Բաքվում իհարկե Միշելի չեն հարցնի, իսկ ի՞նչ են եղել արցախցիների այն իրավունքները, որոնց պաշտպանության մասին ինքը «ճամարտակում» էր բրյուսելյան գործընթացում. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. ««Արբիտրաժը աշխարհում վեճերի լուծման ամենաարդյունավետ միջոցն է»: «Արբիտրաժը չպետք է լինի աշխարհաքաղաքականության գործիք եւ քաղաքականացվի»: «Արբիտրաժը օրինակն է այն բանի, թե ինչպես է աշխատում միջազգային իրավունքը: Երբ քաղաքականությունը փակում է դռները, օրենսդրությունը պետք է բացի այդ դռները»:
Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս հայտարարությունների հեղինակը, եւ որտե՞ղ է հնչեցրել դրանք:
Հեղինակը մեզ «քաջ ծանոթ» Շարլ Միշելն է, որը մինչեւ 2024 թվականի ավարտը ղեկավարում էր Եվրոպական Խորհուրդը: Այժմ պաշտոնաթող Միշելը այցելել է Բաքու եւ ելույթ է ունեցել Բաքվում արբիտրաժային կենտրոնի բացմանը:
Արբիտրաժը որպես միջազգային վեճերի լուծման լավագույն միջոց է դիտարկում մարդ, որը գործնականում իր մեծ լուման ունի արցախյան հարցում միջազգային ճանաչում ունեցող վեճը աշխարհաքաղաքական տրամաբանությամբ «պարտակելու», Արցախի հայությանը Հայաստան տեղափոխելու եւ այդպիսով «հարցը փակելու» գաղափարն առաջ մղելու եւ դրան հասնելու հարցում:
Այդ հարցում Միշելի շոշափելի ավանդը Ալիեւը գնահատել է դեռեւս 2024 թվականի նոյեմբերին, երբ դարձյալ Բաքվում ընդունելով պաշտոնավարումն ավարտող Միշելին, նրան շնորհակալություն է հայտնել «Բրյուսելյան գործընթացի» համար, ասելով, որ այդ գործընթացում են ձեւավորվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի օրակարգային կարեւոր հարցերը:
Միշելը Բաքու էր այցելել COP29-ի առիթով, ինչը փաստացի նաեւ հրաժեշտի այց էր, քանի որ պաշտոնավարմանը մնում էր մեկ ամիս: Տարրական պարկեշտությունը ենթադրում էր, որ նա գոնե մի քանի ժամ ժամանակ գտներ նաեւ Հայաստան այցելելու համար: Բայց Միշելին Հայաստանը թերեւս այլեւս չէր հետաքրքրում բոլորովին, որովհետեւ Հայաստանից ստանալիքը նա ստացել եւ թերեւս նաեւ Ադրբեջանի վրա բավականին լավ գնով վաճառել էր 22-23 թվականների ընթացքում:
Դրա մասին է թերեւս վկայում եւ այն, որ արդեն պաշտոնաթող Միշելը դարձյալ Բաքվում է, ելույթներ է ունենում, միջազգային իրավունքի մասին ինչ որ մտքեր արտահայտում: Բաքվում իհարկե նրան չեն հարցնի, իսկ ի՞նչ են եղել արցախցիների այն իրավունքները, որոնց պաշտպանության մասին ինքը «ճամարտակում» էր բրյուսելյան գործընթացում: Բաքվում իհարկե նրան չեն հարցնի՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը միջազգային իրավունքի խախտու՞մ էր, թե ոչ: Բաքվում նրան չեն հարցնի՝ ո՞վ թքած ուներ միջազգային դատարանների որոշումների վրա եւ շարունակում էր Արցախը բլոկադայի ենթարկել ավելի քան ինն ամիս:
Երեսպաշտությունն իհարկե միջազգային քաղաքականության մեջ նոր երեւույթ չէ, եւ ավելին՝ լայնորեն տարածված երեւույթ է: Միշելը թե առաջինը, թե վերջինը չէ այդ իմաստով: Եվ իհարկե «բրյուսելյան գործընթացի» համար հայաստանյան հանրությունը պետք է հարցեր ունենա եւ պատասխան պահանջի իր երկրի կառավարությունից»:

