Ալիևի հերթական ծուղակը՝ Հայաստանի դեմ

Դեպի Հայաստան բեռներ տարանցելու սահմանափակումները վերացնելու վերաբերյալ Ալիևի հայտարարությունն այնքան է ոգևորել Հայաստանի այսօրվա կառավարիչներին ու նրանց արբանյակներին, որ պատրաստ են նրա առաջ նորանոր խոնարհումների։ Դրա համար էին հավանաբար շտապում զոհաբերել Արցախն ու հազարավոր երիտասարդին։

Ժամանակից շուտ Հայաստանին Ադրբեջանի տարածքով ներմուծման հնարավորություն տալու այս ժեստի իրական նպատակներն առաջիկայում դեռ կտեսնենք։ Միամտություն կլինի մտածել, թե դրանով Ադրբեջանը մտադիր է փող աշխատել Հայաստան ապրանքներ ներմուծելու հաշվին։

Մյուս կողմից՝ հազիվ թե կարելի է կարծել, որ Ալիևի ուշքը Հայաստանի համար գնում է ու շտապում է օր առաջ այլընտրանքային հնարավորություն ստեղծել՝ Հայաստանի տնտեսության ու հայկական բեռների փոխադրման համար։

Իհարկե, առայժմ խոսքը կարծես միայն ներմուծումների մասին է։ Ղազախստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում Ալիևը բառացի հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։

Կարդացեք նաև

«Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը» ենթադրում է, որ դա վերաբերում է միայն ներմուծումներին։ Հակառակ դեպքում կարող էր ասել, որ վերացվել են սահմանափակումները դեպի Հայաստան և Հայաստանից։ Բայց Հայաստանից բեռների տարանցման մասին խոսք չկա։

Այնինչ՝ մեր տնտեսության համար առաջնային նշանակություն ունի ոչ թե ներմուծումը, այլ արտահանումը։ Ընդհակառակը՝ ճանապարհների ապաշրջափակում կոչվածն ի վնաս Հայաստանի տնտեսության է, առավել ևս, եթե վերաբերելու է միայն ներմուծումներին։ Դրանով ներքին տնտեսության մրցակցային խնդիրներն ավելի են սրվում՝ ներմուծման հնարավոր էժանացման հետևանքով։

Հայաստան բեռների ներմուծման սահմանափակումների վերացման հետ կապված բազմաթիվ հարցեր, Ալիևի այս հայտարարությունից հետո, մնում են անպատասխան։ Հատկապես որ, Ադրբեջանն այդ քայլին ժամանակից շուտ է գնում։

Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի բացման հեռանկարներն ու ժամկետները դեռևս խիստ անորոշ են։ Դրա հայկական հատվածի կամ Թրամփի ուղու կառուցման աշխատանքները նույնիսկ չեն էլ սկսվել։ Ակնկալվում է, որ այդ աշխատանքներն առնվազն 3-4 տարի կտևեն։ Այսինքն՝ 2029թ. շուտ Ադրբեջանը չի կարող օգտվել Թրամփի ուղուց։ Բայց հանկարծ որոշել է այսօր «լավություն» անել ու վերացնել դեպի Հայաստան ներմուծվող բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Պարզ է, որ սրա տակ բոլորովին այլ նպատակներ կան թաքնված, որոնց մասին դեռ շատ բան չգիտենք։ Չի բացառվում, որ դրանով հերթական ծուղակն է նախապատրաստվում Հայաստանի դեմ՝ ՔՊ-ականների ու Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Զարմանալի չէ, որ նրանք շտապեցին րոպե առաջ ողջունել իրենց «քաղաքակիրթ» գործընկերոջ բարեհաճ քայլը։

Ալիևի հայտարարությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառումով ավետեց, թե Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման վերաբերյալ։ Ավելին՝ տվեց նաև դրա գնահատականը։

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը։

Սրանով չբավարարվելով՝ Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովում Ալիևին իր գնահատանքը հայտնեց անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Հետ չմնաց նաև էկոնոմիկայի նախարարը՝ ազդարարելով, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։

Սա մի երթուղի է, որը Հայաստանի համար լոգիստիկ առավելություններ, կարելի է ասել, չի տալիս, փոխարենը՝ քաղաքական դիվիդենտներ է ապահովում Ադրբեջանի համար։ Այն, իհարկե, ո՛չ անխոչընդոտ, և ո՛չ էլ պարզեցված ընթացակարգով անցում է լինելու, ինչպիսին Հայաստանն է խոստացել իր «քաղաքակիթ» հարևանին։ Չհաշված, որ տարբեր պատրվակներով, այդպիսիք ինչքան ուզես ու երբ ուզես կարող են հորինել, ցանկացած պահի Ադրբեջանը կարող է այն դադարեցնել։

Փոխարենը՝ սա կարող է դառնալ առաջին քայլը, որով սկսվում է Հայաստանի ու Հայաստանի տնտեսության կախվածությունն Ադրբեջանից։

Դեպի Հայաստան տարանցման սահմանափակումների վերացումը կարող է ուղիղ կապ ունենալ ադրբեջանական ապրանքները Հայաստան ներմուծելու հետ։ Դրանից հետո, ի՞նչն է խանգարում, որ այդ ճանապարհով ադրբեջանական ապրանքները ներմուծվեն։ Չէ՞ որ իշխանությունները վաղուց են անհամբերությամբ սպասում, թե երբ են առևտուր անելու իրենց թուրք եղբայրների ու քույրերի հետ։

«Շատ կարճ ժամանակում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առևտուր են անելու, ձևավորվելու է միասնական շուկա, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքներն էլ լինելու են Բաքվի և ադրբեջանական մյուս քաղաքների խանութներում»,- այս մասին ոչ վաղ անցյալում հայտարարում էր Ալեն Սիմոնյանը։

Եվ հիմա առիթը ներկայացել է։ Հավանաբար շատ շուտով շտապելու են ադրբեջանական ապրանքներով ողողել հայաստանյան շուկան։ Մինչև հիմա թուրքականներով էին ողողում, հիմա նաև ադրբեջանականներով կողողեն ու կհայտարարեն, թե տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիր են լուծում, Ռուսաստանից կախվածությունն են թուլացնում։ Բենզինը, գազը Ռուսաստանից բերելու փոխարեն՝ Ադրբեջանից կբերեն։ Արդարացնելու ու ժողովրդի բերանը փակելու նպատակով՝ սկզբի համար մի փոքր էժան կբերեն։ Հետո, որ թանկ էլ բերեն, այլևս էական չի լինի։

Էլի շատ բաներ կբերեն ու կմեծացնեն Ադրբեջանից կախվածությունը, անվտանգային ու տնտեսական ռիսկերը։ Մի կողմից՝ թուրքական, մյուս կողմից՝ ադրբեջանական ապրանքներով կլցնեն Հայաստանը։ Երկու կողմից տնտեսությունը կհայտնվի ուժեղ ճնշման տակ՝ թշնամի երկրների արանքում։ Սա մահացու վտանգներ է պարունակում Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Բայց թուրքական աշխարհի պահանջները հնազանդ կատարող Հայաստանի այսօրվա կառավարիչները չեն վարանում քայլ առ քայլ գնալ դրան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս