Փաշինյանը թող զգուշանա․ Եկեղեցու դեմ դուրս եկածները 7 պորտով կանիծվեն և դժբախտությունների մեջ կապրեն․ Տաթև Սրբազան

«Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ իշխանություն չի՛ կարող վախեցնել մեզ։ Նա ոչ մի իրավունք չունի եկեղեցու ներքին գործերի մեջ մտնելու, կաթողիկոս փոխելու, նոր կաթողիկոս նշանակելու․ դա իր գործը չէ՛։ Մենք նրան զգուշացնում ենք՝ թող զգույշ լինի, իր խոսքերն ու արարքները միայն մեր դեմ չեն, այլ Աստծո դեմ են։ Աստված համբերություն ունի, և կարող է մեկ անգամ այնպես անել, որ ընդհանրապես իր կործանումը և, դժբախտաբար, Հայաստանի կործանումը տեղի ունենա իր ձեռքերով։ Թող ուշադիր լինի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։

Նա շեշտեց՝ Վեհափառ Հայրապետը ոչ թե անձ է, այլ Եկեղեցին է․ «Ինչքան էլ ասեն՝ շարժումը եկեղեցու դեմ չէ՝ շարժումը եկեղեցու դեմ է, Վեհափառ Հայրապետը անձ չէ, ես անձ չեմ, ես ներկայացնում եմ Ռումանիոյ հայոց եկեղեցին՝ որպես Տաթև սրբազան։ Այս շարժումը եկեղեցու դեմ է, և մեկ անգամ ևս ասում  եմ՝ թող ուշադիր լինի, որ դժբախտություն չբերի և՛ իրեն, և՛ իր ընտանիքին, և՛ ազգին, որովհետև այսպիսի պարագայում Աստված կարող է այնպիսի պատիժ տալ նրանց, որոնք Եկեղեցու դեմ են, որ իրենց 7 պորտերը պետք է անիծվեն, և իրենք դժբախտությունների մեջ պետք է ապրեն»։

Նա նկատեց, որ Փաշինյանը եկեղեցին թուլացնելու տարբեր ճանապարհներ փորձելուց հետո հիմա գտել է անձանց, որոնք փորձում են Եկեղեցին տկարացնել․

Կարդացեք նաև

«Վստահաբար, այդ անձինք կաշառված են, և Փաշինյանը կարծում է, թե կարգալույծ քահանաներով կկարողանա հաջողության հասնել։ Մենք այդպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության մեջ։ Դրանց, ինչպես պատրիարքներից մեկն էր ասում, հովը բերել է, հովն էլ կտանի։ Մենք այնպիսի եկեղեցի ենք, այնպիսի կաթողիկոսություն ենք, մեր արմատներն այնքան խորն են, որ ոչ մի փոթորիկ, ոչ մի անձ չի կարող տապալել։ Այդ կարգալույծ քահանաները թող իրենց հույսը չդնեն Փաշինյանի վրա, Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, իսկ Հայոց եկեղեցին միշտ կա, և իրենք հետո պատասխան պետք է տան դրա համար»։

Ըստ նրա՝ հանրությունը պետք է գիտակցի՝ կարգալույծ հոգևորականն իրավունք չունի որևէ ծես կատարելու, և եթե ժողովուրդը հետևի այդ կարգալույծին, իրենք էլ են մեղքի մեջ ընկնում, նրանց բոլոր արարողություններն էլ անվավեր են հռչակվում՝ մկրտություն, պսակ, թաղում և այլն։

«Իրենք չեն կարող ասել, որ ժողովուրդն այդպես է ուզում։ Քահանան, վարդապետը, եպիսկոպոսն իրենց օծումը ստանում են վերադասից, այսինքն՝ Կաթողիկոսն օծում է եպիսկոպոսին, եպիսկոպոսը՝ վարդապետին, քահանային։ Եթե մենք տալիս ենք, ունենք նաև առնելու իշխանություն, ոչ թե՝ ինչպես իրենք են ասում։ Իրենք օծումն ունեն, բայց այդ օծումն ի կատար ածելու իշխանություն չունեն, չեն կարող որևէ արարողություն կատարել, որովհետև եպիսկոպոսն իրենց զրկել է այդ օրհնությունը տալու իշխանությունից։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս