Երբ ասում են՝ «չորրորդ հանրապետություն», նշանակում է՝ Երրորդը կործանել են, այսինքն՝ դատվելու են դավաճանության համար․ Արմեն Աշոտյան
Շատ բնական է, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախը եկեղեցին է, այդ հարցը եփվում էր երկար տարիներ։ Սա քաղաքական իրավիճակ չէ, որում մենք ապրում ենք։ Փաշինյանի հարձակումն Առաքելական եկեղեցու նկատմամբ ապացուցում է, որ այս ճգնաժամը քաղաքակրթական է, արժեհամակարգային։ Պետք է առաջնորդվել Վեհափառ հայրապետի հորդորներով, որովհետև եթե ինչ-որ բան ուզում ենք պաշտպանել, բնական է, որ նախևառաջ պաշտպանվող կողմի տեսակետը պետք է հաշվի առնենք։ Բայց Վեհափառից և եկեղեցուց նաև ավելի մեծ առաջնորդություն է ակնկալվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սա բացահայտ քաղաքակրթական ճգնաժամ է, որի նպատակն է որևէ էթնոսի, ազգի, միավորի արժեհամակարգային, սոցիալական ինժեներիան։ Պառակտված քաղաքակրթությունները շատ դժվար են բուժվում, եթե երբևէ բուժվում են։ Նիկոլ Փաշինյանը չարիքի մարմնավորումն է, այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Բայց մենք մինչև հիմա թերագնահատում ենք նրան, կարծում ենք, թե նա հիմարություններ է անում։ Տեղեկատվական աղմուկի մեջ նա ամենաշատ աղբ արտադրողն է։ Նա քանդում է սխալի ու ճշտի մեր հին համակարգը՝ ինչպես գրված, այնպես էլ՝ չգրված օրենքներով»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Ընտրությունները քաղաքական գործիք են, հանգուցալուծում են քաղաքական ճգնաժամեր։ Իսկ Նիկոլի գործիքակազմը քաղաքական չէ, նրա կռիվը հայ ազգի դեմ ևս քաղաքական չէ։ Իմպիչմենտն էլ, ընտրություններն էլ սահմանադրական գործիքներ են, չի կարելի հակադրել մեկը մյուսին։ Պարզապես իմպիչմենտը հակաճգնաժամային գործիք է, իսկ մենք ճգնաժամի մեջ ենք։ Իմպիչմենտի գործիքը թույլ է տալիս Նիկոլի վրա սահմանադրական դամոկլյան սուր կախել, որը ֆորս մաժորի ժամանակ, իսկ դրանք, ավաղ, շատ են մեր երկրում, կարող է վերածվել իրական գործընթացի»,- նշեց Աշոտյանը:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ Նիկոլը սնվում է մեր ատելությամբ, նա դրանից միայն ուժեղանում է. «Քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից՝ Նիկոլ Փաշինյանի քարոզչական ռազմավարությունը վախեր վաճառելու մասին է։ Խաղաղությունն ինքնին գոյություն չունի, այն անվտանգության հետևանք է։ Եթե դու անվտանգ չես, խաղաղ լինել չես կարող։
Հայաստանը քաղաքական և քաղաքագիտական անոմալիա է՝ ղեկավարի անբարոյականության չափի տեսակետից։ Մեր ազգի վերաբերմունքի, մեր հանդուրժողականության տեսակետից այս պահի դրությամբ մենք նույնպես անոմալիա ենք։ Բայց Նիկոլից հետո կյանք կա, ավելին՝ կյանքը Նիկոլից հետո՛ է, որովհետև մենք դարձել ենք գեոպոլիտիկ վախերի պատանդ»:
«Ոչ մի նախորդ իշխանություն սուրբ չի եղել։ Չկա սրբերի իշխանություն, բայց կան սրբություններ, առնվազն՝ արժեքներ։ Մեր բոլոր նախորդ իշխանությունները հայերի իշխանություններ էին՝ սխալական, բայց հայրենասեր հայերի։ Երբ սրանք ասում են՝ «չորրորդ հանրապետություն», նշանակում է՝ իրենք իրենց դեմ բացահայտ ցուցմունք են տալիս, որ Երրորդ Հանրապետությունը կործանել են, այսինքն՝ կարող են դատվել սահմանադրական կարգի տապալման և դավաճանության համար։

Բոլոր ավտորիտար կառավարիչներն ինչ-որ պահի ցանկություն են ունենում իրենց ազգին թելադրելու ճիշտն ու սխալը, Նիկոլը ևս այդ ճանապարհին է»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը:

