Հայ գիտնականները գյուրզայի խայթոցի դեմ հակաթույն են ստացել․ ուզբեկականը լավը չէ

ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատողները գյուրզայի թույնի դեմ հակաթույն են մշակել։

Մանրամասների մասին զրուցել ենք ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանի հետ։

Դեռևս 2010-ական թվականներից խոսում են, որ գյուրզայի թույնից հակաթույն են ցանկանում մշակել։ Կարծես ձեր թիմին հաջողվել է։ Կմանրամասնե՞ք՝ ինչպե՞ս եք ստացել հակաթույնը։

– Ճիշտն ասած, առաջինը նման միտք ունեցել է ղեկավարս՝ Նաիրա Այվազյանը, երբ իմացանք, որ, ցավոք, մեր բուժհաստատություններում գյուրզայի թույնի դեմ որակյալ հակաթույն չկա։ Դա 2018 թվականն էր։ Եվ 1,5 տարի հետո արդեն մեր կողմից ստացվել էր նախատիպը՝ ՀՀ-ում առկա գյուրզայի ենթատեսակի թույնի դեմ։

Կարդացեք նաև

Նախքան այդ որևէ ուսումնասիրություն չի՞ կատարվել։

– Միգուցե ոչ։

Մեր տեղական հակաթույնն ինչո՞վ է առանձնանում ուզբեկականից։

– Ընդհանրապես թունավոր օձերը բազմաթիվ են։ Գլխավորները երկու ընտանիքի են պատկանում՝ ասպիդներ և իժեր։ Մեզ մոտ առկա է միայն իժերի ընտանիքին պատկանող չորս ներկայացուցիչ՝ գյուրզայի մեր ենթատեսակը, տափաստանային իժը, դարևսկու իժը և հայկական իժը։ Վերջին երեքը կարմիրգրքյան են, հազվադեպ են հանդիպում, և համարյա վտանգ չեն ներկայացնում, իսկ գյուրզայի ենթատեսակը Հայաստանում ամենուր է։

Գյուրզան իժի տեսակ է, որի մեջ կան 5 ենթատեսակներ։ Հայաստանում տարածված է «մաքռովիփեռա լեբետինա օբտուսա» (Macrovipera lebetina obtusa) ենթատեսակը։ Այն ներառում է ամենամեծ աշխարհագրական տարածքը՝ Հյուսիսային Կովկասից մինչև Իրաք, Հնդկաստանից մինչև Թուրքիա։ Ու այդ ենթատեսակների թույներն իրարից բավականին տարբերվում են։ Մեր և ուզբեկականի բաղադրամասերը բավականին տարբեր են, հետևաբար՝ այդքան էլ արդյունավետ չէ իրենց մոտ ստացվող հակաթույնը՝ մեզ մոտ ապրող գյուրզայի ենթատեսակի կծելու պարագայում։

Հակաթույնն օտար կենդանուց ստացվող դեղանյութ է, իսկ ուզբեկականը նաև այլ օձերի թույների դեմ բաղադրամասեր ունի՝ երեք օձի թույնի դեմ է և ավելի ծանր է։ Դրա համար խնդիր դրեցինք ստանալ տեղական, մեր ենթատեսակի դեմ հակաթույն, որն արդյունավետ և քիչ իմունոգեն կլինի, այսինքն՝ մեր իմունիտետն ավելի քիչ կպայքարի նրա դեմ, և բարդություններ չեն առաջանա։ Աշխատանքները սկսել ենք 2018թ․, և 2019թ․ արդեն նախատիպն ունեինք։ Ստացանք այդ հակաթույնը, ավելի ճիշտ՝ հակաթունային արտադրանքը։ Դեռևս արտադրություն չկա, հուսանք՝ մեկ օր կլինի։

Նշեմ, որ 2020թ․ Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհի միջոցով մեր հետազոտությունն ավելի ընդարձակեցինք, խորացրեցինք և հիմա բավականին որակյալ հակաթունային արտադրանք ունենք։

Այսինքն, ամեն ինչ ավարտել եք, մնացել է արտադրե՞լը։

– Մի փոքր ներկայացնեմ, թե ի՞նչ է հակաթույնը։ Օձերի թույների դեմ հակաթույների ստացման մեթոդիկան մշակվել է դեռևս 19-րդ դարի վերջում և 100-ից ավելի տարի է՝ փոփոխության չի ենթարկվել։ Ի՞նչ են անում՝ փորձարարական կենդանուն ներարկում են թույն՝ աճող չափաբաժիններով, և կենդանու իմունիտետն արտադրում է իմունոգլոբուլիններ, այն նյութերը, որոնք չեզոքացնում են թույնի բաղադրամասերը։ Մենք կենդանուն ներարկում ենք թույն՝ աճող չափաքանակներով, հետո արյան հավաք ենք կատարում, դրանից անջատում ենք շիճուկը, շիճուկից իմունոգլոբուլինները։ Հաջորդ փուլը գնահատվում է այդ արտադրանքի արդյունավետությունը՝ կենդանիների վրա։

Փորձարկման հիմնականում ոչխարներին եք ենթարկել, ինչո՞ւ։

– Ճագարներից սկսեցինք, այնուհետև անցանք ոչխարին։ Օձերի թույների դեմ հակաթույներն աշխարհում ստանում են ոչխարներից կամ ձիերից։ Ձին խոշոր կենդանի է, ավելի շատ արտադրանք կարելի է ստանալ, բայց մեզ համար ներկա պայմաններում ոչխարն ավելի ձեռնտու էր։ Փորձերը հիմնականում իրականացրել ենք ոչխարի, մասնավորապես՝ խոյերի վրա։

Մեր արտադրանքն իր որակական հատկություններով, հակաթունային ներուժով համեմատական է եվրոպական արդեն պատրաստի արտադրանքներին։ Արտադրություն կազմակերպելը բավականին բարդ է, ֆինանսական մաս է հարկավոր։

Հակաթույնը երկու տարբերակով է՝ փոշու և լուծույթի տեսքովո՞րն է տարբերությունը։

– Փոշու տեսքովը ջրազրկված է։ Հակաթույնը որ արտադրվում է, տեղափոխման ընթացքում ջերմաստիճանը կամ սառը շղթան կարող է չպահպանվել, որ վերջնական հասնի հիվանդանոց կամ մարդուն, ում օձը կծել է։ Դրա համար պետք է սառը շղթա, որպեսզի որակական հատկությունները չփոփոխվեն։ Դրա համար հաճախ ջրազրկում են, ու տեղափոխման համար ամենալավ վիճակն է։ Օգտագործելուց առաջ կարելի է բացել համապատասխան ֆիզիոլոգիական լուծույթով և ներարկել տուժածին։

– Որքանով տեղյակ եմ՝ ուզբեկականը 5 չափաբաժին են ներարկում, իսկ հայկակա՞նը։

– Դա կախված է նրանից, թե օձը մարմնի ո՞ր հատվածը կկծի, ի՞նչ մեծության օձ կլինի, և կարող է՝ մեկ սրվակից մինչև մի քանի սրվակ օգտագործեն։ Ընդհանրապես ոչ մի օձի կծելու հետևանքով առաջացած թունավորման պարագայում հստակ չի կարելի ասել, թե քանի սրվակ հակաթունային միջոց կօգտագործվի։ Նայելով տուժածի առողջական վիճակին՝ որոշում են՝ էլի՞ պետք է օգտագործեն, թե՞ ոչ։ Հստակ չէ՝ 3, 4, թե 8 սրվակ են օգտագործում․ իրավիճակային է։

– Ո՞ր դեպքում են օձերը կծում մարդուն։

– Երբ մարդը վտանգ է ներկայացնում։ Օձի թույնն իր համար թանկ նյութ է։ Նա սնվում է այդ թույնի օգնությամբ։ Թույնը նրան հիմնականում պետք է՝ զոհին բռնելու և սնվելու համար, և եթե ամեն անգամ այդ թույնը շռայլի՝ հաջորդ օրը կարող է իր զոհին չսպանել ու սովից սատկել։ Իրեն էներգիա է պետք։ Օձը կծում է, երբ կանգնում են վրան, անզգուշությամբ տրորում են։

Ինքնակամ չի ասի՝ մարդ է, գնում եմ կծեմ։

Գյուրզան քաղաքային միջավայրո՞ւմ է շատ հանդիպում, թե՞ լեռնային հատվածներում։

– Գյուրզան ՀՀ-ում ամենուր տարածված է։ Առավելապես հանդիպում է ձորերում։ Հրազդանի ձորում բազմաթիվ են։

Օձի թույնից ինչ-որ դեղամիջոց ստանալու գաղափարներ կա՞ն։

– Ինստիտուտում լաբորատորիաներ կան, որ խնամքի միջոցներ են մշակում։ Օձի թույնը ոչ թե մեկ, այլ բազմաթիվ պեպտիդներ, սպիտակուցներ է պարունակում։ Օրինակ, գյուրզայի ենթատեսակի թույնի մեջ 30-ից ավելի բաղադրամաս կա ու հենց դրանով էլ տարբերվում է գյուրզայի այլ ենթատեսակներից, որոնք մեզ մոտ չկան։

– Խոսվում է այն մասին, որ գիտնականները որոշել են, որ այլևս պետք չէ փորձարկումների ենթարկել կենդանիներին։ Այս դեպքում ի՞նչ կկատարվի ոլորտում։

– Հնարավորինս փորձում են նվազեցնել օգտագործվող կենդանիների քանակը։ Մշակվում է համակարգչային մեթոդիկա, մոդելավորման տեսակներ։ Կենդանական մոդելներից լիարժեք հրաժարվել չի լինի։ Մենք ևս փորձում ենք մտածելով օգտագործել կենդանիներին։

Տեսանյութեր

Լրահոս