Գերմանիայի արտգործնախարարը հանկարծակի չեղարկել է Չինաստան կատարելիք այցը
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հոկտեմբերի 26-ին Չինաստան նախատեսված այցը հանկարծակի չեղարկվել է, քանի որ Պեկինում նրա համար ոչ ոք չի գտնվել, հաղորդում է Bild-ը։
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այցը «հետաձգվել է ավելի ուշ ժամկետի», քանի որ չինական կողմը «չի հաստատել որևէ այլ հանդիպում, բացի արտգործնախարար Վան Իի հետ բանակցություններից»։
Բեռլինը չի թաքցնում իր հիասթափությունը. երկու կողմերն էլ կուտակել են քննարկման բազմաթիվ թեմաներ՝ սկսած գերմանական արդյունաբերությանն անհանգստացնող հազվագյուտ հողային տարրերի և կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումներից մինչև Թայվանի շուրջ քաղաքական տարաձայնություններ։
«Այս օրերին մենք ունեինք հատկապես մեծ թվով հարցեր, որոնք ցանկանում էինք քննարկել չինական կողմի հետ»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Այցի փոխարեն նախարարները այժմ կսահմանափակվեն հեռախոսազրույցով։ Բեռլինի և Պեկինի միջև հարաբերությունները վերջերս լարված են եղել. Վադեֆուլը բազմիցս քննադատել է Չինաստանին Թայվանի դեմ ուղղված սպառնալիքների համար, և Չինաստանի ԱԳՆ-ն կոշտ արձագանքել է այդ մեղադրանքներին։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ծյակոնգը հայտարարել է, որ Գերմանիայի պահանջը՝ պահպանել ստատուս քվոն, «համարժեք է անջատողականներին աջակցելուն»։

