Միջուկային զենք ունեցող դաշնակիցը հետ կպահի Թուրքիային. դիվանագետը նոր պատերազմ է կանխատեսում
Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կախված չէ միայն Երևանից և Բաքվից, և այդ առումով Երևանն ու Բաքուն էապես կախված են արտաքին ուժային կենտրոններից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ խոսելով Արցախի կորստից հետո ստեղծված հետպատերազմական իրավիճակի և Հայաստանի մարտահրավերների մասին։
«Երևանն ու Բաքուն լավագույն դեպքում կարող են ասել՝ մենք չենք ուզում պատերազմ։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ զարգացումները կոնֆլիկտածին են լինելու առաջիկա 5-10 տարիների ընթացքում, և մեր տարածաշրջանը դեռևս այդ կոնֆլիկտածին զարգացումների էպիկենտրոնային գոտում է, հետևաբար՝ այն, որ հիմա հարաբերական անդորր է, բոլորովին չի նշանակում, որ վաղն այդ անդորրը չի ընդհատվի մի նոր՝ ահավոր պատերազմով, որը կընդգրկի ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը»,- կանխատեսում է Արման Մելիքյանը։

Դիվանագետի խոսքով՝ խաղաղության հռետորաբանությունն իշխանությունը պահելու գործիք է պատերազմում պարտված Փաշինյանի համար։
«Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, քանի որ շատ լավ գիտակցում է, որ տարածաշրջանը կոնֆլիկտածին գոտու էպիկենտրոնում է։ Բայց Բաքվի թե՛ ներքին, թե՛ արտաքին դիրքերն այնքան ամուր են, որ կարող է իրեն այս վերաբերմունքը թույլ տալ։ Փաշինյանի դիրքերը թույլ են, Փաշինյանը ներկայացնում է պարտված կողմը, Փաշինյանի իշխանությունը մեծապես կախված է նրանից՝ արդյո՞ք խաղաղությունը կպահպանվի, թե՞ ոչ, և դրա համար նա ամեն հնարավոր առիթով պետք է խոսի խաղաղությունից, որովհետև դրանով է արդարացվելու իր՝ իշխանության մնալը։ Այսինքն՝ սա իշխանությունը պահելու գործիք է»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ պետք է ծանրանալ ոչ թե այս հանգամանքի, այլ այն հարցի վրա, թե որքանո՞վ է սա բխում Հայաստանի ազգային շահերից։
«Մյուս կողմից, պետք է հասկանանք նաև, որ սա ժամանակավոր երևույթ է բոլոր դեպքերում։ Որքան էլ առողջ լինի վարչապետ Փաշինյանը, վաղ թե ուշ, նա հեռանալու է իշխանությունից, իսկ այդ դեպքում կփոխվեն նաև իրողությունները։ Վա՞տ, թե՞ լավ՝ դա այլ հարց է։ Դա կախված կլինի նրանից, թե ինչ նոր վերնախավ կգա իշխանության»,- հավելեց Մելիքյանը։
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության ընդհանուր ճարտարապետության մասին՝ Արցախի նախկին արտգործնախարարն ընդգծեց՝ պետք է շատ հստակ տարբերակել մինչև 2020 թվականի պատերազմը եղած և 2020 թվականից հետո Երևանի վարած քաղաքականությունների միջև։ Նաև նկատեց, որ նույն Փաշինյանի կառավարությունը մինչև 2020 թվականը գործում էր հին կոնցեպտի շրջանակներում։ Արման Մելիքյանը կարծում է, որ 2018-2020 թթ. տեղի ունեցած բանակցությունները, որոնք գաղտնի են պահվել հայ հանրությունից, չէին կարող փոփոխություն մտցնել վարվող քաղաքականության մեջ, որովհետև խոսքը հետևյալի մասին էր.
«Կա՛մ խաղաղ կերպով են հանձնվում, կա՛մ պատերազմական եղանակով։ Խաղաղ կերպով տարածքների հանձնումը նույնքան ճակատագրական հետևանք էր ունենալու Փաշինյանի և իր թիմի համար»:

Դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես շեշտում էին Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ բացառելով ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, Արցախի նախկին արտգործնախարարը պատասխանեց շատ հակիրճ. «Խաբեցին»։
Անդրադառնալով արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, Արման Մելիքյանը պատասխանեց, որ նման կանխատեսում անելու հիմքերը Փաշինյանի և իր թիմի համար կրկին կապված են իշխանության մնալու իրենց գերակա խնդրի հետ։
Դիվանագետը նաև շեշտեց, որ Հայաստանն այսօր գոյութենական վտանգի մեջ է և իր գոյությունը պահպանելու, այդ թվում՝ Թուրքիայից եկող հնարավոր վտանգը չեզոքացնելու համար, ի թիվս այլ միջոցառումների, պետք է նաև ունենա միջուկային զենք ունեցող դաշնակից՝ Միացյալ Նահանգներ-Իսրայել դաշինքի օրինակով։
«Միայն այդ միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին հիշատակումը կարող է հետ պահել Հայաստանի դեմ գործողություններից, ինչը եղել է նախկինում»,- ընդգծեց դիվանագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

