Փորձագիտական կարծիք՝ եկամուտների հայտարարագրման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ
«Շուրջ ութ տարի առաջ ձևավորված համատարած եկամուտների հայտարարագրման ռեֆորմի նախնական հայեցակարգի հիմքում դրված էր մի պարզ, բայց սկզբունքային գաղափար․ հարկային մարմինը պետք է ոչ թե սպասի, այլ ձևավորի հայտարարագրի բովանդակությունը՝ իր տվյալների հիման վրա, իսկ քաղաքացին պետք է միայն հաստատի կամ ճշգրտի այն։
Այլ կերպ ասած՝ «նախալրացումը» պետք է դառնար ինքնահայտարարագրման համակարգի առանցքային հենասյունը, որն էլ կապահովեր և՛ պարզեցում, և՛ համատարած ընդգրկում։
Այսօր ԱԺ-ում քննարկվող օրենսդրական փոփոխությամբ փաստացի արձանագրվում է, որ այդ գաղափարն ի վերջո վերադառնում և ընդգկվում է բնականոն շրջանառության մեջ։ Սակայն այս վերադարձը միաժամանակ հաստատում է նաև ռեֆորմի սկզբնական նախագծման ժամանակ թույլ տրված ռազմավարական շեղումը՝ գործող համակարգը կառուցվել էր սխալ շեշտադրումների վրա։
Մասնավորապես, այն փորձել էր համատեղել եկամուտների հայտարարագրման գաղափարախոսությունը և դրամական հոսքերի վերահսկողության վարչական գործառույթը, ինչի արդյունքում ինքնահայտարարագրման սկզբունքը, ըստ էության, խեղաթյուրվել էր և վեր էր ածվել կիսավերահսկողական մոնիթորինգի մեխանիզմի։
Այս օրենսդրական նախաձեռնությունը, որքան էլ ձևապես փոքր լինի, իր էությամբ շտկում է նախկին համակարգային սխալը։ Այն առաջընթաց է, որովհետև վերադառնում է գաղափարական ճիշտ հիմքին՝ հայտարարագրման տեխնոլոգիական պարզեցմանը և պետության տվյալահեն միջավայրի արդյունավետ օգտագործմանը։
Միևնույն ժամանակ, սա նաև անուղղակի ընդունում է, որ գործող ռեֆորմի կառուցվածքային բազիսը սխալ էր։ Օրենսդրական շտկումը, ըստ էության, նոր ռեֆորմ չէ, այլ մաքրազարդումն է նախկինում թույլ տրված կոնցեպտուալ սխալների, երբ համակարգը շեղվել էր իր սկզբնական՝ պարզեցված և վստահելի ինքնահայտարարագրման հարթակ դառնալու նպատակից։
Այդ իմաստով՝ նախագիծը պետք է ընկալել ոչ թե հետքայլ, այլ՝ ինքնավերադասավորում, քանի որ համակարգը վերադառնում է իր բնական տրամաբանությանը, որտեղ հարկային մարմինը դառնում է գործընկեր, ոչ թե վերահսկող, իսկ հայտարարագրումը՝ ինքնաշխատ, ոչ թե վախեցնող պարտականություն։
Կարճ ձևակերպմամբ այս փոփոխությունը կարելի է բնութագրել որպես առաջընթաց, որը արձանագրում է նախկին սխալների գոյությունը։ Այն ուղղում է ինքնահայտարարագրման գաղափարի խեղաթյուրված կիրառումը և վերականգնում այն սկզբունքը, որն ութ տարի առաջ դրվել էր համակարգային ռեֆորմի հիմքում․ քաղաքացին՝ որպես գործընկեր, պետությունը՝ որպես տեխնոլոգիական օժանդակող»։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյան

