Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հարավային Կովկասում նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության գլոբալ կանխատեսումները՝ 2025–2026 թթ. նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսների համար։
Սեզոնային կանխատեսման գլոբալ մոդելները ցույց են տալիս, որ 2025–2026 թվականների նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում սպասվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ։ Հատկապես մեծ է նորմայից բարձր ջերմաստիճանների հավանականությունը Հյուսիսային Ամերիկայի հարավային և հյուսիսարևելյան շրջաններում, Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանում և Արկտիկական շրջաններում։ Հարավային կիսագնդում նորմայից բարձր ջերմաստիճաններ կանխատեսվում է Նոր Զելանդիայում և Հարավային Ամերիկայի հարավային շրջաններում։
2025-2026 թթ. նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսների տեղումների կանխատեսումը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ծովի մակերևութային ջերմաստիճանի գրադիենտի ուժեղացման հետ։ Հասարակածի երկայնքով՝ 160° արևմտյան երկայնությունից մինչև Հարավային Ամերիկայի ափերը, կանխատեսվում են կլիմայական նորմային մոտ տեղումներ։
Նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Ասիայի ափամերձ շրջաններում, Գվինեայի ծոցի մերձակայքում գտնվող ափամերձ տարածքներում, Մեծ Աֆրիկյան եղջյուրում և Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում, ինչպես նաև հյուսիսարևելյան Բրազիլիայում և Հյուսիսային Ամերիկայի հարավային շրջաններում։
Տեղումների քանակի նորմայից բարձր լինելու հավանականությունը մեծ է Հնդկաստանում, Ռուսաստանի հյուսիսում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինների շրջակայքում, Արևելյան Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային շրջաններում։

