Արթուր Դավթյանը ստում է. ՀՀԿ խմբակցությունում նման հարց չի քննարկվել. Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը գրում է. «Նախկին գլխ. դատախազ Արթուր Դավթյանը ստում է:
Ինձ ստիպելով կարողացա լսել իր հարցազրույցի առաջին մասը միայն: Ստում է այնպիսի ցինիկությամբ ու այնպիսի ինքնավստահությամբ, որ կնախանձեր անգամ Վիշինսկին: Ստում է տասնյակ դրվագներով: Բայց այդ ու չմոռացվող շա՜տ այլ դրվագների մասին՝ ժամանակին:
Բայց մեկ դրվագի մասին հիմա լռել չեմ կարող:
Նա եթերում պնդում էր, որ 2018 թ. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ինքը հետ է վերցրել Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և ձերբակալելու մասին ԱԺ ուղարկված իր միջնորդությունը, քանի որ իրեն այդ միջնորդությունը հետ վերցնելու խնդրանքով դիմել էր այդ օրերին ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը… և դա արել է ՀՀԿ խմբակցության անունից: Դե ինքն էլ տրամաբանել է, եթե խորհրդարանական մեծամասնությունը դեմ է լինելու իր միջնորդությանը և խնդրում է հետ վերցնել այն, էլ ինչու՞ է ինքը դա տանում խորհրդարան:
Նախ, ՀՀԿ խմբակցությունում նման հարց չի քննակվել: ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ: Առիթ չէր եղել այս մասին խոսելու, մինչև իր հրապարակային ստելը:
Ընդհակառակը, ես ու խմբակցության ևս երկու պատգամավոր՝ Ռուստամ Մախմուդյանը և Կարինե Աճեմյանը գիշերով Ստրասբուրգից մի կերպ հետ ենք վերադարձել Երևան՝ հենց այդ նիստին մասնակցելու ու միջնորդությանը կողմ քվեարկելու համար՝ օդանավակայանից ուղիղ գալով խորհրդարան:
Ես գրեթե բացառում եմ, որ Կարեն Կարապետյանը կարող էր Արթուր Դավթյանին նման խնդրանք ներկայացնել ֆրակցիայի անունից: Ես, օրինակ, Կարապետյանի միջնորդության մասին, ինչպես հանրությունը, լսել եմ ԶԼՄ-ներից, որպես հենց իր անունից արված միջնորդություն: Ու մտածել եմ՝ մի բան գիտի, որ անում է:
Կրկնում եմ, այդ հարցը ֆրակցիայում չի քննարկվել: Ավելին, քննարկվելու դեպքում ֆրակցիան, վստահ չեմ, որ կպաշտպաներ Կարապետյանի այդ տեսակետն ու Նիկոլին կթողներ ազատության մեջ:
Հ.Գ. Օրենքի, մարդկային, բարոյական ու քաղաքական բոլոր կարմիր գծերն անցած, իրեն այդ պաշտոնին հասցրած ընկերոջը դավաճանած ու փաստացի ինքնասպանության հասցրած այս ստախոսը ոնց-որ լավ նվագում էր: Մի օր կնչի նաև իր երգելու մեղեդին…»։

