Ամենավտանգավորը լույսի անունով խավար տարածելն է. Տեր Նշան
«Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք». Աստվածաշնչյան պատգամը մեկնաբանում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի Սուրբ Եղիշե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:
Ի՞նչ է նշանակում՝ «լինել լույսի որդիներ»
-Լույսի որդիներ լինելու համար՝ նախ պիտի ճանաչել՝ ինչ է Լույսը, ինչպես կարելի է հայրություն տեսնել Լույսի մեջ, որ կարողանանք որդիներ լինել։ Եթե կարճ պատասխանելու լինենք՝ ճանապարհը սկսվում է ոչ միայն «աշխարհի Լույս» Քրիստոսին հետևելով, այլև Քրիստոսի նման Աստծուն զավականալով։ Քանի որ Լույս է Հայրը, ինչպես Հավատամքի մեջ էլ Քրիստոսի մասին ասում ենք՝ Լույս է, (որ ծնվել է Լույսից): Սա Քրիստոսին հետևելու, մեր քրիստոսանմանության, Հայր Աստծուն որդեգրվելու և Քրիստոսի պես Նրան Հայր կոչելու գեղեցիկ կոչ ու ճանապարհ է։
Ինչպե՞ս «լինել լույսի որդիներ»
-Լույսի որդի լինելը, պարզ բառերով եթե ասենք, քրիստոնյա լինելն է՝ հավատալով, մկրտվելով, ապրելով, օրինակ տալով և վկայելով, որ Քրիստոսն է լույսի աղբյուրը, ճանապարհը և նպատակակետը։ Դա հեշտ ընտրություն չէ, քանի որ այսօր աշխարհում ավելի մեծ, շատ և գրավող է հակառակ գովազդը։
Միշտ լայն է եղել խավարի դուռը, բայց ունենք զգուշացում, որ ճիշտ է նեղ դուռն ընտրելը, որը գուցե սկսվում է դժվար վերելքով, բայց հետո դառնում է Արքայություն տանող լայն ճանապարհ: Դա ընտրելու համար Ծննդյան գիշերվա մոգերի պես ունենք Ավետարանի լույսը։ Այս առումով
«լուսո որդին» Ավետարանի լույսը կրողն ու տարածողն է։
Ո՞րն է խավարի հիմնական սպառնալիքը
-Խավարի հիմնական սպառնալիքը մեզ ներկայանում է երկու երեսով՝ գաղափարական և կիրառական։ Գաղափարական առումով՝ Աստծուն մերժող կամ անտեսող զանազան տեսություններ ու կեղծ գիտականությամբ քողարկված քարոզչություններն են, որ անգամ հանրակրթության պարտադիր դասավանդվող նյութերի մեջ են մնացել աստվածամերժ համակարգից կամ սողոսկել են նոր փաթեթավորմամբ։
Սրա շարունակությունն է հասարակության համար նյութական բարիքների և մարմնական հաճույքների համատարած ընդունելի և «բնական» ներկայացնելը՝ գովազդելով նոր ժամանակների՝ այսպես կոչված հերոսների, որոնց հիմնական արժանիքը շատ դրամ վաստակելն է կամ արհեստական կերպով մարմինը գեղեցիկ ներկայացնելը։
Ամենավտանգավորը լույսի անունով խավար տարածելն է, բարու անունով չարը սերմանելը։ Մարդիկ կարող են տարիներ նվիրել այդ գովազդներով կյանքի նպատակ դարձած երևույթներին ու երբեմն շատ ուշ անդրադառնալ, որ խաբված են, որ առանց Քրիստոսի հնարավոր չէ ունենալ իրական լույսը, հաղորդակից լինել բարիք Ստեղծող գերագույն Բարուն։ Փրկիչն Ինքը վկայեց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»:
Աշխարհի գովազդի ազդեցությունը գտնում ես ամուսնալուծությունների, արհեստական վիժումների, ինքնասպանությունների, միայնակ մեռնող ծերերի, դրամական մեծ շահ բերող արհեստական ճգնաժամերի, մարդկային կյանքեր խլող նոր պատերազմների և նույնիսկ ցեղասպանությունների վիճակագրությունների մեջ։
Ինչպե՞ս դիմակայել չարին ու պահպանել մեր հոգու լույսը
– Դիմակայելու համար Քրիստոս-լույսի հետևից գնացողները նախ իսկապես պիտի լուրջ նայեն այն հավատքին, որի կրող են ներկայանում։ Պիտի ավելի բարձր դասեն Քրիստոսով միությունը, քան իրենց ես-ը: Պիտի լծակից չլինեն անհավատներին՝ ըստ առաքյալի խոսքի
Պիտի ամուր կառչեն իրենց հայրերի հավատքին ու Քրիստոսի խորհրդական մարմին եղող եկեղեցուն: Ամենօրյա սովորությամբ Աստծո խոսքի ընթերցումը, աղոթքը և բարի գործերը պետք է կարողանան օրինակ դարձնել իրենց ընտանիքի անդամների համար։ Պիտի կարողանան սիրել ու ներել հանուն Քրիստոսի՝ իրենք էլ պարբերաբար ապաշխարությամբ և Սուրբ Հաղորդությամբ հաշտվելով Աստծո հետ։
Պատրաստեց Անի Ավագյանը

