«Ծաղկող ու զարգացող» պետության թոշնող տնտեսությունը. Հայաստանը՝ վարկերի ու խաղադրույքների հույսին
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր Հայաստանը ծաղկող ու զարգացող պետություն է։ Որտեղի՞ց է վերցրել, որ այդպես է, հավանաբար միայն ինքը գիտի ու իր շրջապատը։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեության մեջ, հակառակի մասին է խոսում։ «Ծաղկող ու զարգացող» պետության տնտեսությունն այնպիսի խղճուկ վիճակում է, որ ամենախոշոր հարկատուն առևտրով զբաղվող ընկերություն է։ Այն էլ այնպիսի ընկերություն, որի գործունեությունը Հայաստանի տնտեսության հետ այնքանով է կապված, որ տարբեր երկրներից բջջային հեռախոսներ, տեխնիկա է ներմուծում ու արտահանում Ռուսաստան։
Որտե՞ղ է այդ ծաղկող ու զարգացող պետությունը, եթե խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հենց այդպիսի ընկերություն, իսկ արտադրող, արդյունք ստեղծող ընկերությունները կորցնում են իրենց դիրքերը։
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած այս տարվա առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը մեր տնտեսության վիճակի վերաբերյալ լրջորեն մտորելու տեղիք է տալիս։ Ցանկի առաջին 20 խոշոր հարկատուների գերակշիռ մասն առևտրով զբաղվող ընկերություններ են, ներմուծողներ ու վերավաճառողներ, խաղային բիզնեսի ներկայացուցիչներ, նաև բանկեր։ Սա է Հայաստանի տնտեսության պատկերը։
Խոշորների ցանկը գլխավորում է մի ընկերություն, որի անունը հայտնի դարձավ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, երբ սկսեց տարբեր երկրներից մեծ քանակությամբ տեխնիկա վերաարտահանել Ռուսաստան։ Խոսքը «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության մասին է, որն այս տարվա 9 ամիսներին վճարել է գրեթե 52.5 մլրդ դրամ՝ վճարած հարկերով էապես առաջ անցնելով անգամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից»։
Մինչև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը բավական համեստ հարկային պարտավորություններ կատարող այս ընկերությունը վերջին տարիներին տասնյակ միլիարդների հարկեր է վճարում։ Բայց այդ հարկերը գոյանում են ոչ թե Հայաստանի տնտեսության մեջ, այլ ներմուծում-արտահանումներից։ Բյուջեի ցուցանիշները դրանից աճում են, բայց բյուջեն ոչինչ չի ստանում։ Գումարներն ինչպես մտնում, այնպես էլ դուրս են գալիս՝ ոչինչ չտալով տնտեսությանն ու քաղաքացուն։ Փոխարենը՝ դրա շնորհիվ իշխանությունները հնարավորություն են ստանում բարձր կատարողականներով խաբել քաղաքացիներին ու թաքցնել տնտեսության խղճուկ իրավիճակը։
Կտրուկ կրճատվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերը։ Նախորդ տարվա առաջին 3 եռամսյակներին այն պետական բյուջեի նկատմամբ կատարել էր ավելի քան 83.6 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Այս տարի վճարել է ընդամենը 36.1 մլրդ դրամ։ Տարվա երկրորդ կեսին կոմբինատի վճարած հարկերը զգալիորեն ավելացել են՝ երրորդ եռամսյակում կազմելով 16 մլրդ դրամ, բայց շարունակել են 47.5 միլիարդով պակաս լինել նախորդ տարվանից։
Կոմբինատն ավելի քիչ հարկ է վճարել՝ ինչպես անցած, այնպես էլ՝ 2023թ. նկատմամբ։ Էլ չենք խոսում 2022թ. մասին, երբ ընկերության վճարած հարկերն 9 ամսում գերազանցեցին 129 մլրդ դրամը։ Հիշո՞ւմ եք, այն ժամանակ ինչեր էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ծպտուն չի հանում։
Այս փոփոխությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը դարձավ ընկերության բաժնետեր։
Կոմբինատի վճարած հարկերը նվազել են տարբեր պատճառներով, բայց հարկ է առանձնացնել հատկապես այն, ինչ տարեսկզբին տեղի էր ունենում երկրի խոշորագույն ու առաջատար ձեռնարկություններից մեկի հետ։ Հայտարարված անհասկանալի գործադուլի պատճառով՝ կոմբինատն օրեր շարունակ հայտնվել էր հարկադիր պարապուրդում, իսկ իշխանությունները քար լռություն էին պահում՝ արհամարհելով տնտեսության ու բյուջեի կորուստները։ Վճարած հարկերի նվազումը նաև դրա հետևանք է։
Խոշոր առաջին 20 հարկատուների մեջ 3 բանկեր են ընդգրկվել՝ «Արդշինբանկը», «Ամերիաբանկը» և «Ակբա բանկը»։ Կտրուկ աճել են հատկապես «Արդշինբանկի» վճարած հարկերը։ Սա այն բանկն է, որը վերջին տարիներին ամենամեծ շահույթներն է ստանում։ Բոլոր բանկերն են շահույթով աշխատում, բայց «Արդշինբանկն» առանձնահատուկ է։ Դա երևում է նաև նրա վճարած հարկերից։ Դրանք 4 անգամ ավելացել են՝ հասնելով 31.9 մլրդ դրամի։ Ինչպես և սպասվում էր, մեծ մասը շահութահարկն է։
Նույնը նաև մյուս բանկերի պարագայում է։
Դրանք գումարներ են, որոնք գոյանում են քաղաքացիների ու տնտեսության հաշվին՝ վարկերի բարձր տոկոսներից ու առաջարկվող ծառայությունների բարձր գներից։ Բարձր շահույթների շնորհիվ է, որ բանկերը խոշորների ցանկում առաջատար դիրքեր են զբաղեցնում՝ դուրս մղելով արտադրողներին։ Խոսքն այն հարկատուների մասին է, որոնք պիտի հավելյալ արդյունք ստեղծեին, նպաստեին տնտեսության զարգացումներին, հասարակության եկամուտների ավելացմանը։ Այնինչ՝ նրանց փոխարեն՝ առաջատար են ներմուծողները, առևտրով զբաղվողները, բանկերը։ Նաև խաղային բիզնեսը։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ խաղամոլությունը վերջին տարիներին Հայաստանում ծաղկում է։ Ու երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ծաղկող ու զարգացող պետության մասին, հավանաբար հենց դա նկատի ունի։ Խոշորների առաջին 20-ի մեջ խաղային բիզնեսում գործող 3 ընկերություն կա։ Իսկ տեղական արտադրողը, տնտեսական արդյունք ստեղծողն այս ամենի մեջ գնալով կորում է։
Տեղական արտադրողին խրախուսելու փոխարեն՝ ներմուծումն են խթանում։ Դրա համար էլ ներմուծողները հզորանում են, իսկ տեղական արտադրողները՝ դուրս մնում մրցակցությունից։ Զարմանալի չէ, որ բյուջեն մնացել է վերաարտահանումների, առևտրի, ֆինանսական ոլորտի, խաղային բիզնեսի հույսին։
Ճնշման տակ է նաև մանր ու միջին բիզնեսը։ Խոշորներին թողած՝ ընկել են մանրերի հետևից։ Դա է պատճառը, որ մանր ու միջին բիզնեսի վճարած հարկերն անհամեմատ ավելի մեծ տեմպերով են ավելացել, քան խոշորներինը։
1000 խոշոր հարկատուներն 9 ամիսներին վճարել են 1 տրիլիոն 439 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվանից ավելի է 8.7 տոկոսով։ Այն պարագայում, որ 9 ամսում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 13.9 տոկոսով։
Սա նշանակում է, որ բյուջեի մուտքերի աճի հիմնական ծանրաբեռնվածությունն ընկել է մանր ու միջին բիզնեսի վրա։ Մեծացել է հարկային ճնշումը։ Դա է պատճառը, որ խոշոր հարկատուների ցանկից դուրս գտնվող ընկերությունների վճարած հարկերի աճի տեմպը 3.1 անգամով ավելին է, քան խոշորներինը։
Խոշորների վճարած հարկերն ավելացել են 8.7 տոկոսով, մանր ու միջին բիզնեսինը՝ 27 տոկոսով։
Սա հարկային այն քաղաքականության հետևանք է, որն իշխանություններն իրականացնում են մանր ու միջին բիզնեսի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մանր ու միջին բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներ, չդիմանալով հարկային ճնշմանը, փակվում են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

