Սեփական ձախողումներն ուրիշների վրա «նաղդելու» ժամանակները վաղուց անցել են

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը խոստացել էր աղքատությունը Հայաստանում կիսով չափ կրճատել։ Հինգ տարում աղքատությունը, կարելի է ասել, գրեթե չի կրճատվել։ Այնինչ՝ պիտի կրճատվեր առնվազն 13 տոկոսային կետով։

Վերջին տվյալներով, աղքատությունը Հայաստանում հասնում է 23.7 տոկոսի։

700 հազարից ավելի մարդ ապրում է աղքատության մեջ։ Եթե քաղաքական իշխանությունը կատարեր իր տված խոստումը, աղքատության մակարդակը պիտի լիներ ոչ թե 23.7 տոկոս, այլ 13-13.5 տոկոս։

Ինչպես այն ժամանակ, երբ տալիս էին այդ խոստումը, այնպես էլ հիմա աղքատության մակարդակը Հայաստանում մնում է չափազանց բարձր։

Կարդացեք նաև

Աղքատությունը, որը հասարակության սոցիալական վիճակի հիմնական ցուցանիշն է, կիսով չափ կրճատելու խոստումը ձախողել են ու հիմա արդարանալու անհավանական փորձեր են անում։ Նիկոլ Փաշինյանը դարակազմիկ բացատրություն է մոգոնել դրա համար։

«Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր՝ 23 տոկոս վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այստեղ կոնֆլիկտ կա, իրոք: Մենք մի կողմից՝ ցույց ենք տալիս տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին: Գիտե՞ք, ինչն է դրա պատճառը: Իմ համոզմամբ, դպրոցների ավերակներն են դրանց պատճառը: Դա ուրիշ որևէ պատճառ չունի: Ավերակ դպրոցները: Այն, որ հանրապետության երեխաների մի զգալի մասը, ըստ էության, զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից: Ուրիշ պատճառ դրա համար չկա»,- Ազգային ժողովի հանձնաժողովներում սկսված 2026թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր ելույթում փորձեց աղքատության կրճատման ձախողած խոստումն արդարացնել Նիկոլ Փաշինյանը։

Մարդ, ով գրեթե 8 տարի է, զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, նախկիններին է մեղադրում իր չկատարած խոստման համար։ Մոռանալով, որ աղքատության այդքան բարձր մակարդակի պատճառը ո՛չ թե նախկիններն են, ո՛չ թե «ավերակ դպրոցները», այլ ինքն ու իր ղեկավարած կառավարության, քաղաքական իշխանության իրականացրած անհեռանկար քաղաքականությունը։ «Ավերակ դպրոցներն» ու կրթությունն այստեղ կապ չունեն։ Այդ ինչպե՞ս եղավ, որ իրենք համատարած հարստացել են, միլիոնների ունեցվածք ու հարստություն են կուտակել, իսկ հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր պաշտոններ ու իշխանական լծակներ չունեն, շարունակել են ապրել աղքատության մեջ։ Անշուշտ, աղքատությունը հաղթահարում են աշխատանքով։Բայց այդ ո՞ր ազգօգուտ ու հայրենանվեր աշխատանքով են ՔՊ-ականները հարստացել ու հաղթահարել իրենց երբեմնի աղքատությունը։

Սրա պատճառը ոչ թե «ավերակ դպրոցներն» են, այլ եկամուտների անհամաչափ բաշխումը։

Աղքատների հիմնական մասը թոշակառուներն են։ Հայաստանում 500 հազար թոշակառու կա։ Եթե նրանք անգամ փայլուն կրթություն ստացած լինեին, էլի շարունակելու էին աղքատ լինել, որովհետև իշխանությունը չի բարեհաճել բարձրացնել նրանց թոշակները, կամ այնքան չի բարձրացրել, որպեսզի դուրս գային աղքատությունից։ Անգամ գնաճին համարժեք չի բարձրացրել թոշակները։ Ու այս մարդկանց թողել է աղքատության մեջ։ Սրա պատճառը ՔՊ-ական իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականությունն է, որը խորացրել է երկրում բևեռացումը։

Երբ հպարտանում են, թե բյուջեի եկամուտներն այս տարիներին կրկնակի, մի բան էլ ավել, աճել են, պիտի ասեն նաև, թե դրան համարժեք՝ ինչքանով են ավելացրել աղքատության մեջ գտնվող հիմնական խմբերի եկամուտները։ Այդ ժամանակ կտեսնեն, որ այս ամենի մեղավորն իրենք են։ Աղքատությունը չի նվազել, որովհետև աղքատության մեջ գտնվող քաղաքացիների եկամուտները համարժեք չեն ավելացրել։

Բյուջեի եկամուտների՝ կրկնապատկում, երբեմն էլ՝ եռապատկումից են խոսում, իսկ թոշակառուների թոշակները հազիվ 9-10 հազար դրամով են ավելացրել։ 8 տարում թոշակներն աճել են ընդամենը 20-25 տոկոսով։ Այնինչ՝ եթե բյուջեի եկամուտների աճին համարժեք բարեհաճեին ավելացնել հասարակության ամենախոցելի սոցիալական խավի եկամուտները, հիմա միջին կենսաթոշակը Հայաստանում ոչ թե 49 հազար, այլ առնվազն 100 հազար դրամ կլիներ։ Մի բան, ինչը թույլ կտար, որպեսզի այս մարդիկ դուրս գային աղքատությունից։

Չեն բարձրացրել, մարդկանց պահել են աղքատության մեջ, հետո էլ պատճառաբանություններ են փնտրում տապալած հերթական խոստումն արդարացնելու համար։

Աղքատների մի զգալի մասն էլ հենց աշխատողներն են, աշխատող աղքատները, որոնք ամբողջ ամիս աշխատում են, բայց այնքան աշխատավարձ չեն ստանում, որպեսզի կարողանան հաղթահարել աղքատության շեմը։

Հայաստանում աշխատող քաղաքացիների 70 տոկոսից ավելին միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ է ստանում։ Իսկ շուրջ 30 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ։ Նվազագույն աշխատավարձը Հայաստանում ընդամենը 75 հազար դրամ է։

Վերջին անգամ 3 տարի առաջ է նվազագույն աշխատավարձը բարձրացել, այն էլ՝ ընդամենը 7 հազար դրամով։ Այն դեպքում, երբ հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիներ ստանում են նվազագույն աշխատավարձ։ Ու եթե աղքատությունը չնվազելու մեղքը նախկինների վրա բարդել փորձող Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ու քաղաքական խմբակը մի փոքր մտածեր այս մարդկանց մասին, գոնե կբարձրացներ նվազագույն աշխատավարձը՝ պայմաններ ստեղծելով, որպեսզի բարձրանար նաև նրանց աշխատավարձը։

Նվազագույն աշխատավարձը վերջին տարիներին մի քանի հազար դրամով են ավելացրել, իսկ իրենց աշխատավարձերը՝ մի քանի հարյուր հազարով։ Իրենցը կրկնապատկել-եռապատկել են, հասարակության սոցիալապես առավել անապահով հատվածինը՝ ավելացրել հազիվ մի քանի հազար դրամով։ Իրենք իրենց հարստացրել են, մյուսներին թողել աղքատության մեջ։

Հիմա էլ այս անարդարությունը հետվճարով են ուզում խորացնել։ Հաջորդ տարի անկանխիկ առևտրից 2 տոկոս վերադարձ են խոստանում։ Արդյունքում՝ 100 հազար դրամ ծախսելու հնարավորություն ունեցող քաղաքացին կկարողանա հետ ստանալ առավելագույնը 2 հազար դրամ, 1 մլն դրամ ծախսելու հնարավորություն ունեցողը՝ 20 հազար դրամ։ Այսպես են աղքատությունը կրճատում։ Իրականում հարուստներին են հարստացնում։

Սրանով է պայմանավորված, որ աղքատությունը չի նվազում, իսկ իրենք հարստանում են։ Հարստանում են՝ ոչ թե, որ լավ են սովորել ու հիմա բարձր վարձատրվող աշխատանք ունեն, այլ՝ որովհետև բախտի բերմամբ հայտնվել են իշխանության աթոռներին ու ժողովրդի վճարած հարկերի հաշվին բարձրացնում են իրենց աշխատավարձերը՝ փոխարենն անտեսում են ժողովրդին, սոցիալապես անապահով քաղաքացիներին։

Քանի դեռ այսպիսին է լինելու իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականությունը, աղքատությունը Հայաստանում չի նվազելու, շարունակելու է բարձր մնալ։ Երբ պետական բյուջեն համարում են քաղաքացու գրպանը, բայց ծախսում են ոչ թե քաղաքացու, այլ սեփական բարեկեցության ու հաճույքների վրա, հետևանքն այսպիսին է լինելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս