Մասկը նախատեսում է մարդակերպ Optimus ռոբոտների «միլիոնանոց բանակ» ստեղծել
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է Tesla-ի՝ մարդակերպ Optimus ռոբոտների «միլիոնանոց բանակ» ստեղծելու ծրագրերի մասին․ գրում է Wired-ը։
Նշվում է, որ լիարժեք արտադրությունը կսկսվի 2026 թվականի վերջին։
Ներդրողների հետ հանդիպման ժամանակ Մասկը մտահոգություն է հայտնել ապագայում Tesla-ի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ՝ հաշվի առնելով «ռոբոտների բանակի» հնարավոր ազդեցությունը: «Ինձ հարմարավետ չէ այս ռոբոտների բանակը ստեղծել, եթե ես մեծ ազդեցություն չունեմ», – ասել է Մասկը հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Tesla-ն նախատեսում է Optimus-ի արտադրական նախատիպը ստեղծել 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Ինչպես հաղորդում է Wired-ը, նոյեմբերին Tesla-ի բաժնետերերը կքվեարկեն տնօրենների խորհրդի առաջարկի օգտին՝ Մասկին հաջորդ 10 տարիների ընթացքում 1 տրիլիոն դոլար վճարելու վերաբերյալ: Գործարքը նաև Մասկի բաժնեմասը Tesla-ում 13%-ից կհասցնի մինչև 25%: Սակայն Մասկն այս գումարը կստանա միայն այն դեպքում, եթե հասնի պահանջվող ցուցանիշներին՝ 20 միլիոն ավտոմեքենայի մատակարարում, 1 միլիոն ռոբոտաքսի առևտրային շահագործման մեջ, ընկերության 8.5 տրիլիոն դոլար արժեք, ինչպես նաև 1 միլիոն մարդանման Optimus ռոբոտների մատակարարում։

