Մակրոնն ապշել էր, որ Փաշինյանը ոչ մի բանի դիմաց, այդքան հեշտությամբ հանձնեց Արցախը. Հայաստանը խաղալիք է Արևմուտքի ձեռքին՝ ընդդեմ Ռուսաստանի. Արթուր Խաչիկյան և Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն են։

Նշենք, որ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը 2001-2007թթ. զբաղեցնում էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սկսած 2003-ից Կալֆայանն աշխատում էր նաև որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով խորհրդական:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

Կալֆայան- Եվրամիության (ԵՄ) կողմից կամք չեմ տեսել՝ Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու համար։ Սա քաղաքական խաղ է։ Այլ նպատակ չկա, քան Հայաստանը Ռուսաստանից կտրելը։ Վիզաների ազատականացման մասին 20 տարի է՝ խոսում են, բայց ոչ մի առաջընթաց չկա։

Խաչիկյան- ԱՄՆ-ը առաջինն է ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, սակայն այսօր վրացիներին թույլ չեն տալիս նմանատիպ օրենք ունենալ: Եթե դուք փող եք ստանում դրսից ու ներկայացնում եք ձեզ ֆինանսավորողների շահերը, ապա դուք պետք է գրանցվեք՝ որպես օտարերկրյա ագենտ։ Սա ԱՄՆ-ի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն է։

Խաչիկյան Աշխարհը ՆԱՏՕ-Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ ներքաշելը սարսափելի, ողբերգական սխալ էր, և Հայաստանը դարձավ դրա զոհը։ Մենք չպետք է այդ խաղի մեջ մտնենք, ինչպես Ադրբեջանը չի մտնում, ինչպես Վրաստանը չի մտնում։

Կալֆայան- «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, իհարկե, դրական է, բայց դրանք միայն խոսքեր են… Քանի՜ տարի է՝ Ադրբեջանը խոշտանգում է մեր գերիներին․․․ Պետք է հասկանալ՝ այս բանաձևի հետևում ի՞նչ խաղ է իրականում թաքնված։ Միգուցե պարզապես այդպիսով փորձում են Ադրբեջանին ճնշել, որ ստորագրի խաղաղության պայմանագիրը։

Ընթերցողին հիշեցնենք, որ օրերս Եվրոպական խորհրդարանն «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձևն ընդունեց 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով, ձայների գերակշիռ մեծամասնությամբ։

Բանաձևում, բացի Ադրբեջանի նկատմամբ բավական խիստ քննադատությունից ու նրա ներքին կյանքին վերաբերող պահանջներից, կան առարկայական պահանջներ՝ կապված մեզ համար կենսական հարցերի հետ՝ արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, Բաքվում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակում, պատմական և մշակութային հուշարձանների պահպանություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովում, և այլն։ Արցախին վերաբերող բաժնում ԵԽ-ն կոչ է անում Ադրբեջանին կատարել այդ քայլերը՝ հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը մեկ տարի շարունակ ոտնահարել է միջազգային ամենահեղինակավոր դատարանի վճիռները:

Նշենք նաև, որ առաջին անգամ չէ, երբ ականատեսն ենք լինում Եվրոպայի խորհրդարանական և գործադիր իշխանության քաղաքականությունների տարբերություններին:

Կալֆայան- Այսօր այլևս միջազգային իրավունքը չի գործում այն միայն թղթի վրա գոյություն ունի, որևէ արժեք, ցավոք, չունի միջազգային իրավունքը: Բոլոր դիկտատոր ռեժիմներն օգտագործում են այդ հանգամանքը։

Կալֆայան- Երբ COP-29-ը ավարտվի, շատ բարդ ժամանակ է գալու։ Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա։ Հայաստանի համար ևս շատ դժվար իրավիճակ է լինելու:

Խաչիկյան- Երբ ԱՄՆ-ը ֆինանսավորում ու հովանավորում է պաղեստինցի 50.000 երեխաների սպանությունը, հասկանում ես, որ միջազգային իրավունք գոյություն չունի։ Երբ էթնիկ զտման է ենթարկվում Արցախը, մենք դա նույնպես տեսնում ենք։ Ցանկացած ՄԱԿ-ի փաստաթղթով էթնիկ զտումն արգելվում է, բայց որոշ դեպքերում միջազգային իրավունքը, ինչպես Արցախի դեպքում, չի գործում:

Կալֆայան- ԵՄ-ն այսօր ինձ համար այլևս քաղաքական կշիռ չունի։ Ես տեսնում եմ, որ այսօր միայն ռազմական ուժն է հարցեր լուծում։ ՆԱՏՕ-ն է հարց լուծողը, ոչ թե Եվրամիությունը:

Կալֆայան- Մակրոնն այն խոսքերը, որ շռայլում էր Հայաստանի հասցեին, ասել է նաև Լիբանանի համար։ Ընդ որում, Ֆրանսիան Լիբանանում ավելի մեծ շահեր ունի։ Եվ ի՞նչ արեց Մակրոնը, երբ Իսրայելը հարվածեց Լիբանանին։ Ոչի՛նչ։ Ֆրանսիան նախկինում չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում, այսօր լրիվ ՆԱՏՕ-ական քաղաքականություն է վարում:

Խաչիկյան- Շատ վիրավորական է, որ իր նամակում ԱՄՆ նախագահ Բայդենը Փաշինյանին ուղղված ոչինչ չի ասում Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքների, Արցախի էթնիկ զտման, ռազմագերիների մասին…

Խաչիկյան- Խաղաղությունը փաստաթուղթը չի երաշխավորում, պետությունն է երաշխավորում։ Պայմանագիրը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխվում շահերը։ Շահերի փոփոխության հետ որևէ պայմանագիր դադարում է գործել: Մեզ ռեալ անվտանգության երաշխիքներ չեն տալիս։ ԱՄՆ-ը մեզ այսօր որևէ ռեալ բան չի առաջարկում։

Կալֆայան- Բայդենի, Հարիսի, Թրամփի բոլոր նամակները, հրապարակված խոսքերը խաղ են, որոնք մեզ չեն օգնելու։ Սրանք ներքին քաղաքական նպատակ ունեն՝ հայերի ձայները ստանալու նպատակ։ Եվ վե՛րջ։

Խաչիկյան- ԱՄՆ գործիչները գիտեն՝ որտեղ ինչ ասեն։ Գնում են Նյու-Յորք, ասում են, որ հրեաներին են շատ սիրում, որովհետև հրեաներն այնտեղ շատ են։ Կալիֆոռնիայում հայերին են սիրաշահում, Ֆլորիդայում վատ բաներ են ասում Ֆիդել Կաստրոյի մասին, քանի որ Ֆլորիդայում շատ են կուբացի ներգաղթյալները… Սրանք ընդամենն ընտրողների ձայները ստանալու, կորզելու համար է։ Պետք է հիշել, որ այսօր ԱՄՆ-ի ընտրությունների ճակատագիրը կարող է որոշել 10.000 մարդ։ Հետևաբար՝ ընտրություններում ձայներ ստանալու կռիվ է:

Կալֆայան- Արցախը Փաշինյանը հանձնեց ոչ մի բանի դիմաց։ Նույնիսկ Մակրոնն էր զարմացել, որ Փաշինյանն այդքան հեշտությամբ հանձնեց Արցախը։ Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր՝ ես դարձա Հայաստանի պաշտպանը, բայց ձեր վարչապետը դյուրին կերպով, շատ հանգիստ հանձնեց Արցախը:

Կալֆայան- Տեսնում ենք՝ Ալեն Սիմոնյանը շատ կոպիտ ու անիմաստ բաներ կարող է ասել կարևոր խնդիրների վերաբերյալ։ Իրականում Ադրբեջանը ՄԱԿ-ի 4 բանաձևեր ուներ 5 շրջանների վերաբերյալ։ Դրանք իր համար իրավական փաստաթղթեր էին։ Բայց այդ բանաձևերն ամբողջ Ղարաբաղի մասին չէին։ Դրանք չէին վերաբերում ԼՂՀ-ին։ Բացի դրանից, ՄԱԿ-ի Կանոնադրությունն արգելում է հակամարտությունների ժամանակ ուժի կիրառումը։ Որևէ երկրում չի կարող լինել պաշտոնյա, ով կարդարացնի հակառակորդի հարձակումը։

Կալֆայան- Մեր գերիները Բաքվում Հայաստանի իշխանության կողմից լքված են։ Հիշեք՝ ինչ ասաց Փաշինյանը Ռուբեն Վարդանյանի մասին։ Դա դավաճանություն էր։ Չի կարելի նման կերպ արտահայտվել քո հայրենակիցների մասին։

Խաչիկյան- Մենք ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը, երբ ուժերի բալանսն անհավասար է, ու մենք բուտերբրոդի պես դրված ենք Ադրբեջանի բերանում։ Առանց դաշնակիցների՝ մենք մեզ ինչպե՞ս ենք պաշտպանելու:

Խաչիկյան- Համոզված եմ՝ շուտով մեզ փաստի առաջ են կանգնեցնելու, քանի որ համաձայնություն կա, ենթադրում եմ՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Ու մեզ ասելու են՝ մի վախեցեք, մեր ինքնիշխանությանը ոչինչ չի սպառնում, այնտեղ Արևմուտքից մասնավոր պահնորդական կազմակերպություն է կանգնած, ու ամեն ինչ նորմալ է:

Կալֆայան- Ամենավատն այն է, որ կարճ ժամանակ անց մեր ձեռքում իրավական հիմքեր չեն մնալու մեր իրավունքները պաշտպանելու համար։ Եթե դու մասնավոր ընկերության հետ երրորդ երկրի մասնակցությամբ պայմանագիր ես կնքում, դու չես կարող այդ երկրի կարծիքը հաշվի չառնել:

Խաչիկյան- Կալինինգրադում ոչ մի մասնավոր ընկերություն ու սուվերենության զիջում չկա։ Լիտվա մտնելու ռեժիմը բոլորովին այլ է, բայց միևնույն է, վիզա պետք է։ Զանգեզուրի միջանցքի պարագայում կարող է կրկնվել Դանցիգի միջանցքի մոդելը:

Կալֆայան- Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Փաշինյանն այսօր կա, վաղը՝ ոչ, ու իրենք պայմանագիր են կնքում հայ ժողովրդի և ոչ թե՝ Փաշինյանի հետ, հետևաբար՝ սահմանադրական հանրաքվե պետք է լինի Հայաստանում: Դա նոր ճնշում է Փաշինյանի վրա։

Հիշեցնենք, որ գերմանական Berliner Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն օրերս հայտարարել է.

«Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ եղել են հակամարտության հիմնական պատճառը հենց առաջին իսկ օրվանից, և տևական ու անշրջելի խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերջնականապես արմատախիլ անել այն։ Իսկ դա անհնար է անել առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ Եթե ​​այս երկրի հիմնական օրենքը մնա ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի Հանրապետության ցանկացած նոր ղեկավարություն, ընդդիմանալով Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կպախարակի այն՝ պատճառաբանելով ամենաբարձր իրավական ուժ ունեցող սահմանադրության հետ համաձայնագրի անհամապատասխանությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ասել է Ամիրբեկովը։

Կալֆայան- Հայաստանի իշխանությունն արդեն սկսել է իր խոսքը փոխել։ Նախորդ շաբաթ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ նոր քարտեզներ են օգտագործվելու սահմանազատման և սահմանագծման համար։ Ի՞նչ նոր քարտեզներ են: Սա շատ վտանգավոր է։

Խաչիկյան- Վրաստանը շատ կարևոր երկիր է, Հարավային Կովկասի կենտրոնն է։ Այնտեղ կարող է իշխանությունը բախվել պրոարևմտյան ուժերի հետ ու լինել նոր Մայդան։ Վրացիները տանը չեն նստի։ Մեզ պես Ղարաբաղը հանձնելիս փողոցներում, ռեստորաններում նստած սուրճ չեն խմի։ Հանուն իրենց երկրի, պետության՝ նրանք դուրս կգան, ու բախում կլինի:

Կալֆայան- Եթե COP-29-ից հետո Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին վերադարձնեին, դա շատ մեծ նվեր կլիներ Փաշինյանի համար, բայց ես չեմ հավատում դրան:

Կալֆայան- Եթե ես լինեի վարչապետ, ես Բաքու ոտք չէի դնի, քանի դեռ մեր բոլոր գերիները չեն վերադարձվել Ադրբեջանի կողմից:

Խաչիկյան- Հեծանիվ քշելը PR ակցիա է։ Ցույց են տալիս, որ Ղարաբաղը չկա, Հայատսնից տարածքներ են հանձնել, հազարավոր զոհեր են տվել, բայց կյանքը շարունակվում է։ Հայաստանում հազար ու մի փառատոներ են անցկացնում՝ բոզբաշի, գինու, խորովածի, պանրի, հեծանիվ ենք քշում, ամեն ինչ լավ է… Մարդկանց ուղեղների վրա են ազդում, ցույց են տալիս, թե իբր ամեն ինչ լավ է…

Կալֆայան- Հայաստանը պիտի մտնի ԲՐԻԿՍ-ի մեջ, որովհետև մեր տնտեսական ապագան այս տարածաշրջանում է, ոչ թե Եվրամիությունում։ Մենք ոչինչ չունենք Եվրոպային վաճառելու։ Մեր ռազմական շահերն էլ են ԲՐԻԿՍ-ի հետ, ոչ թե ԵՄ-ի։ Մենք այսօր Արևմուտքի ձեռքին խաղալիք ենք Ռուսաստանի դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս