
Ինչո՞ւ Պուտինը զանգահարեց Ալիևին

Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո այսօր կայացել է նրանց հեռախոսազրույցը:
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են առևտրատնտեսական կապերը խորացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ համատեղ նախագծեր իրականացնելու ցանկությունը։
Պաշտոնական Մոսկվան նշում է, որ երկու երկրների ղեկավարների զրույցը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովում տեղի ունեցած քննարկման շարունակությունն է եղել:
Պուտին-Ալիև զրույցի մասին հաղորդում է նաև պաշտոնական Բաքուն՝ ընգծելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն է զանգահարել Իլհամ Ալիևին։ Նախագահ Ալիևի գրասենյակից հաղորդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի որոշ հարցերին։
Հենց Դուշանբեում Պուտինն առաջին անգամ ընդունեց, որ անցած տարի դեկտեմբերին ադրբեջանական օդանավը կործանվել է ռուսների մեղքով, խոստացավ պատժել մեղավորներին, տուժողներին էլ փոխհատուցում տրամադրել՝ երկրորդ անգամ ներողություն խնդրելով Ադրբեջանի նախագահից միջադեպի համար:
Եվ ուշագրավ է, որ ռուսական կողմը փորձում է բնականոն հուն վերադարձնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այստեղ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վերջերս Բաքվում էր ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն իր իրանցի պաշտոնակցի հետ, եռակողմ ձևաչափով քննարկվում էին միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի (INSTC) արևմտյան երթուղու զարգացման հնարավորությունները՝ կենտրոնանալով ճանապարհային, երկաթուղային և մաքսային ենթակառուցվածքների կառուցման և նոր տրանսպորտային միջանցքի թողունակությունը մեծացնելու համար երթուղային խցանումների վերացման վրա։
Պետք է նշել, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում Իլհամ Ալիևի՝ Ղազախստան կատարած այցից հետո, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ: Հենց Ղազախստանում Ալիևը հայտարարեց, թե Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով տարանցումը վերացնում է, և ղազախական ցորեն կարող է մատակարարվել Հայաստան Ադրբեջանի տարածքով:
Իշխանությունները հաղորդել են, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
Իլհամ Ալիևի հոկտեմբերյան այցը Ղազախստան դարձավ ոչ միայն երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այլև թուրքական աշխարհում ձևավորվող նոր ինտեգրացիոն վեկտորի ցուցիչ։ Այս այցը, ըստ էության, ընդգծեց այն գաղափարը, որ Բաքուն և Աստանան ձգտում են դուրս գալ երկկողմ համագործակցության սահմաններից և ձևավորել ավելի լայն քաղաքականություն՝ միավորելով էներգետիկ, տրանսպորտային ոլորտները։
Այս այցի աշխարհաքաղաքական առանցքները մի քանիսն էին՝ թյուրքական ինտեգրացիոն խորացում՝ Ղազախստանն ու Ադրբեջանը դառնում են թուրքական ինտեգրացիայի երկու առանցքային հենասյուները՝ տրանսպորտային ու էներգետիկ կապերի միջոցով, Միջին միջանցքի ռազմավարական ամրապնդում՝ կողմերը հաստատեցին, որ Չինաստանը Եվրոպայի հետ կապող տրանսկասպյան միջանցքն իրենց ընդհանուր առաջնահերթությունն է։
Այս համագործակցությունը նվազեցնում է Ռուսաստանի ազդեցությունը Ասիա–Եվրոպա բեռնափոխադրումների վրա և ստեղծում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Հարավային Կովկասում։ Այցից մեկ այլ կարևոր արձանագրումն Էներգետիկ ու հումքային փոխկապակցվածությունն է՝ Ղազախստանը հայտարարել է, որ էականորեն կավելացնի նավթի արտահանումն ադրբեջանական նավթամուղներով՝ շրջանցելով ռուսական տարածքը, ինչը, բնականաբար, ուժեղացնում է Ադրբեջանի դիրքն էներգետիկ և տարանցիկ առումով:
Ավելորդ է նույնիսկ նշել, որ նման պայմանավորվածությունները սահմանափակում են Ռուսաստանի ազդեցությունը, ստեղծում իրավիճակ, որտեղ Կենտրոնական Ասիայի պետությունները կարող են համագործակցել առանց Մոսկվայի միջնորդության։
Այս պայմանավորվածությունների հետևանքը նաև Չինաստանի և Եվրոպայի շահերի հատումն է՝ Միջին միջանցքի զարգացումը համապատասխանում է՝ ինչպես Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, այնպես էլ՝ Եվրոպայի էներգետիկ անկախության քաղաքականությանը։
Այս զարգացումներն ունեն ազդեցություն ու նշանակություն Հայաստանի համար, քանի որ նոր տրանսպորտային և էներգետիկ ուղղությունների զարգացումը, այդ թվում՝ «Թրամփի ուղին», առնչվում են Հայաստանին, Հարավային Կովկասին, ռեգիոնի հարևանությանն ու աշխարհաքաղաքական վերադասավորումներին:
Դատելով այս այցի ադրբեջանական լուսաբանումից, Բաքուն փորձում է ամրապնդել իր դիրքը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայում՝ իրեն դիրքավորելով՝ որպես ավելի «ծանրքաշային խաղացող»:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պետական այցը Մոսկվա սպասվում է նոյեմբերի 12-ին: Տոկաևի այցը Մոսկվա տեղի է ունենում այն փուլում, երբ Ռուսաստանի դիրքերը թե Կենտրոնական Ասիայում, թե Հարավային Կովկասում և գլոբալ հարավում զգալիորեն թուլացել են՝ Ուկրաինայի պատերազմով պայմանավորված տնտեսական և քաղաքական մեկուսացման հետևանքով։ Այդ ֆոնին Ղազախստանի նախագահի այցը Ռուսաստանի համար դառնում է ներկայության և ազդեցության վերականգնման փորձ իր ավանդական ազդեցության գոտում։ Եվ այս երկու այցերի ֆոնին ուշագրավ է, որ ՌԴ նախագահը նախաձեռնում է զանգ Բաքու:
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հեռախոսազանգը պետք է դիտարկել՝ որպես ռուս-ադրբեջանական հարաբերություններում նշմարվող կայունացման միտումները շարունակելու, ինչպես նաև միջինասիական զարգացումներին ու նոր պայմանավորվածություններին արագ արձագանքելու փորձ: Բնականաբար, նրա որակմամբ, դա կապ ունի այն աշխարհաքաղաքական գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում Բաքու-Աստանա առանցքում։
Վերլուծաբանի խոսքով, Ադրբեջանի և Ղազախստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տրանսպորտային միջանցքների, էներգետիկ համագործակցության շուրջ, որոշակիորեն նոր իրողություններ են, ուստի Մոսկվան փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանը ներկա է ռեգիոններում և ցանկանում է Բաքվի հետ պահել քաղաքական երկխոսությունը մի իրավիճակում, երբ Թուրքիան ու Ղազախստանն էլ իրենց հերթին փորձում են արագորեն ընդլայնել իրենց դերակատարությունը։
Միաժամանակ, ըստ Սիմոնովի, Մոսկվան փորձում է կանխել, որ Ադրբեջանն ամբողջությամբ ինտեգրվի թուրքական աշխարհաքաղաքական նախագծերի մեջ և դուրս գա Ռուսաստանի ազդեցության դաշտից։
«Հավանական է, որ խոսակցությունը վերաբերի նաև տարածաշրջանային կայունության թեմային՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և տրանսպորտային ուղիների բացման համատեքստում, որտեղ Ռուսաստանը ձգտում է վերականգնել միջնորդի իր դերը։ Այսպիսով, զանգը ոչ թե ձևական շփում էր, այլ քաղաքական ազդակ, որով ՌԴ-ն փորձում է ամրապնդել Ռուսաստանի դիրքը Հարավային Կովկասում և կանխել Բաքվի լիակատար շրջադարձը դեպի թուրքական և միջինասիական բևեռ»,- ասաց Սիմոնովը:
Նրա կարծիքով, այս տեղաշարժերը չափազանց կարևոր են Երևանի համար, քանի որ այն գտնվում է այս ազդեցությունների պայքարի գոտում և «զգում է» այս բոլոր տեղաշարժերը: