով թվիթերյան իր էջում գրել էր, որ հանդիպել է Թուրալի հետ, իսկ մեր պարագայում միայն մեկ անգամ է եղել, երբ Ֆրանսիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատուն 2011 թվականին մեզ հետ հանդիպելուց հետո ասաց, որ հանդիպման վերաբերյալ անպայման կտան դիվանագիտական հեռագիր, որ նման հանդիպում է տեղի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Ավագյանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները չեն արժևորել իրենց գործունեությունը, չեն սատարել ու չեն  խթանել, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանություններն առաջ մղեցին Թուրալ Գյանջալիևին, որը նույնպես կրկնում է այն, ինչ ժամանակին իրենք էին ասում, որ փախստականները քաղաքական գործոն են:

«Գյանջալիևին Ալիևն առաջ բերեց, հորինեց ինչ-որ ընտրություններ, որի արդյունքում էլ՝ իրավախախտումներով, դրա մասին ադրբեջանցիները տարբեր տեսանյութեր են հրապարակել,  նա ընտրվեց Մեջլիսի պատգամավոր: Այսինքն՝ այս ամբողջ իրավախախտումներով նրան դարձրին պատգամավոր, որտեղից էլ տարան ԵԽԽՎ: Քարոզչության առումով մենք կրկին հետ ենք մնում, որովհետև ԵԽԽՎ ամբիոնից նա փորձելու է խոսել  ադրբեջանական կոչվող այդ համայնքի մասին, ընդ որում, հետևել եմ նրա բառամթերքին,  նա բառացիորեն կրկնում է Իլհամ Ալիևին: Մեկ-երկու ամիս առաջ արձագանք նամակ ուղղեցի Գյանջալիևին, քանի որ վերջինը հայերենով իր ելույթներից մեկում նման միտք հայտնեց, որ՝ դուք սպասեք, մենք գալիս ենք:

Այն, որ Թուրալն իր կեցվածքով ագրեսիվ է՝ բնական է: Հրանտ Դինքը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ թուրք ժողովուրդը պաշտպանում է այն, ինչ գիտի, հիմա Ադրբեջանում մեր մասին ի՞նչ գիտեն, նրանց դաստիարակել են այնպես, որ մենք ագրեսիվ ենք, տարածքներ ենք գրավել, և այլն: Այսինքն՝ այդ պետությունը, նույնը՝ նաև Թուրքիան, տանում են այնպիսի քաղաքականություն, որ իրենց երիտասարդությունը մեծանա ցեղասպանի հոգեվիճակով, որ ցանկացած սուլոցի դեպքում անցնի գործի՝ առանց վարանելու:

Իմ նամակում հարց եմ բարձրացնում՝ ուղղված ենիչեր Թուրալին, որ, երբ ինքը գնում է Միացյալ Նահանգներ և բարձրաձայնում Արցախի հարցը, ինչո՞ւ չի հանդիպում նաև հրեա ծագում ունեցող փախստականների հետ, որոնք Բաքու բառը լսելիս՝ լացում են»,- շեշտեց Մարիամ Ավագյանը:

Նրա դիտարկմամբ՝ ԵԽԽՎ-ում Գյանջալիևի հայտնվելը  հայկական կողմից պետք է ունենա հակազդեցություն, քանի որ գնալու է այնտեղ և համարձակ ներկայացնի Ալիևի թեզերը, դրա համար նրա վրա շատ գումար է  ծախսվում:

Ըստ մեր զրուցակցի՝  իրենք բազմիցս ասել են, որ Արցախի հարցն արդեն լուծված է և  պետք է միացման մասին խոսել, դրա մասին խոսել է նաև Հայ Դատի գրասենյակը:

«Գյանջալիևներին մենք պետք է արձագանքենք, բայց պետք է առաջ գնանք այն կետից, որ Արցախը Հայաստան է, և վերջ: Արցախը պետք է միացնել Հայաստանին և հայտարարել միացյալ Հայաստանի մասին, եթե մենք սա գրագետ անենք, վստահ եմ, որ միացումն աշխարհի համար ընդունելի կլինի:

Մեր պատգամավորական դիվանագիտությունը պետք է հանձն առնի և հասկանա, թե ինչ բանաձևեր է մշակել նույն այս տարիների ընթացքում «Ադրբեջանական ԽՍՀ-ից  փախստականների համագումար»-ը, հասկանա, թե Իլհամի ստերը որ կետերում են, եթե նրբությունները մեր պատգամավորական դիվանագիտությունն ընկալի և նշանային հարված հասցնի, ապա կարող ենք Գյանջալիևին շատ արագ չեզոքացնել: Գյանջալիևն այնտեղ ուժ չէ, բայց շատ կարևոր է, որ մենք կարողանանք օրակարգը փոխել»,- հավելեց Մարիամ Ավագյանը:

Տեսանյութեր

Լրահոս