Ալիևի ներկայացուցիչների ապահով այցը Երևան և 2022թ. Մեհրիբան Ալիևայի պատասխանը Մարգարիտա Սիմոնյանի հարցադրմանը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում հանդիպել է Երևան ժամանած ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչներին, կամ, ավելի ճիշտ՝ ալիևյան ռեժիմի քարոզչամեքենայի վստահելի ներկայացուցիչներին՝ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովին, Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովին (ի դեպ, սեպտեմբերին Երևան էր եկել այս կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը, ով հայտարարել էր, որ անկլավների ու տարածքների փոփոխություն պետք է տեղի ունենա), Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային խորհուրդը ներկայացնող Ռամիլ Իսկանդերլին, 1news.az-ի խմբագիր Քամալա Մամեդովային և «Կանայք. խաղաղություն և անվտանգություն» ադրբեջանական կենտրոնի ղեկավար Դիլարա Աֆանդիևային, ով հայտնի է նաև՝ որպես Հայաստան արցախցիների կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստ»:

Ալիևյան քարոզչամեքենայի ներկայացուցիչները բացառիկ կարևորություն են տվել «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վայրէջքի փաստին Երևանում՝ այն համարելով տարածաշրջանում նոր իրողությունների սիմվոլ, և ոչ թե՝ զուտ տեխնիկական-դիվանագիտական քայլ:

Կարդացեք նաև

Իսկ Հայաստանի հնագույն մայրաքաղաքից նրանք հեռացել են գործող իշխանությունների վերաբերմունքից և երևանյան հանդիպման արդյունքներից գոհ, ինչի մասին բոլորը նույնաբովանդակ գրառումներ են կատարել սոցիալական ցանցերի իրենց էջերում: Գրառումներից այնպիսի տպավորություն է, կարծես բոլորին նույն «խաղաղասիրական» տեքստն է բաժանվել, որպեսզի տարածեն սոցցանցերի իրենց էջերում: Իսկ գրառումների տակ թողնված նրանց և շարքային ադրբեջանցիների մեկնաբանություններն այլ պատկեր են ստեղծում՝ պահանջներ, սպառնալիքներ, ատելության խոսք Հայաստանին, հայ ժողովրդին, իհարկե, կային նաև խաղաղ համակեցության կոչեր, բայց անգամ այս դեպքում հիշեցվում են «հայերի արածները»:

Սրան զուգահեռ՝ շարունակում են Բաքվի դատարան գործուղվել «տուժածներ», որոնք շարունակում են հայերին և հայ զինվորականներին ներկայացնել որպես «անսիրտ մարդասպան», իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ «ռազմական հանցագործ և ցեղասպան» պետություն:

Հավելենք, որ օրերս Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները:

Նամակում նա նշել է, որ սա հարկադրված որոշում է, քանի որ միջազգային իրավունքի նորմերի, ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածել են բացահայտ ֆարսի, ուստի իր պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են:

«1. Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է. ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:

2. Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են՝ որպես իմ մեղքի ապացույց:

3. Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից: Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան:

4. Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր՝ հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացն օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից»,- մանրամասնել է Ռուբեն Վարդանյանը:

Նշենք, որ բարերար-գործարարը և Արցախի նախկին պաշտոնյան Բաքվի դատարանում միջնորդություն էր ներկայացրել՝ որպես վկա հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, սակայն ադրբեջանական դատարանն այն մերժել էր՝ պնդելով, որ նա հարուցված գործի հետ առնչություն չունի:

Դրանից հետո «դատական» նիստերից մեկի ժամանակ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ եղած գեներալ Դավիթ Մանուկյանն էր նման պահանջ դրել՝ որպես վկա դատարան կանչել Նիկոլ Փաշինյանին կամ լսել նրան տեսակապի միջոցով, ինչը ևս մերժվել էր:

Իսկ այս օրերին Երևան էր եկել ոչ միայն Արցախին Հայաստանին կապող ճանապարհը փակած «էկոակտիվիստ» Դիլարա Աֆանդիևան (ում ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից կարելի է նկատել, որ նա ալիևյան ռեժիմի մոլի ջատագով է, հակառուս է, ուկրաինամետ, իսրայելամետ), այլև, ինչպես վերևում նշեցինք, 1news.az-ի խմբագիր Քամալա Մամեդովան, ով հրապարակումներ ունի Ռուբեն Վարդանյանի դեմ և շրջափակման ժամանակ կասկածի տակ էր դնում Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների հետ կապված խնդիրներն ու խանութների դատարկ լինելու փաստը:

Ավելին, նա իր հոդվածներից մեկում չի խնայել անգամ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը՝ գրելով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ 44 օր խաբել են հայ հասարակությանը:

Բաքվի «քաղհասարակության» ներկայացուցիչների երևանյան այցի մասին ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հոդվածներում հիշեցնում են, որ «30 տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպումներ եղել են, բայց երրորդ կողմի միջնորդությամբ կամ արևմտյան դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների նախաձեռնությամբ, իսկ հիմա ամեն ինչ տեղի է ունենում առանց միջնորդների, հանդիպումների համար էլ ընտրվում են «ճիշտ մարդիկ»՝ ոչ Ադրբեջանի իշխանությունների ընդդիմախոսներ, «խաղաղասիրական գրանտակերներ»:

Եվ հետո, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, «ադրբեջանական տարածքներն» այլևս «օկուպացված» չեն, և ոչ մի երրորդ կողմ այլևս չի ստիպում Բաքվին եղած շփման գիծը ճանաչել որպես նոր սահման:

Այսինքն, Հայաստանի հետ խաղաղության չգնալու պատճառ Ադրբեջանն այլևս չունի: Բնական է՝ ինչ պահանջ դնում են, ՀՀ իշխանությունները կատարում են, բայց արդյո՞ք Հայաստանը պահանջներ չպիտի ունենա ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու ադրբեջանական զորքը, վերջ տալու Բաքվի շինծու դատավարությանը, վերադարձնելու Բաքվում անխտիր բոլոր պահվողներին, դադարեցնելու հայատյացությունը բոլոր հարթակներում…

Այս չլուծված հարցերի պարագայում ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում խաղաղությունը և երկու ժողովուրդների խաղաղ համակեցությունը և շփումները, երբ անգամ հաղթած Ադրբեջանը սա դժվար է պատկերացնում, ինչի մասին խոսվում է ադրբեջանական հոդվածներում, շարքային ադրբեջանցիների գրառումներում:

2022 թվականի փետրվարին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը Մարգարիտա Սիմոնյանի հարցերին, թե կարո՞ղ է «յան» ազգանունով մեկը գնալ Բաքու և իրեն ապահով զգալ, Մեհրիբան Ալիևան հիշել էր Արցախյան առաջին պատերազմի արդյունքում ադրբեջանցիի փախստականներին, նրանց տուն-տեղ կորցնելը և ակնարկել, որ թեև 2020 թվականի պատերազմից հետո մարդիկ կարողացել են վերադառնալ, օրինակ, Աղդամ, բայց նրանց հիշողություններում դեռ վառ է Առաջին պատերազմում վերապրածը, և, որ այդ էմոցիոնալ ֆոնը միանգամայն հասկանալի է Ադրբեջանի իշխանություններին:

«Ադրբեջանի նախագահը խոսում է Ադրբեջանի անունից, որ պետք է պաշտպանել նրանց, ով այցելում է Ադրբեջան, բայց նա նաև գիտի՝ ինչ էմոցիաներով են մարդիկ ապրում»,- ընդգծել էր նա:

Այսօրվա Ադրբեջանը մտահոգություն ունի նաև ՀՀ-ում տեղի ունենալիք ԱԺ ընտրություններից: Այսինքն, Հայաստանի հետ խաղաղության օրակարգ է ձևավորվում, բայց այն համաձայնեցված է ՀՀ գործող կառավարության հետ։ Եվ հայտնի չէ, թե Հայաստանում 2026 թվականին ինչ քաղաքական ուժեր, կուսակցություններ ինչպիսի ծրագրերով ընտրությունների կգնան, և հայ հասարակությունն ում կտա իր վստահության քվեն (կամ ում նկատմամբ կարտահայտի իր անվստահությունը):

Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Ադրբեջանը գալիք տարվա համար մտադիր է ավելացնել ռազմական բյուջեն, սրան զուգահեռ՝ Բաքուն որոշել է մեծացնել դիվանագիտության և միջազգային կապերին ուղղվող ծախսերը, ինչը ենթադրում է՝ «խաղաղ» պայքար ընդդեմ Հայաստանի և հանուն ադրբեջանական թեզերի:

Տեսանյութեր

Լրահոս