Հարգելի՛ քննիչներ, մի՛ թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը. Արա Զոհրաբյանը՝ կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն սուտ մատնությամբ ձերբակալելու մասին

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը նախօրեին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ «մեղադրանքներ» ուղղելով Վեհափառի ընտանիքին, թե նրանք խոչընդոտել են իր ու իր քաղաքական թիմի նախընտրական քարոզարշավը: Հարություն Մկրտչյանը մասնավորապես նշել էր նախկինում նույն համայնքը ղեկավարած Գևորգ Ներսիսյանի ու նրա որդիների մասին:

Այսօր այս հայտարարություններին արձագանքել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հրապարակելով տեսանյութ.

«ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:

Այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներոիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:
Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:

Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:

Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը:

Հարգելի’ քննիչներ, եղբայրաբար հորդորում եմ` մի’ թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի՛ կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի:
Այս ամեն ինչը ժամանակավոր է»:

Տեսանյութեր

Լրահոս