Բաքուն շարունակում է Թեհրանի հետ քննարկել Ադրբեջանն Իրանով Նախիջևանին կապող ճանապարհի հարցը

Մինչ միջազգային հանրությունն ուշադրությունը սևեռել է ԱՄՆ-ՌԴ գլոբալ բանակցությունների մեկնարկային գործընթացի վրա, Ադրբեջանի իշխանություններն օտարերկրյա ակտիվ այցեր են իրականացնում:

Այդ շարքում ուշագրավ էր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի` նախօրեին Թեհրան կատարած աշխատանքային այցը, որի շրջանակներում փետրվարի 17-ին հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և տարանցման, նավթագազային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։

Նաև նշվում է, որ կողմերը վերանայել են Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուր-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։ Իսկ այսօր Իրանում Ասադովը մասնակցել է Կասպյան տնտեսական հերթական թվով 3-րդ ֆորումին։

Կարդացեք նաև

Շաբաթներ առաջ էլ Թեհրան էր այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով մի շարք հանդիպումներ էր ունեցել Իրանում, որոնցից ամենակարևորը, թերևս, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումն էր։

Ըստ Tehran times-ի, Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է:

«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության փորձ ամենևին ընդունելի չէ»,- ասել է նա:

Նա տարածաշրջանի երկրների միջև միասնության կոչ է արել: Իր հերթին՝ Հաջիևը նշել էր, որ Ադրբեջանը ձգտում է խորացնել երկկողմ կապերը: Ըստ Tehran times-ի, Մասուդ Փեզեշքիանը նշել էր, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է:

«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության փորձ ամենևին ընդունելի չէ»,- ասել է նա:

Նա տարածաշրջանի երկրների միջև միասնության կոչ է արել: Սակայն այս հանդիպման ընթացքում ևս քննարկվել էր Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի իրանական տարբերակը։

Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ, այսպես կոչված, միջանցքի բացման ուղղությամբ։

«Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում և չի կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտով»,- ասել էր Ալիևը՝ նշելով՝ քանի դեռ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանը շրջանցող, Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարության ուղղությամբ։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Փետրվարի սկզբին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատեց, որ Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ, նկատելով․

«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին»։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Ադրբեջանը փորձում է բալանսավորել իր արտաքին հարաբերությունները։

Ըստ նրա, տևական ժամանակ ունենալով լարված հարաբերություններ Իրանի հետ, փորձում է կարգավորել հարաբերություններն Իրանի հետ, քանի որ սրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Ըստ ամենայնի, խնդիր է դրված վստահություն ձևավորել այդ հարաբերություններում տարածաշրջանում Իրանի համար ամենակարևոր՝ այդ ճանապարհի հարցի շուրջ։ Այս դեպքում էականը ոչ թե արդյունքը և այդ ճանապարհի բացումն է, այլ այդ ուղղությամբ բանակցություններն ու աշխատանքը, որը կմեղմի Իրանի կողմից դիմադրությունը Հայաստանով անցնելիք հնարավոր ճանապարհի ուղղությամբ։

Ինչպես նկատում ենք, Ադրբեջանը չի շտապում և այս փուլն օգտագործում է իր արտաքին հարաբերություններում կայունություն ձևավորելու, ինչպես նաև աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացների շրջափուլն անցնելու համար։ Ուստի բացատրելի է նաև, որ Ադրբեջանը չի պատասխանում ՀՀ առաջարկներին, որոնց մասին հայկական կողմն էր հայտարարել»,- ասաց վերլուծաբանը։

Եվսեևը գտնում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների և հարաբերությունների իրավիճակը կախված է Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների արդյունքներից։

«Բնականաբար, այս գործընթացում Հայաստանն իր ակնկալիքներն ու համապատասխան սցենարներն ունի, իսկ Ադրբեջանն՝ իր։ Ադրբեջանի շահերից է բխում, որ Թրամփի վարչակազմը շարունակի այն քաղաքականությունը, որը ներկայումս ուրվագծվում է, և հնարավորինս քիչ միջամտի Հարավային Կովկասի հարցերին։ Սակայն այն, որ թուրք-ամերիկյան առաջին շփումների օրակարգում հարավկովկասյան թեմատիկան ներառվել է, որոշակի կասկածների ու անորոշության տեղիք է տալիս ու ստիպում սպասել բոլոր քաղաքական նախաձեռնությունների հարցում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։ Ուստի, ըստ Եվսեևի, այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանը ժամանակ է շահում և այլ ուղղություններով գործընթացներ է նախաձեռնում՝ նպատակ ունենալով չսրել հարաբերություններն Իրանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս