Սրա գնալուց հետո մենք պետք է թույլ տանք, որ մեր հասարակությունն ամաչի. պետք է փոխել ներհայաստանյան մթնոլորտը. Վահե Հովհաննիսյան

Այն, որ այս իշխանությունն էս վիճակով, էս լիդերով, առանց դիմադրության կմնա 2026թ.-ի ընտրություններից հետո, ես չեմ հավատում։ Սոցիոլոգիան լուրջ գիտություն է, և ես տեսնում եմ, որ մեր հանրությունը փոփոխությունների հայտ է ներկայացրել: Այս մասին 168TV«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Բայց իր գնալուց հետո մենք շատ մեծ վակուումի առաջ ենք կանգնելու: Կարևորագույն խնդիրն այն է, որ չպետք է խուսափել ամոթի զգացման վերապրումից: Մեր հասարակությանը պետք է թողնել ամաչել։ Առանց դրա վերականգնվել հնարավոր չի լինելու։ Աշխարհում սրա օրինակները բազմաթիվ են։ Ֆրանսիան մի քանի տասնյակ տարի ամաչում էր այն ֆրանսիացիների համար, ովքեր համագործակցում էին ֆաշիստների հետ: Նույնն այստեղ է: Հայ ոստիկանները թույլ չեն տալիս, որ օրինական քահանան մտնի եկեղեցի, բայց բոլորով հսկում են կարգալույծին։ Մենք պետք է թույլ տանք, որ հայ հասարակությունն ամաչի»,- ասաց նա՝ հավելելով՝ այն, ինչ այսօր կատարվում է երկրում, քաղաքակրթական այլանդակություն է:

Քաղաքական վերլուծաբանը նկատեց՝ 2026թ.-ի ընտրություններից հետո մեր երկրում համակեցության նոր ճարտարապետություն պետք է լինի:

Կարդացեք նաև

«Երկրում պետք է շատ արագ վերականգնել «չի կարելի»-ների համակարգը։ Չի կարելի թույլ տալ միանձնյա ամեն ինչ անել, ով էլ որ լինի երկրի ղեկին։ Մենք պետք է սարքենք մի պետություն, որտեղ զսպման մեխանիզմները շատ հստակ են»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մեր երկիրն այնպես են ավերել, որ էպիզոդիկ վերականգնում հնարավոր չէ:

«Շատ կարևոր է ազգային կապիտալով քաղաքացիական հասարակության ստեղծումը ու հանրության կրթումը»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ ստոր ու կեղծ սուտ է այն, որ 2026թ.-ի ընտրությունները խաղաղության մասին ընտրություններ են:

«2026-ի ընտրությունները ներհայաստանյան են․ մենք պիտի որոշենք՝ ուզում ենք անվերջ որոճալ ներկա-նախկին թեմա՞ն, թե՞ ուզում ենք կյանք տալ այս պետությանը, ուզում ենք վախենալո՞վ ապրել, թե՞ արժանապատիվ, ուզում ենք գաղտնալսվե՞լ, թե՞ չգաղտնալսվել… Պետք է փոխել ներհայաստանյան մթնոլորտը։

Հիմա ենթադրենք՝ ԿԳՄՍ նախարարը հրամայեց բոլոր դպրոցներում կախել Աթաթուրքի նկարը։ Էսօրվա պայմաններում դիմադրություն լինելո՞ւ է… Իհարկե ոչ։ Դրա համար եմ ասում՝ մթնոլորտ պետք է փոխվի»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս