Զրուցակիցները ընդգծել են մարդկության պատմության, պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրված գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ. հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Հանդիպման մեկնարկին նախագահը շնորհավորել է ընտրված տնօրենին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կշարունակի սերտանալ։
«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մեր համագործակցությանը պայմանավորված նաև հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության խնդիրներով։ Վստահեցնում եմ Ձեզ նաև, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել Ձեր նախաձեռնություններին, միտված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է նախագահը։
Խալեդ Ալ-Անանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստան այցելել է երեք անգամ և ջերմ տպավորություններ ունի մեր երկրից, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ կշարունակի ակտիվ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են մարդկության պատմության, պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը համակարծիք են եղել, որ մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն հասարակությունների զարգացման, ժողովուրդների փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման գործում։
Զրույցի ընթացքում շեշտվել է, որ կրթության և մշակույթի միջոցով հնարավոր է ձևավորել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որն էլ իր հերթին հիմք է դառնում խաղաղության մշակույթի կայացման համար։
Հանդիպմանն ընդգծվել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո իրականացվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն համաշխարհային խաղաղության ու մարդկային արժեքների պահպանման տեսանկյունից, և Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

