Բաժիններ՝

Սիրիայի նախագահը նոյեմբերի սկզբին կայցելի Սպիտակ տուն

Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանին կիրակի օրը հաստատել է, որ նախագահ Ահմեդ աշ-Շարաան նոյեմբերի սկզբին կայցելի Սպիտակ տուն և կքննարկի Սիրիայի վերականգնման հարցերը, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ-ի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բերաքը նախօրեին հայտարարել էր աշ-Շարաայի սպասվող այցի մասին Վաշինգտոն, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել էր, որ այն, հավանաբար, տեղի կունենա նոյեմբերի 10-ի սահմաններում։

«Օրակարգում բազմաթիվ հարցեր են՝ սկսած պատժամիջոցների չեղարկումից մինչև ԱՄՆ-ի և Սիրիայի միջև հարաբերությունների նոր էջի բացումը։ Մենք ցանկանում ենք հաստատել շատ ամուր գործընկերային հարաբերություններ երկու երկրների միջև»,-նշել է աշ-Շայբանին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով, Սիրիայի նախկին որևէ նախագահ երբեք պաշտոնական այցով չի եղել Վաշինգտոնում։ Այս տարվա սեպտեմբերին աշ-Շարաան ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նյու Յորքում։

Բաշար ալ-Ասադից իշխանության զավթումից հետո՝ անցած տարվա դեկտեմբերին, աշ-Շարաան մի շարք արտասահմանյան այցեր է կատարել, քանի որ նրա անցումային կառավարությունը փորձում է վերականգնել Սիրիայի կապերը համաշխարհային տերությունների հետ, որոնք Ասադի իշխանության տարիներին խուսափում էին Դամասկոսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս