«Ավելի պարզ ձեզ էլ ինչպե՞ս կարելի է բացատրել»․ Սամվել Ֆարմանյանը ՔՊ-ականներին տեղեկացնում է՝ ինչպես և ինչու են նրանք Փաշինյանի գլխավորությամբ դարձել իշխանություն

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շեշտում է՝ Փաշինյանին միջազգային խաղացողներն ու կենտրոններն են 2018-ին իշխանության բերել՝ իրենց շահերից ելնելով։ Դիմելով ՔՊ-ականներին՝ Ֆարմանյանը նշում է․ «․․․ աշխարհաքաղաքական մեծ ու լուրջ խաղացողները ձեզ պես քաջնազարներ չէին ու չեն, ոչ այնքան սիրելի անգետ քպ-ականնե՛ր, որ այդքան ռեսուրս դնեին, Նիկոլին ու ձեզ բերեին իշխանության, հետո նոր հասկանային՝ կարո՞ղ են նրա ու ձեր միջոցով լուծել իրենց խնդիրները: Ավելի պարզ ձեզ էլ ինչպե՞ս կարելի է բացատրել»․

«Մի շատ կարևոր հարցի պարզաբանում՝ ականատեսի աչքերով․

Նիկոլն ու որոշ ՔՊ-ականներ տարիներ շարունակ կրկնում են մի թեզ, որի իմաստը հետևյալն է. «2018 թ. հետո հատկապես նախորդ իշխանությունները հա ասում էին՝ Նիկոլն եկել է, որ հողերը տա, եկել է՝ հողերը տա: Ու նման մեղադրանքների արդյունքում էր, որ Նիկոլը, դավաճան չերևալու համար, ստիպված դարձավ «ոչմիթիզական», ու հետո եղավ պատերազմը, պարտվեցինք և այլն»: Թեզի իմաստը սա է:

Մի կողմ դնենք այն, որ ռացիոնալի աշխարհում նման պնդումն իսկ կուրորեն իշխանության հավակնած թիմի համար սեփական անմեղսունակության ու անպատասխանատվության ցցուն ինքնախոստովանություն է: Բայց դա չի կարևորը:

Ես, օրինակ, 2018 թ. մայիսի 1-ին ու 8-ին երկու անգամ էլ դեմ եմ քվեարկել Նիկոլին ճիշտ այդ հիմնավորումով: Որովհետև հասկացել եմ, որ, այո, Նիկոլը գալիս է, ավելի ճիշտ՝ Նիկոլին բերում են, որ «հողերը տա»: Ու գիտե՞ք որտեղից էի հասկացել:

Որովհետև, ի տարբերություն ձեզ՝ սեփական հաջողությունից քարացած «հեղափոխական» քաջնազարների, շատերի պես ես էլ փողոցային շարժման թիկունքում պարզ տեսնում էի միջազգային ու ռեգիոնալ գրեթե բոլոր խաղացողների թունդ ներգրավվածությունը:

Ու ես ինքս ինձ պարզ հարց էի տալիս. ինչու՞ են այդ կենտրոնները, ուժերը շահագրգիռ, որ Սերժ Սարգսյանը գնա ու իշխանության գա Նիկոլը: Այդ ի՞նչ էր արել Սարգսյանը, որ միջազգային խաղացողները ամեն կերպ ցանկանում էին նրա հեռացումը: Հայաստանի ժողովրադավարությու՞նը… հա՜-հա՜-հա՜:

Ու օձի խելք ունենալ պետք չէր այն ժամանակ ու դրանից հետո՝ հասկանալու համար, որ Սարգսյանը այդ նույն կենտրոնների զայրույթը շարժել էր մեկ պատճառով՝ բետոնե պատնեշ էր ղարաբաղյան ստատուս քվոն միայն իրենց ձեռնտու ձևով փոխելու, ապա աշխարհաքաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Ընդամենը: Ուրիշ ոչ մի պատճառ լինել չէր կարող: Հայաստանը, բացի Ղարաբաղից ու գեոպոլիտիկ հարցերից, աշխարհի մեծ խաղացողների համար որևէ այլ հետաքրքրություն չէր ներկայացնում:

Իսկ աշխարհաքաղաքական մեծ ու լուրջ խաղացողները ձեզ պես քաջնազարներ չէին ու չեն, ոչ այնքան սիրելի անգետ քպ-ականնե՛ր, որ այդքան ռեսուրս դնեին, Նիկոլին ու ձեզ բերեին իշխանության, հետո նոր հասկանային՝ կարո՞ղ են նրա ու ձեր միջոցով լուծել իրենց խնդիրները: Ավելի պարզ ձեզ էլ ինչպե՞ս կարելի է բացատրել:

Այսքանը:

Հ.Գ. – Ի միջի այլոց, ես այն կարծիքին եմ, որ 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները մեր ժողովրդին արդեն բացարձակ հետաքրքիր չեն: Ժողովուրդը մի ճիշտ հետևություն է արել՝ խաբվել է ու առաջ անցել՝ քաղաքական շատ ուժերի ու գործիչների թողնելով 2018 թ. գերեզմանափոսի մեջ»,- սոցցանցի իր էջում գրել է Ֆարմանյանը։

Տեսանյութեր

Լրահոս